Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանը ինձ համար նաև աշխատանքային գործունեությանս մեկնարկն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Աշխատանքս Միջին դպրոցի 7-րդ դասարանցիների հետ էր։ Առարկայական ծրագիրը ըստ էության հասցրել ենք կատարել՝ իրականացնելով և՛ կրթահամալիրյան օրացույցով նախատեսված նախագծերը/« Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն», «Սեբաստացու օրեր,կրթահամալիրյան տոն»,«Կոմիտասյան օրեր»․․․/, և՛ այլ նախագծեր՝ «Կարդում ենք Վ․Սարոյան», «Կարդում ենք Վ․ Թոթովենց»,«Կարդում ենք Մ․ Գալշոյան», «Ամանորը՝ ստեղծագործական ներշնչանքի աղբյուր»,«Ամանորյա ընթերցողական նախագիծ», «Սովորում ենք գոյական անուն»,« Սովորում ենք ածական անուն» քերականական նախագծերը։ Առողջական խնդիրների պատճառով ստիպված եմ եղել հոկտեմբեր ամսին մեկ շաբաթ բացակայել՝ ներկայացնելով անաշխատունակության թերթիկ։ Բացակայությանս ընթացում դասաժամերս փոխարինվել են մայրենիի մասնագետներով։ Ամենօրյա մասնակցություն եմ ունեցել առավոտյան ընդհանուր պարապմունքներին /մեկ անգամ կազմել եմ նաև ծրագիրը/,մասնակցել եմ մեդիաուրբաթներին/2 անգամ բացակայել եմ ՝ըստ կարգի տեղեկացնելով դպրոցի ղեկավարին/, ուսումնական ժամերգություններին։ Դասապրոցեսին որպես թվային գործիք կիրառում եմ անհատական նոթբուք։ Կատարվել է ամենօրյա հաշվառում և ամենամսյա գնահատում սովորողների բլոգների պարբերական ստուգումից հետո։ Քերականության ուսուցման ընթացքում կիրառել եմ իմ կազմած առաջադրանքները, օգտվել եմ նաև մենթորիս կազմած աջադրանքներից, շատ եմ գործածել Ս․Մարկոսյանի 7-րդ դասարանի քերականության գիրքը։ Ամեն շաբաթ մասնակցել եմ Գրական ակումբի քննարկումներին, ընթերցել եմ Դպիրի հոդվածներից, անդրադարձել եմ դրանցից մեկին։

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը ինձ համար նաև առաջին քայլն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ իմ աշխատանքը Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողների հետ էր: Այս տարիքային խմբի հետ աշխատելը, անկեղծ ասած, այդքան էլ հեշտ չէր, որովհետև նախորդ տարիների աշխատանքս եղել է ուսանողների հետ, և միանգամից այսպիսի կտրուկ անցումն ու փոփոխությունը գոնե ինձ համար ակնառու էր: Եղել են դժվար պահեր, երբ թուլացել եմ, բայց հաջորդ վայրկյանին կրկին ոգևորվելու ու թևեր առնելու առիթները չեն ուշացել, ու այսպես վայրիվերումներով, հուզումնառատ պահերով, անընդհատ տալով ու վերցնելով անցավ իմ առաջին ուսումնական շրջանը: Ապրելով յուրաքանչյուր սովորողի հետ/ ի՞նչ վերցրեց այդ դասաժամից, ի՞նչն էր մնայուն, ի՞նչն էր անցողիկ, ի՞նչ զգաց սովորողը՝ ինձ հետ այդ 45 րոպեն հաղորդակցվելով, ի՞նչ նոր գիտելիք տվեց այս կամ այն նախագիծը,կսպասի՞ արդյոք հաջորդ հանդիպմանը/՝ ևս մեկ անգամ հասկանում ես, որ մանկավարժությունը սոսկ աշխատանք չէ, որը կարող ես աշխատավայրում ավարտել. այն նվիրում է, որ պահանջում է մեծ ուժ ու կամք: Պետք է չհանձնվես, որքան էլ որ դժվար լինի: Փորձում ես մոտենալ սովորողին, բայց սահմանը միշտ էլ նա է գծում. որքան նա թույլ է տալիս, դու այդքան կարող ես մոտենալ նրան, և ինչքան շատ, այնքան ավելի հեշտ դու նրան կօգնես, կառաջնորդես ուսման մեջ և, ինչու չէ, նաև կյանքում: Իմ կարծիքով, դպրոցն այն վայրն է, որը պետք է տարբերվի մյուս բոլոր միջավայրերից.այստեղ սովորողն իրեն ազատ է զգում, անկաշկանդ, սիրում է լինել այստեղ, բայց միևնույն է, նա պետք է զգա դպրոցի տարբերությունը. դպրոցը սուրբ է. սովորողը պետք է գիտակցի, որ ոչ թե դրսից պետք է բերի դպրոց, այլ դպրոցից պետք է տանի, իսկ դպրոցի միջավայրը ստեղծողները առաջին հերթին մենք ենք՝ դասավանդողներս: Եվ թե ինչ կտանի աշակերտն իր հետ, մեծ հաշվով պայմանավորված է նրանով, թե ինչ կտանք մենք նրան… Այս և նման կարևոր հարցերի գիտակցումով ամեն անգամ դասարան մտնելով՝ ևս մեկ անգամ համոզվում ես, որ պետք է լինես ուժեղ, կարողանաս բավարարել աշակերտի հետաքրքրությունները՝ մաղելով դրանք, կարևորն ու անկարևորը առանձնացնելով նրա գիտակցության մեջ: Մեր նպատակը, առարկայական գիտելիք տալուց զատ, բարեկիրթ անհատ կրթելն է, վաղվա հասարակության համար լիարժեք քաղաքացի ձևավորելը, որը պետք է անել առանց նրա հոգին դեֆորմացնելու, առանց հետքեր և սպիներ թողնելու: Երևի դժվար պատահի, որ դպրոցում լավ մարդ ձևավորված սովորողը՝ անհատը, հետագայում անպիտան դառնա. հակառակը գուցե լինի, բայց դպրոցը ամբողջ կյանքի համար պետք է կրթի,վաղվա կյանքի համար, որ կրում է իր մեջ նոր ժամանակների մարտահրավերները:

Մեկ դիտարկում կցանկանայի անել․ չգիտեմ՝ որքանով նկատառումս իրատեսական կթվա, բայց կուզեի խոսել ժամանակի սղության մասին. ժամանակը միշտ քիչ է: Ինչպես գիտենք, ուսուցումը պահանջում է անհատական մոտեցում, մանավանդ Միջին դպրոցում՝ սովորողների տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, իսկ դասաժամին չես հասցնում յուրաքանչյուր սովորողի անհատական մոտեցում ցույց տալ, միաժամանակ նոր թեմայի մասին խոսել,նրանց հարցերին պատասխանել, ստուգել, քննարկել կատարված հանձնարարությունները. ինչ-որ բան կարծես մնում է կիսատ: Ճիշտ է, նամակագրությամբ ևս շարունակվում էր սովորողների հետ աշխատանքը, բայց դա ևս լիարժեք չէր լինում շատ սովորողների համար: Կարծում եմ փոքր խմբերով աշխատանքը ավելի արդյունավետ կլինի և կկարողանաս հնարավորինս ավելին հասցնել սովորողին,այն սովորողին, որին ավելի դժվար է տրվում գիտելիքը՝ պայմանավորված տարբեր գործոններով․․․

Շարունակելի․․․

Երկրորդ ուսումնական շրջանի նախագիծ, աշխատակարգ

Նախագիծ

Աշխատակարգ

Երկուշաբթի, երեքշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք-ժամը 9։00-9։15

Նախագծային աշխատանք նախագծային խմբերի հետ-9։15-14։00

Իրականացման վայրը՝ Միջին դպրոց, կաբինետ-

Հաշվետվություն

  • ինչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցա այս ուսումնական շրջանում
  • ինչ ճամփորդությունների եմ մասնակցել։ Ճամփորդությունների հաշվետվությունների հղումները կցել այդ հատվածում
  • որն է եղել իմ ընտրությունը։ Ընտրության բաժինը կցել այդ հատվածում
  • ինչ մարզաձև է եղել իմ ընտրածը
  • ինչ նախագծի եմ մասնակցել (պատմել ընթացքի, արդյունքների մասին)
  • կրթահամալիրային օրացույցով որոշված ինչ միջոցառման, ցուցահանդեսի, համերգի, մրցաշարի եմ մասնակցել և ինչպես (մասնակից, հանդիսատես և այլն)
  • ինչ ձախողումներ, դժվարություններ, բարդություններ եմ ունեցել այս տարի, 
  • այլ (իմ ցանկությամբ)

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն, գրականություն

1․Գրականություն առարկայից ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։

2․Նախագծերին ձեր մասնակցությունը․տեղադրել հղումները։

3․Ձեր հաջողած նախագիծը․/տեղադրել հղումը/։

4․Այս ուսումնական շրջանում առարկայի հետ կապված դժվարությունները, բարդությունները։

5․Առաջարկություններ,դիտարկումներ։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփիչ հարցեր,հայոց լեզու

1․Քանի՞ տառ և հնչյուն ունի հայոց այբուբենը։

2․Քանի՞ ձայնավոր և բաղաձայն հնչյուն ունի հայոց այբուբենը։

3․Հայերենում ո՞ր հնչյուններն են ենթարկվում հնչյունափոխության, բեր համապատասխան օրինակներ՝ ցույց տալով կատարված հնչյունափոխությունը։

4․Ի՞նչ է ուսումնասիրում բառագիտությունը։

5․Ի՞նչ են ցույց տալիս հոմանիշ, հականիշ, համանուն բառերը․բեր օրինակներ ։

6․Ո՞ր բառերն են կոչվում պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր․ յուրաքանչյուրից բեր երկուական օրինակ։

7․ Թվարկիր հայերենի խոսքի մասերը։

8․Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ։

9․Թվարկիր գոյականի իմաստային-քերականական խմբերը։

10․Ի՞նչ է ցույց տալիս գոյակաանի թիվը,քանի՞ թիվ ունի գոյականը։

11․Թվարկիր գոյականի հոլովները՝ իրենց վերջավորություններով։

12․Ի՞նչ են ցույց տալիս հատուկ և հասարակ գոյականները, բեր օրինակներ։

13․Ի՞նչ է ցույց տալիս ածականը։

14․ Քանի՞ տեսակի են լինում ածականները,ինչպիսի՞ տարբերակիչ հատկանիշներ ունեն ։ Յուրաքանչյուր տեսակից բեր 5-ական օրինակ։

15․Ո՞ր խոսքի մասի հետ է ամենաշատը գործածվում ածականը։

Գիտելիքի փոխանցում,դեկտեմբեր

Դեկտեմբերյան աշխատանքը տիկին Կարինեի հետ արդյունավետ էր դեկտեմբերյան նախագծերի համակարգման և ամբողջացման առումով։ Համատեղ քննարկել և ընտրել ենք ընթերցանության և քերականական նյութերը։ Քննարկումներ ենք արել փոխադարձ դասալսումների ժամանակ առաջացած մեթոդական հարցերի շուրջ, սովորողների ինքնադրսևորման՝ առաջընթացի , հետընթացի հետ կապված՝ նրանց հետաքրքրությունների շրջանակը ճիշտ գնահատելու և ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։Կազմել ենք 2-րդ ուսումնական շրջանի անհատական աշխատաժամանակը։

Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից, շարունակություն,21․12․23

Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Ս. Ծննդյան տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:
Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել «Դրախտի ներկայացում»-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: «Դրախտի ներկայացում»-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:
Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Ս. Ծննդյան տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Ս. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:


Եղևնին
 անմահության և հավերժ կյանքիվերածննդիանթառամության, առողջության, երկարակեցության, հավատարմության, ազնվության և համբերության  խորհրդանիշ է: Հնուց  մարդիկ հավատում էին, որ եղևնին  պաշտպանում է տունը չար ուժերից: Ձմեռային արևադարձի ժամանակ հին գերմանացիները առաստաղից հատուկ կախում էին եղևնու ճյուղերը, որպեսզի  մաքրեն իրենց տունը: Շուտով եղևնու ճյուղերին փոխարինեցին ամբողջական  ծառերը: Եղևնին արմատից  կախում էին առաստաղից, այն խորհրդանշում էր երկիրն լուսավորող արևը, իսկ ծառի արմատները` ամեն ինչի  հիմքը: Այսպիսով երկրայինը  դառնում է երկնայինի արտացոլումը: Գերմանացի ժողովուրդների մեջ եղել է հնագույն սովորություն` Ամանորին գնալ անտառ, որտեղ նախօրոք ընտրված եղևնին զարդարում էին մոմերով, գունավոր կտորներով, և ամանորյա ծեսը  կատարում էին դրա շուրջը:

Ժամանակի ընթացքում եղևնիները սկսեցին կտրել և բերել տուն, որոնք տեղադրվում էին սեղանի վրա: Ծառին ամրացնում էին մոմեր, խնձորներ, քաղցրավենիքներ:

Գերմանացիների մկրտությունից հետո այդ սովորույթներն ու ծեսերը  ստացան  քրիստոնեական իմաստ, և տներում տեղադրված տոնածառերը դարձան Սուրբ Ծննդյան տոնի Ճրագալույցի  պարտադիր ատրիբուտ:

Այժմ այդպիսի եղևնին կոչվում է Սուրբ Ծննդյան  տոնածառ: Սուրբ Ծննդյան  հանդիսություններում ներգրավված են  ոչ միայն մեծահասակները, այլև ավելի ու ավելի շատ երեխաներ:
Տոնածառը զարդարելու ավանդույթըինչը մենք անում ենք նաև այսօր, սկիզբ է դրել գերմանական հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը: Սուրբ Ծննդյան նախօրեին, տուն վերադառնալիս,  նա հիանում էր երկնքի գեղեցկությամբ: Աստղերը փայլոմ էին նույնիսկ ծառերի ձնառատ ճյուղերի միջից, ասես բոցկլտում էին սաղարթները: Տանը Մարտինը սեղանին է դնում եղևնին, զարդարում մոմերով, իսկ գագաթին` աստղ` ի հիշատակ  Բեթղեհեմյան աստղի: Մարտին Լյութերը գրել է. «Ինչպես հավերժական Աստվածն է  մարմնավորված փոքրիկ երեխայի կերպարում, այնպես էլ մշտադալար եղևնին մտնում է մեր տուն` ավետելու Քրիստոսի Ծննդի ուրախությունը»:

1․Ի՞նչ պատահեց աղքատ անտառապահի տնակում։

2․Ո՞վ էր անտառապահի ծպտյալ հյուրը։

3․Միջնադարում ձմռանը ի՞նչ ներկայացում էին բեմադրում, ինչու՞։

4․Ի՞նչ է պատմում սարդերի մասին լեգենդը։

5․Ի՞նչ խորհուրդ ունի եղևնին բոլոր ժամանակներում։

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը,19․12․23

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Հարցեր և առաջադրանքներ։

1․Կարդա պատմությունը և առանձնացրու կարևոր միտքը։

2․Ի՞նչ հասկացար ,ի՞նչ զգացիր և ի՞նչ տեսար՝ պատմությունը կարդալով։

3․Փորձիր հակիրճ ներկայացնել բովանդակությունը/5-6 նախադասությամբ/։

4․ Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ պատմության մեջ։

5․Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են քեզ հայտնի․պատմիր դրանց մասին։

Լրացուցիչ աշխատանք։
Հացը` հին հայերի ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:

Հին հայերի տոնածառը:
Հին հայերի Ձմեռ պապը
։
Հայկական Ամանորի ավանդական խոհանոցը:

Ընտրիր վերը նշված թեմաներից մեկը և ուսումնասիրիր՝ ստեղծելով տեսաձայնագրություն կամ ռադիոնյութ դրա վերաբերյալ։

Թվական անուն,տեսակները,18.12.23-20.12.23

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ի՞նչ է ցույց տալիս թվականը:

2.Թվականի տեսակները, դրանց կազմության ձևերը:

Գործնական աշխատանք թվականից Ս.Մարկոսյանի 7-րդ դասարանի քերականության գրքից/ առաջադրանք 166,167,168,171,172,173/: