Ածականի գործածությունը,գործնական աշխատանք,15.12.23

1. Հետևյալ հատուկ և հասարակ գոյականներից կազմի՛ր ածականներ.

Հայաստան                                          Երևան                                           Շվեյցարիա                                       Սանկտ Պետերբուրգ                                    Լոս Անջելես                                        սեր                                            քույր                                             ընկեր                                          ծաղիկ                                          փողոց                                         ուսուցիչ                                         քաղաք

2. Տեքստի սեռական հոլովով գոյականները փոխարինել այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:

 Ցանկապատի երկաթի ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր տան կարոտն էր քաշում: Գյուղի համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի ճանապարհները: Փչում էր գիշերվա զով քամին: Հեռվից լսվում էր հովվի սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառների գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի պատերը:

3. Դու՛րս գրիր ածականները, որոշի՛ր դրանց տեսակը և լրացրու՛ բաց թողնված տառերը:

 Հին ժամանակ ապրում էրն մի ասպետ՝ գեղեցիկ, սլացիկ ու բարի: նրա ձիու ս…բակները չէին տրորում քնքուշ ու նուրբ ծաղիկները,զմրու…տյա մարգագետինները: Մի օր էլ բար…ր լեռների գո…ում նկատեց մի շողշողուն լճակ: Նրա վճի… ու ողորկ հայելու մեջ տեսավ մի չքնա… աղջկա լուսեղեն դեմք: Ոսկյա մազերով աղջիկը նստած էր մարմարյա պատշ…ամբում:          Խիզախ պատանին խթանեց ձին և սուզվեց մթին լճակի խորքը՝ հասնելու հեքիաթային աննման գեղեցկուհուն:

Ածական անուն,ստեղծագործական աշխատանք, 13․12․23

1․Գրել ստեղծագործական պատում ամանորյա թեմայով՝ Ամանորն իմ ընտանիքում, Ես՝ Ամանորին սպասելիս, Ամանորյա թանկ երազանք,Նոր տարվա հրաշք, Տարեմուտի գույներ։ Կարող ես առաջարկել նաև քո թեման։

2․Աշխատիր խոսքդ հարստացնել ածականներով։

Ամանորը գեղարվեստական ստեղծագործություններում,14․12․23

1․Կարդա՛ ամանորյա թեմայով որևէ ստեղծագործություն՝ պատմվածք, նովել, հեքիաթ, բանաստեղծություն, և կարդացած գործի մասին շարադրի՛ր բլոգումդ։                                          2․Ողջունելի կլինի,եթե դասարանում բանավոր ներկայացնես կարդացածդ ստեղծագործությունը։

Ածականի տեսակները,գործնական քերականություն,11․12․23

1․Ընդգծե՛ք ածականները և նշե՛ք տեսակը։

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձում, լըռում ամեն բան,
ՈՒ աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի`
Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս` կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռու ՜ , լազուր կամարում:

2․Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ ածական անվամբ․

1․ճահիճներով պատված 2․մանրէներ ծնող 3․մորը սիրող 4․մարդկանց ատող 5․մաքուր գրած 6․միայնակ կյանք վարող 7․մեգով պատված 8․միշտ փթթած 9․թախծոտ դեմքով 10․միրգ տվող 11․նոր տնկած 12․նվեր տվող 13․նուրբ հնչող 14․շահույթ բերող 15․շեկ վարսերով 16․շատ շնորհներ ունեցող 17․ինչքից զուրկ 18․ոսկուց ձուլված 19․ուշքը կորցրած 20․ջուր տանող


3․Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք որակական 5 ածական․

ա․ մայրենի, բազմաքանակ, կիրակնօրյա, գիշերային, բարձրակարգ, ջղային, խուճուճ, գեղագրական, քարակոփ, թմբլիկ

բ․ ոսկեհյուս, մեծաթիվ, հարմար, հնգամյա, առավոտյան, թթվաշ, բազմաշերտ, նկարչական, սակավակեր, ենթամաշկային

գ․ տտիպ, կավաշեն, անկարգ, մագաղաթյա, հովվական, ցանցառ, երևանյան, հողե, թարմ, սարսափելի

4․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք հարաբերական 5 ածական․

ա․ առաջնակարգ, պղնձակոփ, առևտրային, փոքրաթիվ, սառցեղեն, խառնակ, պարզկա, արտաժամյա, գրավոր, խելացի

բ․ տաղտկալի, պողպատակուռ, փխրուն, հաճախադեպ, կերային, վիրավորական, օտարերկրյա, մտավոր, ոճական, դժգոհ

գ․ թվականական, ահռելի, կավաշեն, ձախափնյա, խաղաղ, թավշե, գունային, ծանծաղ, թթվաշ, անհարթ

5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք գերադրական աստիճանի 3 ածական․

ա․ խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, կպրագույն, միագույն

բ․ մանուշակագույն, արջնագույն, հիմարագույն, դժվարագույն, չարագույն, բոցագույն

գ․ արնագույն, գերագույն, բարձրագույն, պողպատագույն, ծայրագույն, մաշկագույն

դ․ հզորագույն, ածխագույն, յուղագույն, նորագույն, խոշորագույն, նռնագույն

ե․ մերձավորագույն, ցորնագույն, ստորագույն, կարևորագույն, ելակագույն, մշուշագույն

զ․ ամպագույն, ավշագույն, քաղցրագույն փոքրագույն, կավագույն, կրտսերագույն

է․ ամենազգաց, ամենակոշտ, ամենասուր, ամենակործան, ամենիմաց, ամենաքիչ

ը․ ամենանուրբ, ամենափրկիչ, ամենատենչ, ամենաստեղծ, ամենաճկուն, ամենանվաստ

թ․ ամենանվաճ, ամենաթթու, ամենասփյուռ, ամենասեր, ամենաթեժ, ամենափափուկ

ժ․ ամենաթույլ, ամենանվեր, ամենակոշտ, ամենանկատ, ամենապաղ, ամենաշնորհ

Լրացուցիչ կրթության համար/ տանը/

Հոլովել գեղեցիկ, մեծ, խելոք, բարի, պարծենկոտ ածականները և նրանց հոլովված ձևերից յուրաքանչյուր երեք ձևով կազմել նախադասություններ․կարող եք գործածել նաև հոգնակի թվով։

Պաոլո Կոելյո, «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին»,12․12․23

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

1․Կարդա պատմվածքը և ինքնուրույն կազմիր հարցեր ու առաջադրանքներ՝ 5 կետից բաղկացած։

2․Փորձիր պատասխանել կազմածդ հարցերից 3-ին։

Ուղղախոսական շեղումները ժամանակակից մամուլում և հեռուստատեսության մեջ․նախագիծ

Ժամանակահատվածը՝ հունվար

Մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ

Նպատակը

1․Վեր հանել  բանավոր և գրավոր խոսքում հանդիպող ուղղախոսական ոչ կանոնավոր, սխալ ձևերը՝ դրանք փոխարինելով ճիշտ ու ընդունելի ձևերով։

2․Ուշադրություն դարձնել սեփական խոսքում (սովորողների) տեղ գտած սխալներին և ոչ հայեցի արտահայտություններին՝ զերծ մնալով դրանցից։

3․Ունենալ գրագետ և ճիշտ բանավոր  ու գրավոր խոսք։

4․Պահպանել մայրենի լեզվի անաղարտությունն ու բնականոն  զարգացումը։

Խնդիրները

1․Ուսումնասիրել ժամանակակից մամուլի և հեռուստատեսության լեզուն։

2․ Գտնել հնչյունական, արտասանական սխալները՝ ցույց տալով դրանց ճիշտ ձևերը։

3․ Գտնել բառագործածության (հիմնականում  հարանուն բառերի մեջ հանդիպող) սխալները։

4․ Հասկանալ քերականական սխալ ձևերը ( թվական+ գոյական կաղապարում, գոյականի որոշյալ և անորոշ առման գործածության մեջ, ածական խոսքի մասի կիրառության, դերանուն+ ստացական հոդ գործածության մեջ, բայի քերականական ձևերում, խոնարհման համակարգում )։

5․Գտնել շարահյուսական կապակցություններում (շաղկապների անհամապատասխան կիրառություններ, համաձայնություն, առդրություն, շարադասություն,մտքի տրամաբանական շղթա) հանդիպող ոչ կանոնավոր կիրառությունները, սխալ ձևերը։

6․Ճանաչել և վեր հանել հասարակաբանության և ժարգոնայնության տարրերը՝ ընդգծելով դրանց խիստ բացասական ացդեցությունը գրական հայերենի վրա։

7․ Վեր հանել ոչ ճիշտ շարահյուսական կառույցները՝ պայմանավորված սխալ, հաճախ բառացի թարգմանություններով։

8․Զերծ մնալ բարբառային, խոսակցական անհարկի բառերի և արտահայտությունների գործածությունից։

9․Խուսափել հնչերանգի ու շեշտի հետ կապված ոչ հայեցի խոսքից ՝ կապված օտար լեզուների,բարբառների, ժարգոնների  ազդեցության հետ։

Ընթացքի նկարագրությունը

Սովորողները ուսումնասիրում են ամենատարածված սխալները ( նրանց կտրամադրվի տեսական և գործնական ուսումնական նյութ, առաջին մի քանի հանդիպումներում մանրամասնորեն կքննարկվեն դրանք), այնուհետև կսկսեն ուսումնասիրել ( կարդալ, լսել, դիտել) նախընտրած ամսագրերի նյութերը, հոդվածները, հեռուստատեսային հաղորդումները, ֆիլմերը՝ ուշադրություն դարձնելով հանդիպած սխալներին։ Կենդանի շփման միջավայրում՝ դասընկերների, մտերիմների, ընտանիքի անդամների հետ ամենօրյա բանավոր հաղորդակցման մեջ, իրենց ուսումնական միջավայրում կլինեն ավելի ուշադիր, ուսումնասիրողի դերում՝ համապատասխան սխալները գտնելու և դրանցից խուսափելու համար՝ գործածելով ճիշտ տարբերակը։

Ընթացիկ առաջադրանքներ

1․ Կարդալ Ա․Մարգարյանի Ժամանակակից հայոց լեզու գրքից Ուղղախոսական շեղումները և դրանց աղբյուրները թեման / էջ 239-242/, պատրաստվել բանավոր քննարկման։

2․ Կարդալ նույն գրքից Ուղղախոսության նշանակությունը, արդի վիճակը և զարգացման հեռանկարները թեման /էջ 244-246/ , պատրաստվել բանավոր քննարկման։

3․Կարդացեք հայ ժողովրդական հեքիաթներից որևէ մեկը և փորձեք վեր հանել հանդիպած ուղղախոսական սխալները, բարբառային բառերն ու ձևերը՝ գործածելով գրական հայերենի ճիշտ տարբերակները։ Հարկ եղած դեպքում օգտվել գրքի վերջում տեղ գտած բացատրական բառարանից։

4․Հարցազրույց վերցրու ընկերոջիցդ, ընտանիքիդ անդամից՝ ուշադրություն դարձնելով խոսքում հանդիպած սխալներին։ Պատրաստիր հաղորդում դրա վերաբերյալ։

Արդյունքները

Վերլուծական պատումների հրապարակում, հեռուստահաղորդումների, ռադիոնյութերի պատրաստում, բառարանների կազմում, կլոր սեղան-քննարկում, վիճակագրական տվյալների ուսումնասիրություն (ո՞ր ամսագրում, ո՞ր հեռուստաալիքում, ո՞ր ֆիլմում, շփման ո՞ր միջավայրում էին ամենաշատ սխալները), ենթակայքում, կայքում հրապարակում։ Լավագույն աշխատանքները կարող են ծառայել նաև որպես ուսումնական նյութեր։

1․Մանե Սարգսյան- 7․2

2․Նարինե Նիկողոսյան-7․1

3.Գեղամ Առաքելյան — 7.2

4.Հարություն Ավագյան — 7.2

5. Մանե Օհանջանյան — 7.3

6. Մարիա Վաթյան — 7.1

7․ Աննա Ոսկանյան — 7․3

                

Ածական անուն,տեսակները,08․12․23

1․Ի՞նչ է ցույց տալիս ածականը։

2․Ինչպիսի՞ հարցերի է այն պատասխանում։

3․Որակական և հարաբերական ածականներ,դրանց տարբերակիչ հատկանիշները։

4․Ածականի ձևաբանական արժեքը։

5․»Ածական» բառի բառակազմական արժեքը ,դրանից բխող նրա գործածությունը։

Առաջադրանքներ 162,164-րդ 7-րդ դասարանի քերականության գրքից։

Ստուգիչ թեստ գոյականից,06.12-08.12

11. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:

 1) հավատարմագրեր, ծաղկատոներ, կիզակետեր, գետեզրեր

 2) տոհմածառեր, հենասյուներ, թոռնատերեր, քղանցքներ

 3) աստղագետներ, ոտնաձայններ, որմնասյուներ, արծվաբներ

 4) նյութամոլներ, մարզադաշտեր, սպունգներ, լուսամուտներ

12. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ չկա:

 1) բամբիռներ, վերնագրեր, հողաթմբեր, ծոռեր

 2) նռներ, հորաքույրեր, փոստարկղեր, գառներ

 3) սրճեփեր, կայսրեր, սանրեր, սողուններ

 4) մատենագիրներ, աստղեր, ասուլիսեր, քանքարներ

13. Ո՞ր շարքում ուղղական հոլովով դրված բառ չկա

1) թղթի, քրոջ, այծենի, նախահոր

2) ընկերոջ, ամսվա, բակի, թիֆլիսեցի

 3) տիրոջ, ծխնի, մորեղբոր, ամառվա

 4) իրար, օրվա, տիկնոջ, թառմայի

14. Ո՞ր շարքի բոլոր բառերն են բացառական հոլովով:

 1) մերոնց, Դվինից, Ավանից, Վանից

 2) վաղուց, անկողնուց, ծերունուց, լուցկուց

 3) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց

 4) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց

15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով:

 1) օղուց, պատանուց, ոսկուց, նեղուց

 2) մարդուց, գինուց, ամուսնուց, այգուց

 3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից

 4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից

16. Ո՞ր շարքի բոլոր բառերի գործիական հոլովը կարող է կազմվել բ-ով:

 1) արյուն, կատաղություն, մաս, երդում

 2) անկյուն, համադրում, սյուն, զորություն

 3) անուն, պատմություն, մեջբերում, կատարում

 4) այրել, խափանում, խիզախություն, իրավունք

17. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում միայն ի հոլովման:

 1) լույս, կաղնի, մանուկ, տարի

 2) գալուստ, մրրիկ, եզ, քաղաք

 3) գնչու, ավերում, շաբաթ, ծագում

 4) փոթորիկ, առու, վայրկյան, սարդ

18. Ո՞ր շարքում ի հոլովման ենթարկվող բառ չկա:

 1) հայելի, ուռենի, արփի, ընկուզենի

 2) դիմում, հանդիպում, կառուցում, ձուլում

 3) ժամանել, երկրպագել, ուտել, շանթարգել

 4) գետաձի, տիկին, քաղաքադուռ, ամառ

19. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:

 1) այգի, արարել, որդի, կաղին

 2) ոզնի, պատանի, հոգեորդի, ամուսին

 3) անկողին, ձի, կիրակի, մարդ

 4) օղի, բանալի, Աստված, տատ

20. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:

 1) գինի, գարի, հայելի, սպասել

 2) մորթի, բարդի, ոզնի, պապ

 3) կաղնի, ամուսին, ընկուզենի, անկողին

 4) որդի, ձի, ծերունի, քաղաքացի

21. Ո՞ր նախադասության մեջ ու հոլովման ենթարկվող գոյական չկա:

1) Ամուսինն անցյալ տարի էր մեռել` ոչ մի ժառանգություն չթողնելով:

 2) Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը:

 3) Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով:

 4) Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը:

22. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ան հոլովման:

 1) ձմեռ, ձգտում, որմնասյուն, սղոցաձուկ

 2) բեռ, թոռ, հանգիստ, նուռ

 3) ծունկ, ամառ, մանուկ, շարժում

 4) լեռ, անկյուն, գարուն, փրկություն

23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման:

 1) հարսնաքույր, տեր, սկեսրայր, կին

 2) հողատեր, սկեսուր, իրիցկին, գործատեր

 3) տիկին, ընկեր, բուժքույր, քեռակին

 4) աներ, հանքատեր, տալ, հորաքույր

24. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:

1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ

 2) րոպե, տարի, առավոտ, վաղը

 3) օր, մահ, երեկ, կեսգիշեր

 4) ժամանակ, ցերեկ, դար, երբ

25. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման:

1) ամիս, վայրկյան, վաղուց, կեսգիշեր

 2) շաբաթ, կեսօր, միջնադար, առաջ

 3) հունիս, տարի, առավոտ, ճաշ

 4) երբ, ամառ, այսօր, ժամանակ

26. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

 1) եռանկյուն, կորյուն, հեռագրատուն, շուն

 2) դրություն, անկյուն, անձնանուն, ընկերություն

 3) գարուն, տուն, բազմանկյուն, ջրշուն

 4) շարասյուն, գալուստ, դուռ, Հարություն

27. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

 1) գրություն, ձյուն, ավյուն, մականուն

 2) սյուն, շարժում, տուն, ուրախություն

 3) գարուն, խաբեություն, հայրանուն, շարասյուն

 4) արյուն, անկյուն, անուն, քավություն

28. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են ենթարկվում ա ներքին հոլովման:

 1) հենասյուն, խաղատուն, եռանկյուն, մտերմություն

 2) շուն, դերանուն, անկյուն, ձյուն

 3) թողություն, սրություն, հիմնասյուն, կարկաչյուն

 4) մականուն, կեցություն, թոնրատուն, արյուն

Հանս Քրիստիան Անդերսեն,«Եղևնին»,05․12․23

Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Մեր եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ֊ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։ Ամանները լիքը լցնելով, կամ թե պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք եղևնու տակ նստում էին հանգստանալու և միշտ ասում.
— Էս ի՜նչ սիրուն եղևնի է։ Որքա՜ն փոքրիկ է։
Բայց ծառը այսպիսի խոսքեր լսել անգամ չէր ուզում։

Անցավ մի տարի, և եղևնու վրա աճեց ճյուղերի մի նոր շրջան։ Անցավ էլի մի տարի, ճյուղերի մի շրջան էլ ավելացավ։ Այսպես ճյուղերի շրջաններով կարելի էր որոշել, թե եղևնին քանի տարեկան է։

— Ա՜հ, եթե ես այնքան մեծ լինեի, որքան մյուս ծառերը,- հառաչում էր եղևնին,- այն ժամանակ ես էլ լայն կփռեի իմ ճյուղերը, իսկ գագաթս հեռո՜ւ֊հեռուները կդիտեր։ Թռչունները բույներ կհյուսեին իմ ճյուղերի մեջ, իսկ քամին փչելիս ես էլ այնպես հպարտ֊հպարտ գլխով կանեի, ինչպես մյուսները։

Եվ ո՛չ արեգակը, ո՛չ թռչունների երգը, ո՛չ վարդագույն ամպերը, որոնք առավոտյան ու երեկոյան լող էին տալիս նրա գլխավերևով՝ ոչ մի բավականություն չէին պատճառում նրան։

Եկավ ձմեռը, շուրջն ամեն ինչ ծածկվեց կուրացուցիչ սպիտակ ձյան գորգով, մեկ էլ հանկարծ՝ ձյան վրա վազվզում էր նապաստակը, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ ցատկում եղևնու վրայով. այ թե վիրավորական բան էր, հա՜։ Էլի երկու ձմեռ անցավ, և երրորդին ծառն արդեն այնքան էր մեծացել, որ նապաստակն ստիպված էր լինում նրա կողքովն անցնել։

«Այո՛, աճել ու աճել և շուտով դառնալ մեծ ու ծերունի ծառ։ Դրանից լավ ի՞նչ կարող է լինել»,- մտածում էր եղևնին։

Աշնանն անտառում փայտահատներ էին երևում և կտրում էին ամենամեծ ծառերը։ Դա ամեն տարի էր լինում։ Այժմ արդեն եղևնին մեծացել էր և, երբ հսկա ծառերն աղմուկով ու ճռճռոցով գետնին էին թափվում՝ նա վախից դողում էր։ Այդ ծառերի ճյուղերը կտրատում էին, և այդ ժամանակ նրանց բները այնպես մերկ, բարակ ու երկար էին թվում, որ դժվար էր ճանաչել։ Հետո գերանները դարսում էին բեռնասահնակների վրա և անտառից տանում։

Ո՞ւր, ինչի՞ համար։

Գարնանը, երբ ծիծեռնակներն ու արագիլները թռան֊եկան, եղևնին նրանց հարցրեց.

— Դուք չե՞ք իմանում, թե ո ւր տարան այստեղից ծառերը։ Ձեզ չե՞ն հանդիպել։

Ծիծեռնակները ոչինչ չգիտեին, բայց արագիլներից մեկը մտածեց, գլխով արեց ու պատասխանեց.

— Այո՛, կարծում եմ, որ ես գիտեմ։ Եգիպտոսից գալիս ծովի վրա ես շատ նոր֊նոր նավեր տեսա, որոնք հիանալի բարձր կայմեր ունեին։ Երևի, դրանք հենց այդ ծառերն էին։ Կայմերից եղևնու և սոճու բուրմունք էր գալիս։ Ես ձեզ ողջույն եմ բերել այդ պատկառելի կայմերից։

— Ա՜հ, ինչ կլիներ՝ ես էլ շուտ մեծանայի ու ծովում ճամփորդել սկսեի։ Իսկ ի՞նչ բան է այդ ծովը։ Ինչի՞ է նման։

— Է՜, դա արդեն երկար պատմելու բան է,- փնթփնթաց արագիլն ու թռավ գնաց։

— Դու քո ջահելությամբ ուրախացիր,- ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։- Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։

Եվ քամին համբուրում էր ծառին, իսկ ցողն արցունքներ էր թափում նրա վրա, բայց եղևնին դա չէր գնահատում։

Ծննդյան տոներից առաջ մի քանի բոլորովին ջահել եղևնի կտրեցին։ Դրանցից մի քանիսը նույնիսկ փոքր էին մեր եղևնուց, որն այնքա՜ն անհամբերությամբ ուզում էր մեծանալ։ Բոլոր կտրված ծառերը շատ սիրուն էին։ Դրանց ճյուղերը չկտրեցին, այլ ուղղակի դրին բեռնասահնակի վրա ու տարան։

— Այդ ո՞ւր,- հարցրեց եղևնին։- Նրանք ինձանից մեծ չեն, մեկը նույնիսկ ինձանից էլ փոքր է։ Եվ ինչո՞ւ բոլոր ճյուղերն իրենց վրա թողին։ Ո՞ւր տարան։

— Մենք գիտե՛նք, մենք գիտե՛նք,- ծվծվացին ճնճղուկները։- Մենք եղանք քաղաքում և լուսամուտներից ներս նայեցինք։ Մենք գիտենք, թե ուր են տարել։ Նրանք փառքի մեջ կընկնեն, նրանց այնպիսի պատիվ կտան, որ անհնար է պատմել։ Մենք լուսամուտներից ներս ենք նայել և ամեն ինչ տեսել։ Նրանց դրել էին սենյակի մեջտեղը և զարդարել ամենահրաշալի բաներով՝ ոսկեզօծած խնձորներով, մեղրահացերով, խաղալիքներով և հարյուրավոր մոմերով։

— Իսկ հետո՞,- հարցրեց եղևնին՝ իր բոլոր ճյուղերով դողալով։- Իսկ հետո՞… Հետո ի՞նչ արին նրանց։

— Այդ մենք չգիտենք։ Բայց այն, ինչ տեսել ենք՝ մի սքանչելի բան էր։

— Գուցե թե՝ ես էլ այդ փայլուն ճանապարհն ընկնեմ,- ուրախանում էր եղևնին։- Դա ավելի լավ է, քան ծովում լող տալը։ Ա՜հ, ես ուղղակի հալվում եմ թախծից ու անհամբերությունից։ Գոնե Ծննդյան տոնը շուտ գար։ Հիմա ե՛ս էլ եմ բարձրահասակ ու ճյուղառատ, ինչպես այն եղևնիները, որոնց անցյալ տարի կտրեցին։ Ա՜հ, եթե ես արդեն բեռնասահնակի վրա պառկած լինեի։ Ա՜հ, եթե ես արդեն տաք սենյակում կանգնած լինեի և զարդարված այդ բոլոր չքնաղ բաներով։ Իսկ հետո՞… Հետո, երևի, է՛լ ավելի լավ կլինի, թե չէ ինչո՞ւ պիտի զուգեն ինձ։ Բայց, այնուհանդերձ, ի՞նչ կլինի։ Ա՜հ, ինչպե՜ս եմ տխրում Ես, ձգտում այնտեղ… Չեմ դիմանում։ Ինքս էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։

— Ուրախացի՛ր մեզանով,- ասացին նրան օդն ու արեգակի լույսը։- Ուրախացի՛ր քո ջահելությամբ և անտառի լայնարձակությամբ։

Բայց եղևնին չէր էլ մտածում ուրախանալ, այլ շարունակ աճում էր ու աճում։ Ամառ թե ձմեռ, նա կանգնած էր իր մուգ կանաչ հագուստով և, ով էլ տեսնում էր նրան, ասում էր. «Ի՜նչ հիանալի մատղաշ ծառ է»։

Վերջապես, Ծննդյան տոնը եկավ, և առաջինը մեր եղևնին կտրեցին։ Կացինը խորը խրվեց նրա մարմնի մեջ, և եղևնին տնքոցով ընկավ գետնին։ Նա ցավ զգաց, թուլացավ ու այլևս չէր կարողանում մտածել իր ապագա երջանկության մասին։ Տխուր էր նրա համար բաժանվելը հարազատ անտառից, այն անկյունից, որտեղ աճել, մեծացել էր. նա գիտեր, որ այլևս երբեք չի տեսնելու իր սիրելի բարեկամներին՝ եղևնիներին ու սոճիներին, թփերին ու ծաղիկներին, գուցե թե՝ նաև թռչնակներին։ Ի՜նչ տխուր ճամփորդություն էր դա։

Եղևնին ուշքի եկավ այն ժամանակ, երբ ուրիշ ծառերի հետ ընկել էր ինչ֊որ բակ. լսվում էր մի տղամարդու ձայն.

— Հիանալի՜ տոնածառ է։ ճիշտ և ճիշտ այսպիսի՛ն էինք ուզում մենք։

Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։ Եղևնին խրեցին ավազով լի մի մեծ տակառի մեջ, որը փաթաթել էին կանաչ կտորով ու դրել նախշուն գորգի վրա։ Ինչպե՜ս էր դողդողում եղևնին։ Հիմա ի՞նչ է լինելու։

Ահա՛ եկան ծառաներն ու ջահել աղջիկները և սկսեցին ծառը զարդարել։ Նրա ճյուղերին կախեցին գունավոր թղթից կտրտված մանրիկ ցանցեր՝ քաղցրեղենով լի, իսկ ոսկեզօծած խնձորներն ու ընկույզները, ասես, հենց ճյուղերի վրա էին բուսնել։ Կանաչ փշատերևների տակ տիկնիկներ էին ճոճվում, որոնք, կարծես, իսկ և իսկ կենդանի մարդուկներ լինեին։ Եղևնին դեռ երբեք այդպիսի բաներ չէր տեսել։ Վերջապես ճյուղերին ամրացրին հարյուրավոր մանր մոմեր՝ կարմիր, կապույտ, սպիտակ, իսկ ծառի գագաթին տնկեցին նուրբ թերթոսկուց շինված մի մեծ աստղ։ Մարդու աչքերը պարզապես շաղվում էին այդ շքեղությանը նայելիս։

— Ինչպե՜ս կշողշողա, կփայլփլի տոնածառն այսօր երեկոյան, երբ մոմերը վառեն,- ասում էին բոլորը։

«Ա՜հ,- մտածում էր եղևնին,- գոնե մի շո՛ւտ գար երեկոն, և մոմերը վառեին։ Բայց հետո ի՞նչ է լինելու։ Գուցե թե անտառի մյուս ծառե՞րն էլ կգան այստեղ, որ ինձ նայեն ու հիանան։ Գուցե ճնճղուկնե՞րը կթռչեն կգան լուսամուտների մոտ։ Կամ, գուցե ես կարմատակալեմ այս տակառի մեջ և ամառ֊ձմեռ այսպես գուգված֊գարդարված կմնամ այստեղ»։

Չէ՛ մի չէ՛, ախորժակիդ քացախ… Լարված սպասումից նույնիսկ նրա կեղևն սկսեց ցավել, իսկ այդ ցավը ծառի համար նույնքան անտանելի է, որքան գլխացավը մեզ համար։

Բայց ահա և մոմերը վառեցին։ Ի՜նչ փայլ, ի՜նչ շքեղություն։ Եղևնու բոլոր ճյուղերը դողդողացին, և այդ ժամանակ մոմերից մեկը վառեց փշատերևները և, ճյուղն այրելով՝ խիստ ցավ պատճառեց ծառին։

— Ա՜յ, ա՜յ,- գոռացին օրիորդները և շտապ կրակը հանգցրին։

Այժմ եղևնին չէր համարձակվում դողալ։ Ինչպե՜ս վախեցավ նա։ Մանավանդ՝ այն պատճառով, որ վախենում էր զրկվել թեկուզ ամենափոքրիկ զարդից։ Այդ ամբողջ փայլը նրան ուղղակի շշմեցրել էր։ Բայց, ահա, դուռը լայն բացվեց, և երեխաների մի ամբողջ բազմություն սենյակը լցվեց. կարելի էր կարծել, թե նրանք ուզում են եղևնին տապալել։ Նրանց հետևից ծանրաբարո քայլվածքով ներս մտան մեծահասակները։ Մանուկները մեխվածի պես կանգ առան, բայց միայն մի րոպե, իսկ հետո այնպիսի աղմուկ֊աղաղակ բարձրացրին, որ մարդու ականջներն էին զնգում։ Երեխաները պարում էին տոնածառի շուրջը և ամեն րոպե ծառից պոկում մերթ մի զարդարանքը, մերթ՝ մյուսը։

«Այս ի՞նչ են անում,- վախեցած մտածում էր եղևնին։- Սա ի՞նչ է նշանակում»։

Մոմերն այրվելով հասան ճյուղերին, նրանց իրար հետևից հանգցրին, իսկ երեխաներին թույլատրեցին ծառը պլոկել։ Եթե գագաթի ոսկե աստղը ամուր կապված չլիներ առաստաղին՝ երեխաները ծառը կտապալեին։

Հետո նրանք նորից սկսեցին պարել՝ ձեռքից բաց չթողնելով իրենց սքանչելի խաղալիքները։ Այլևս ոչ ոք եղևնուն չէր նայում, բացի պառավ դայակից, նա էլ միայն նայում էր, որ տեսնի՝ ճյուղերին խնձոր կամ խուրմա չի՞ մնացել։

— Հեքիա՜թ, հեքիա՜թ,- գոռացին երեխաները և քաշքշելով եղևնու մոտ բերին մի կարճահասակ, հաստլիկ մարդու։

Սա ծառի տակ նստեց ու ասաց.

— Ահա՛ և մենք անտառումն ենք։ Թող եղևնին էլ լսի, դա նրան օգուտ կտա։ Բայց ես միայն մի հեքիաթ կպատմեմ։ Ո՞րն եք ուզում, Իվեդե֊Ավեդեի՞ հեքիաթը, թե՞ Կլումպե֊Դումպեի, որը թեպետև սանդուղքից ցած գլորվեց, բայց և այնպես՝ մեծ հռչակի հասավ ու ձեռք բերեց արքայադստերը։

— Իվեդե֊Ավեդեի՜նը,- գոռացին ոմանք։

— Կլումպե֊Դումպեի՜նը,- գոռացին մյուսները։

Աղմուկ֊աղաղակ բարձրացավ։ Միայն եղևնին էր, որ լուռ կանգնած մտածում էր. «Ինձ մոռացե՞լ են, թե՞ այլևս ոչ ոք ինձ հետ գործ չունի»։

Եվ հենց այդպես էլ կար. նրա դերը վերջացել էր, և ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում։

Հաստլիկ մարդը պատմեց հեքիաթը Կլումպե֊Դումպեի մասին, որը, թեև սանդուղքից ցած է գլորվել, բայց և այնպես հռչակի է հասել ու ձեռք է բերել արքայադստերը։

Երեխաները ծափահարեցին ու գոռացին.

— Էլի՜, էլի՜։

Նրանք ուզում էին Իվեդե֊Ավեդեի հեքիաթն էլ լսել, բայց ստիպված եղան գոհանալ միայն Կլումպե֊Դումպեով։

Եղևնին կանգնած էր լուռ ու մտախոհ։ Անտառի թռչնակները երբեք այսպիսի բան չէին պատմել։ «Կլումպե֊Դումպեն սանդուղքից ցած է գլորվել, բայց և այնպես՝ արքայադուստրը նրա՛ն է բաժին ընկել։ Ա՜յ թե ինչեր են լինում աշխարհում,- մտածում էր եղևնին։ Նա հավատացել էր այն ամենին, ինչ հենց նոր լսեց. չէ՞ որ պատմողը մի այնպիսի՜ պատկառելի մարդ էր։- Այո՛, այո՛, ո՞վ է իմանում։ Գուցե թե ես էլ ցած ընկնեմ սանդուղքից, իսկ հետո արքայադուստր դառնամ,- և նա ուրախ մտածում էր վաղվա օրվա մասին։ Իրեն նորից կզարդարեն մոմերով, խաղալիքներով ու մրգերով։- Վաղն արդեն ես չեմ դողդողա,- մտածում էր նա։- Ես ուզում եմ, ինչպես հարկն է, ի՛նքս տեսնեմ իմ գեղեցկությունը և հիանամ։ Եվ վաղը ես նորից կլսեմ Կլումպե֊Դումպեի հեքիաթը, գուցե թե՝ Իվեդե֊Ավեդեի հեքիաթը նույնպես»։- Եվ ծառն ամբողջ գիշերը կանգնեց՝ երազելով վաղվա օրվա մասին։

Առավոտյան եկան ծառաներն ու սպասուհին։ «Հիմա կսկսեն նորից զարդարել ինձ»,— մտածում էր եղևնին։ Բայց նրան սենյակից դուրս տարան, սանդուղքով վերև քաշեցին և խցկեցին ձեղնահարկի ամենամութ անկյունը, ուր նույնիսկ ցերեկվա լույսը չէր թափանցում։

«Այս ի՞նչ է նշանակում,- մտածում էր եղևնին։- Ի՞նչ եմ անելու ես այստեղ։ Ի՞նչ կարող եմ տեսնել ու լսել այստեղ»։- Եվ նա, պատին հենված, մտածում էր ու մտածում… Մտածելու համար ժամանակ շատ ուներ։ Օրերն անցնում էին իրար հետևից, բայց ոչ ոք նրան չէր մոտենում։ Միայն մի անգամ մարդիկ եկան և մի արկղ բերին։ Ծառը կանգնած էր իր տեղում և, կարծես, նրան բոլորովին մոռացել էին։

«Դուրսը ձմեռ է,- մտածում էր եղևնին։- Գետինն ամրացել է և ձյունով ծածկվել, նշանակում է՝ չի կարելի ինձ նորից տնկել հողի մեջ, ահա այդ պատճառով էլ ստիպված եմ մինչև գարուն մնալ տանիքի տակ։ Ի՜նչ խելոք բան են մտածել։ Որքա՜ն բարի են մարդիկ։ Ա՜հ, եթե միայն այստեղ այսքան մութ չլիներ ու այսպես անտանելի ամայի… Նույնիսկ մի նապաստակ էլ չկա… Իսկ անտառում որքա՜ն ուրախ էր։ Շուրջդ՝ ձյուն, իսկ ձյան վրա նապաստակներն էին վազվզում։ Որքա՜ն լավ էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք իմ վրայով էին ցատկում, թեև դա ինձ բարկացնում էր։ Իսկ այստեղ ի՜նչ մենակություն է»։

— Ծը՛վ֊ծը՛վ֊ծը՛վ,- հանկարծ ճստաց մի մկնիկ և դուրս պրծավ բնից, իր հետևից էլ՝ մի ուրիշ պստլիկը, նրանք սկսեցին ծառը հոտոտել ու նրա ճյուղերի արանքով վազվզել։

— Ա՜յ թե ցուրտ է այստեղ,- ծվծվում էին մկնիկները։- Թե որ մի քիչ տաք լիներ՝ ի՜նչ լավ կլիներ։ Ճիշտ չե՞մ ասում, պառավ եղևնի։

— Ես ամենևին էլ պառավ չեմ,- պատասխանեց եղևնին։- Ինձանից հասակով շատ ծառեր կան։

— Դու որտեղի՞ց ես եկել և ի՞նչ բան գիտես,- հարցրին մկնիկները, որոնք շատ հետաքրքրասեր բնավորություն ունեին։- Պատմի՛ր մեզ՝ աշխարհում ո՞րն է ամենալավ տեղը։ Դու եղե՞լ ես այնտեղ։ Երբևիցե դու եղե՞լ ես մառանում, որտեղ դարակներին պանրի գլուխներ են դարսված, իսկ առաստաղից ապուխտներ են կախված, և որտեղ կարելի է պարել ճարպի մոմերի վրա։ Նիհարած մտնես այնտեղ՝ դուրս կգաս չաղացած։

— Չէ, ես այդպիսի տեղ չգիտեմ,- պատասխանեց եղևնին։- Բայց գիտեմ մի անտառ, որտեղ արև է, և թռչուններ են երգում։- Եվ նա պատմեց իր պատանեկության մասին։ Մկնիկները երբեք այդպիսի բան չէին լսել և շատ էին զարմանում։

— Ինչքա՜ն շատ բան ես տեսել,- ծվծվացին նրանք։- Ի՜նչ երջանիկ ես եղել։

— Երջանի՞կ,- կրկնեց եղևնին և հիշեց այն ժամանակը, որի մասին հենց նոր խոսում էր։- Այո, թերևս, այն ժամանակ ես վատ չէի ապրում։

Հետո նա պատմեց այն օրվա մասին, երբ իրեն զարդարել էին մոմերով ու քաղցրավենիքով։

— Օ՜,- ծվծվացին մկնիկները։- Ի՜նչ երջանիկ ես եղել, պառա՛վ եղևնի։

— Ես ամենևին էլ պառավ չեմ,- առարկեց եղևնին։- Ինձ հենց այս ձմեռ են բերել անտառից։ Իմ լավ ժամանակն է։ Դեռ նոր եմ միայն մեծացել։

— Ի՜նչ լավ ես պատմում,- գոչեցին մկնիկները և մյուս գիշեր իրենց հետ բերին էլի չորս մկնիկ, որ նրանք էլ լսեն եղևնու պատմությունները։ Իսկ եղևնին ինքը, որքան ավելի էր պատմում, այնքան ավելի պարզ էր պատկերացնում իր անցյալը, և նրան թվում էր, թե շատ լավ օրեր է անցկացրել։

— Բայց այդ օրերը կվերադառնան։ Կվերադառնա՛ն։ Ա՛յ, Կլումպե֊Դումպեն էլ սանդուղքից գլորվեց, բայց և այնպես արքայադուստրը նրան բաժին ընկավ։ Գուցե թե ես էլ արքայադուստր դառնամ։

Այդ ժամանակ եղևնին հիշեց այն գեղեցիկ կեչին, որ աճել էր իրենից ոչ հեռու, անտառի թավուտում։ Իսկակա՜ն գեղեցկուհի արքայադուստր։

— Ո՞վ է այդ Կլումպե֊Դումպեն,- հարցրին մկնիկները։

Եվ եղևնին նրանց պատմեց այդ հեքիաթը, որը բառ առ բառ հիշում էր։ Մկնիկներն այնքան էին հիացած, որ ցատկում էին համարյա մինչև ծառի գագաթը։ Հաջորդ գիշեր եկան էլի մի քանի մկներ, իսկ կիրակի օրը՝ նույնիսկ երկու առնետ։ Առնետներին հեքիաթն ամենևին էլ դուր չեկավ, և դա վշտացրեց մկներին, բայց այժմ նրանք էլ այնքան չէին հիանում, որքան առաջին անգամ։

— Դուք հենց միայն այդ պատմությո՞ւնը գիտեք,- հարցրին առնետները։

— Միա՛յն,- պատասխանեց եղևնին։- Ես սա լսել եմ իմ կյանքի ամենաերջանիկ երեկոյին։ Ի դեպ, այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ իմ ամենաերջանիկ երեկոն է։

— Վերին աստիճանի ողորմելի պատմություն է։ Իսկ դուք հեքիաթներ չգիտե՞ք ճարպի կամ ճարպամոմերի մասին, կամ թե՝ մառանի մասին։

— Չէ,- պատասխանեց ծառը։

— Դե՛, մնաք բարով,- ասացին առնետները և հեռացան։

Մկներն էլ դեսուդեն փախան։ Եվ եղևնին հառաչեց.

— Ինչքա՜ն հաճելի էր, երբ ժիր մկնիկները շուրջս նստած լսում էին իմ պատմությունները։ Բայց, ահա, դա էլ վերջացավ… Դե՛, հիմա արդեն ես իմ բախտը ձեռքիցս չեմ փախցնի, երբ ինձ այստեղից լույս աշխարհ հանեն՝ ուզածիս չափ կուրախանամ։

Բայց այնքան էլ շուտ չեղավ այդ։

Մի առավոտ մարդիկ եկան ձեղնահարկը կարգի բերելու։ Արկղները դուրս տարան, դրանց հետևից էլ՝ եղևնին։ Սկզբում նրան բավական կոպիտ ձևով նետեցին հատակի վրա, հետո սպասավորը սանդուղքով քարշ տվեց ցած։

«Դե՛, հիմա ինձ համար նոր կյանք է սկսվում»,- մտածեց եղևնին։

Եվ, իրո՛ք, թարմ օդ փչեց, արեգակը շողաց. եղևնին բակումն էր։ Այս ամենն այնքան արագ կատարվեց, շուրջն այնքան նոր բան կար, այնքան հետաքրքիր բան, որ նա նույնիսկ իրեն նայել չկարողացավ։ Բակին կից կար մի այգի, իսկ այգում ամեն ինչ կանաչել էր ու ծաղկել։ Ցանկապատի վրայով կախվել էին բուրումնավետ թարմ վարդեր, լորենիները ծաղկել էին, ծիծեռնակներն այս ու այն կողմ էին թռչում ու ճռվողում.

— Ծիվ֊ծիվի֊վի՛տ, ամուսինս վերադարձե՜լ է։

Բայց դա եղևնուն չէր վերաբերում։

— Հիմա ես էլ ուզածիս պես կապրեմ,- ուրախացավ եղևնին և իր ճյուղերն ուղղեց, բայց ավա՜ղ։ Ինչպե՜ս էին թոշնել ու դեղնել նրա ճյուղերը։

Ծառն ընկած էր բակի մի անկյունում, եղինջի ու մոլախոտերի մեջ։ Ոսկե աստղը դեռ փայլում էր գագաթին։

Բակում ուրախ խաղում էին այն նույն երեխաները, որոնք Ծննդյան տոնին պարում էին տոնածառի շուրջը և այնպե՜ս ուրախանում։ Նրանցից մեկը հանկարծ աստղը տեսավ և ծառից պոկեց։

— Մի տե՛ս, թե ի՛նչ է մնացել էս քոսոտ պառավ եղևնու վրա,- գոչեց նա և ոտքը դրեց ծառի ճյուղերին։ Ճյուղերը ճրթճրթացին։

Եղևնին նայեց այգու ջահել, թարմ ծաղիկներին, հետո էլ՝ իրեն և ափսոսաց, որ չի մնացել ձեղնահարկի մթին անկյունում։ Նա մտաբերեց և՛ իր ջահելությունը, և՛ անտառը, և՛ ճրագալույցի ուրախ տոնը, և՛ մկնիկներին, որոնք հափշտակված լսում էին Կլումպե֊Դումպեի հեքիաթը…

— Ամեն ինչ անցավ, ամեն ինչ անցավ,- մրմնջաց խեղճ եղևնին։- Եվ ինչո՞ւ ես չէի ուրախանում, քանի դեռ ժամանակ կար։ Իսկ հիմա… ամեն ինչ անցավ, ամեն ինչ անցավ…

Ծառան մի կացին բերեց և եղևնին կտոր֊կտոր արեց. մի ամբողջ կապ կպչան ստացվեց։ Ինչպե՜ս թեժ էին վառվում կպչանները մեծ կաթսայի տակ։ Ծառը խորը֊խորը հառաչում էր, և այդ հառաչանքները նման էին ցածրաձայն կրակոցների։ Վազեվազ եկան երեխաները և նստեցին կրակի առաջ։ Նրանք ամեն մի կրակոց դիմավորում էին ուրախ կանչերով. «Պիֆ֊պա՜ֆ»։ Իսկ եղևնին ծանր հառաչելով հիշում էր ամռան պայծառ օրերը, ձմռան աստղազարդ գիշերներն անտառում, Ծննդյան ուրախ տոնը և Կլումպե֊Դումպեի հեքիաթը՝ միակ հեքիաթը, որ բախտ էր ունեցել լսելու, և որը կարողանում էր պատմել… Եվ ահա, վերջապես, վառվեց֊վերջացավ։

Տղաներն էլի խաղում էին բակում, ամենափոքրիկի կրծքին փայլփլում էր այն նույն ոսկե աստղը, որը զարդարում էր եղևնուն՝ իր կյանքի ամենաերջանիկ երեկոյին։ Այդ երեկոն անցավ, սուզվեց հավիտենության գիրկը, տոնածառի վերջը հասավ, հասավ նաև մեր հեքիաթի վերջը։ Վե՜րջ, վե՜րջ։ Աշխարհում ամեն ինչ վերջ է ունենում։

Առաջադրանքներ:
1.Պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր:
2.Քո կարծիքով, որ հատվածն էր
ա) ամենագեղեցիկը
բ) ամենահուզիչը:
3. Բացատրիր միտքը:
Դու քո ջահելությամբ ուրախացիր,- ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։- Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։
Լեզվական աշխատանք:
1. Հատվածում ընդգծիր բարդ բառերը:
Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։
2. Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը: Որմնախորշ, ձեղնահարկ,  ճրագալույց, սպասավոր, ողորմելի: