Սովորում ենք Սյունիքի բարբառը, 29․04-03․05

  • Նախապատրաստական աշխատանք Միջին դպրոցի սովորողների հետ/ ծանոթացում Գորիսի բարբառի հնչյունական համակարգին, ձայնավոր և բաղաձայն հնչյունների արտասանությանը, բարբառի առանձնահատկություններին/։
  • Գորիսի բարբառով հեքիաթների,ավանդազրույցների, պատմվածքների, առած-ասացվածքների, զվարճապատումների ընտրություն և ընթերցում։
  • Գորիսյան բարբառով ընթերցանության հմտությունների ու կարողությունների փոխանցում սովորողներին։
  • Հեքիաթների,առած-ասացվածքների,պատմվածքների՝ բարբառից գրական հայերեն փոխադրություններ։
  • Ընթերցանության նյութերի բարբառային բառերի բառարանային աշխատանք։
  • Պատկերավոր արտահայտությունների՝ մակդիր, փոխաբերություն, համեմատություն, դարձվածք, իմաստների մեկնաբանություն, ոճական արժեքի ընկալում։
  • Տեսանյութերի պատրաստում, ձայնագրություններ։

    Ընթերցարան

1․ Վերևում նշված ընթերցարաններից մեկից ընտրիր որևէ պատում, հեքիաթ, առած- ասացվածք, փորձիր փոխադրել գրական հայերեն, անծանոթ բառերը բացատրիր՝ կազմելով բառարաններ։

2․ Ընտրիր որևէ հեքիաթ կամ պատում, կարդա և ձայնագրություն կամ տեսագրություն պատրաստիր։

Գիտելիքի փոխանցում, ապրիլ

Ապրիլ ամսին աշխատել ենք «Կարդում ենք Բակունց», «Կարդում ենք Սահյան» ընթերցողական նախագծերի համակարգման և ամփոփման շուրջ։ Ամենօրյա հանդիպումների ընթացքում մենթորիս հետ քննարկել ենք դասապրոցեսում առաջացող մեթոդական, կազմակերպչական մի շարք հարցեր՝ փորձելով գտնել դրանց արդյունավետ լուծումները։ Ամենշաբաթյա դասալսումները ևս նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը։ Աշխատում ենք ընթերցողական նյութերի ընտրության, քերականական առաջադրանքների կազմման ուղղությամբ։ Տիկին Կարինեի հետ քննարկում ենք Մայիսյան հավաքի ուղղությունները, բովանդակությունը, անելիքները:

Բայի սեռը

Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:
Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:

  1. Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ենթակայի գործողությունը կրող առարկան լինում է նախադասության ուղիղ խնդիրը և ստանում է ի՞նչ(ը) կամ ո՞ւմ հարցը (Հասմիկը ջարդեց բաժակը։ Երեխան ամենից շատ սիրում է իր մորը)։ Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալով բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել – հարգվել, դնել – դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել։ Բացառություն են մի քանի ներգործական սեռի բայեր՝ ունեմ, ունենալ, գիտեմ, գիտենալ, ուզենալ, ափսոսալ, երդվել, հովվել, երկնել և այլն, որոնք վ ածանց չեն ստանում և կրավորական չեն դառնում, կամ դա խիստ հազվադեպ է լինում՝ պատվել («մեծարել»), հեծնել, հավանել, սովորել, ուզել, նվագել, վայելել, ըմբոշխնել և այլն (տես նաև սույն մատենաշարի «Շարահյուսություն» գիրքը)։
  2. Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներ գործությունը` ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Ենթակայի կրած գործողությունը կատարող առարկան լինում է նախադասության ներգործող խնդիրը (Տունն ավերվեց երկրաշարժից: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել – նշանակել, բերվել – բերել։

Կրավորական բայերը կազմվում են՝ վ ավելացնելով ե խոնարհման բայերի ներկայի հիմքին (բեր–ել > բեր–վ–ել, գտն–ել > գտն–վ–ել), ա խոնարհման բայերի կատարյալի հիմքին (խաղ–ալ > խաղաց–վ–ել, մոռան–ալ > մոռաց–վ–ել), պատճառական և պատճառակերպ բայերի – ցն– ածանցի ն–ի փոխարեն (թռցն–ել > թոց–վ–ել, մոտեցն–ել > մոտեց–վ– ել, լցն–ել > լց–վ–ել)։ Բացառություն են ե խոնարհման անկանոն անել, դնել, տանել բայերը, որոնք կազմվում են կատարյալի հիմքից (ան– ել > ար–վ–ել, դն–ել > դր–վ–ել, տան–ել > տար–վ–ել)։ Բացառություն կարելի է համարել նաև բաց թողնել բայը, որի կատարյալի հիմքից կազմված բաց թողվել ձևը նախընտրելի է ներկայի հիմքից կազմված բաց թողնվել տարբերակից։
Կրավորական ածանցով բոլոր բայերը և խոնարհման են և խոնարհվում են ե խոնարհման պարզ բայերի նման:

  1. Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել։ Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին։ Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):
    Չեզոք սեռի բայերի ձևաբանական առանձնահատկությունն այն է, որ դրանք կամ չունեն և չեն կարող ստանալ վ ածանց՝ սառչել, մտնել, ծիծաղել, կամ էլ ունեն և չեն կարող կորցնել վ ածանցը` բնակվել, գանգատվել, գժվել, զբաղվել, թաքնվել, խելագարվել, կորսվել, համարձակվել, հարձակվել, հարմարվել, հիասթափվել, հնազանդվել, հպատակվել, հրաժարվել, մոլորվել, մռայլվել, նմանվել, չքվել, պարտվել, սթափվել, սիրահարվել, սխալվել, սսկվել, վախճանվել, վհատվել, ուշաթափվել, օգտվել և այլն։ Բացառություն են ազդել և ներգործել բայերը, որոնք ուղիղ խնդիր չեն ստանում (չեզոք սեռի են), սակայն ստանում են վ ածանց և դառնում կրավորական: Չեզոք սեռի են նաև– և –ան– սոսկածանցներով բայերը (բացառություն է լվանալ բայը): Չեզոք սեռի բայերը, ստանալով պատճառական ածանց կամ տալ բայը, դառնում են ներգործական սեռի բայեր՝ սպասել > սպասեցնել, փախչել > փախցնել, զրնգալ > զրնգացնել, սթափվել > սթափեցնել, սողալ > սողալ տալ: 1.Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
    ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
    բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվել, լքվել, թեքվել, գգվել
    գ) հարմարվել, համարվել, սիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
    դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
    զ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խե- լագարվել, փառաբանվել
    է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
    ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
    թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
    ժ) հակառակվել, կործանվել, ուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել 2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
    ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
    բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
    գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
    դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
    ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
    զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
    է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել 3.Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
    ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
    բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
    գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել 5.Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
    ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
    բ) տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
    գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
    դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալ, մոռանալ
    ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
    զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
    է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել 6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.

ա) Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք հանգիստ ձեր գործը շարունակել։
բ) Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ) Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և չեմ կարողանում նույ- նիսկ լվացվել։
դ) Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայ- թաքես:
ե) Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում հետս հանդիպել։
զ) Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: է) Մեր դասարանի ավագի հետ այսօր նորից (վիճվել, վիճել եմ:

Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

    1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

    2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

    3) տված, հասա, կկայունանա, խաղացած

    4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

    2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

    1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

    2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

    3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

    4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

    3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

    1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

    2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

    3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

    4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

    4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

    1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

    2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

    3) փակցրած, եղավ, կերանք, վառված

    4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

    5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

    1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

    2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

    3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

    4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

    6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

    2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

    3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

    4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

    7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

    2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

    3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

    4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

    8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

    2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

    3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

    4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

    9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

    2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

    3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

    4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

    10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

    1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

    2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

    3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

    4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

    11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

    1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

    2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

    3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

    4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

    12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

    1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

    2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

    3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

    4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

    13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

    1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

    2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

    3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

    4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

    14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։

    1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

    2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

    3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

    4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

    Ակսել Բակունց, Սպիտակ ձին

    Շարմաղ բիբին, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերկեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.

    -Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

    Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

    Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

    Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։

    Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

    Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։

    Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած, զարմացած իրար նայեցին։ Ահ կար նրանց աչքերում։ Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում։

    — Է՜ հե՜ հե՜ յ,— ալիք, ալիք դիզվեց ձայնը,— ժողովուրդ… Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ… Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը է՜-հե՜-հե՜յ…

    Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց։ Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ուր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։

    — Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր…

    Երբ Շարմաղ բիբին եկավ տեղը նստեց, և երեխաները տատի ներկայությունից սիրտ առան, Սիմոնը հառաչելով, կարծես ինքն իրեն, ասաց.

    — Էսօր Մինասի տղան էր պատմում… Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ…

    — Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում,— Հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը։

    — Եսի՞մ,– ուսերը վեր քաշեց հայրը, կռիվ ա, բալա ջան… Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տո՛ւր… Թագավորի հրաման ա։

    — Փո՛ւ, փո՛ւ…

    Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե” պաղեցնում էր տաք ապուրը։ Մայրր սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.

    — Մեր Ցոլակը չափումը կգա՞,— բայց Սիմոնը, որ անակընկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։ Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։

    Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։

    — Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա,— ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։

    — Հակառակի պես հայվանն էլ ջանով ա,— ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով,— տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի՞։ Հալբաթ էսպես պիտի լիներ…

    Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն։

    Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։

    Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց…

    — Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո… Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան։ Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը։

    — Հը՞, բոյը կարճ չի՞, նանի… Չափումը թե չգա,— դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:

    — Եսի՞մ, այ որդի…

    — Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի… Չէ , չեն տանի,— հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով։

    Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե աղոտ հույսի ակնկալություն։

    2

    Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ։ Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց, Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց և ներս մտավ գոմը։ Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ։ Սիմոնը խուրձը մսուրը դրեց և երբ ձին մռութը կոխեց մեջը,— ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը։

    Ընդարձակ գոմի անկյունում նստել էր պառավ կովը: Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։ Սակայն Սիմոնը չմոտեցավ ոչ կովին և ոչ էլ այծերին։ Նա մի պահ կանգնեց, ապա ձիու ոտքերի տակ թափված խոտը ժողովեց և դուռը դրեց։ Երեխաները քնել էին։ Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ Նրանց տան վաղուցվա կարգն էր այդ։ Երբ Սիմոնը քաղաք գնար, մայրն էր հոգում նրա ճանապարհի պատրաստությունը։

    Խրճիթի հին դուռը ճռճռաց, պառավը ասեղը թողնելով՝ անհանգիստ հարցրեց.

    — Հաստա՞տ ա…

    — Բա հո սուտ չի՞ …

    — Ի՞նչ են ասում։

    — Ասում են բոյը հաշիվ չի, եթե ձին առողջ է, կտանեն…— և դարձավ մորը.— նանի, Ցոլակի էն մեծ տոպրակն ո՞ւր ա, հետս դարման եմ տանելու։

    Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու։

    Քնելուց առաջ Սիմոնը մի անգամ էլ գնաց գոմը։ Պառավ կովը այդ անսովոր այցից զարմացած, մինչև վեր կենար ու որոճալով մոտենար գոմի դռան, Սիմոնը ձիու համետն ու չվանները սարքեց, դրեց ախոռի մոտ ու դուրս եկավ։ Դուրսը աստղալույս գիշեր էր։ Գյուղում մեկ-մեկ հանգչում էին կրակները և կրակների հետ լռում էին ձայները։ Ներքևը, գետափի մարգերում, կանչում էր գիշերահավը։ Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։

    Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը։ Իսկ ա՞յժմ… Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին։

    Սակայն հոգնությունը հաղթեց, ու ներս մտավ տուն։

    — Հակառակի պես անիրավի մեջքը կասես հինայած լինի,— նորից հիշեց Սիմոնը։

    3

    Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց ու դուրս քաշեց։ Հարևան բակերում ճրագներ էին շարվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս։

    Սիմոնը լսեց իր հարևանի՝ Սաքու տղայի ձայնը։ Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել։

    Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ անսել էր մոր խոսքը և լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին։

    Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին։ Կարծես ներսը նա զարդարել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն։

    Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց և ականջները խլշեց։ Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց և աղիողորմ ասաց.

    — Ջա՜ն,— ու սրբեց արցունքը։

    Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն։ Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։

    Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը և միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արև լիսի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն և եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն։ Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց.

    — Սիմոն, բա չպրծա՞ր…

    — Եկա՛, եկա՛…

    Եվ Ցոլակի սանձը քաշեց։ Տանեցիները դանդաղաքայլ հետևեցին մինչև հարևանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով։ Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր, լաց էր լինում և Շողերը, լալիս էր նրա մայրը։ Փողոցին չհասած, մայրը լսեց Երեմի ձայնը.

    — Ապի՜, ապի՛…

    Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր-բարձր հեկեկում էր և կանչում հորը։ Բայց ուշ էր։ Սիմոնը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների։

    Մայրը վերադարձավ, գրկեց տղային ու տուն մտավ։ Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորները դարիվերը բարձրացան և պահվեցին բլուրի հետևը։

    Արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու:4

    Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին։ Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

    Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ։ Մեկը գրպանից հաց էր հանել, մյուսն ագահությամբ ծծում էր չիբուխը, երրորդը կախ էր արել ոտքերը, աչքը ձիու ականջներին և լուսաբացի նինջով օրորվում էր ձիու հետ։

    Բայց երբ սարի հետևից արևը բարձրացավ, կարծես ջերմացավ տխուր ու լուռ ձիավորների սիրտը։ Ամենից առաջ խոսեց դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, որ սարը բարձրանալիս սահել և հասել էր մինչև ձիու գավակը։ Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ ասաց.

    — Ես աստծու քոռ հավատն անիծեմ… Ի՛մ աչքս էսպես արեց։ Իմ ձին որ քոռ լիներ, ես էս սարի գլխին ի՞նչ ունեի։

    Մի քանիսը ծիծաղեցին։ Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա.

    — Անդա՛րդ հեյվան…

    — Հրեն Հիբանի ձիուն տեսեք,— շարունակեց Իվանը, ուրախ, որ ընդհատեց ծանր լռությունը,— կասես ղազախի ձի լինի։ Հիբան, պրիստավը քեզ էդ ձիով տեսնի, քեզ էլ հետը կտանի…

    — Ի՞նչ պակաս կավալեր ա,— ձայն տվավ մեկը։— էն օրը քարուտի առվով էնպես թռավ, որ մնացինք արմացած։

    — Մի տեսեք է՜… Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել։ Այ, ինչ եմ ասել հալալ ախպերության,— խոսքը փոխեց դարբնի տղան։

    — Ա, քիչ յավա-յավա խոսիր, է՜յ… — կանչեց Շուղունց Աքելը, որ գյուղում ավել անունով հայտնի էր որպես «աղվես խեղդող», երիտասարդ ժամանակ ձեռքով աղվեսը խեղդելու համար.— տերտերը հիվանդ տեղով կարո՞ղ ա ձի նստի։

    — Դե ասի մնացել ա, որ մեզ համար աղոթք անի, էլի՜,— կծու հեգնեց մի ուրիշը։

    Ընդհանուր խոսակցությունից բացի, ծայր առան և մասնակի զրույցներ։

    Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար մի պատմություն սկսեցին, ոմանք էլ խոսում էին պատերազմի և նրա արհավիրքների մասին։

    — Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից… Լավ չի գրում, ասում է՝ էս է մի ամիս է ծմակի մեջ, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Մինչև անգամ չոլ դուրս գալն ա երկյուղալի…

    — Իմ հորեղբայր Սիմոնն էլ ա գրել։ Լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չէ։ Մի տեսակ անուն են ասում… էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ։ Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա։

    — Նրա ի՞նչն ա որ…

    — Ոտիցն ա կպել։ Գրում ա, որ ծանր չի, մի ամսից պիտի դուրս գա։

    — Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ինչո՞վ կվերջանա,— դարձավ նրան դարբնի տղան։ Շատերը ծիծաղեցին, որովհետև Շուղունց Աքելը իր ողջ կյանքում իրենց գյուղից գավառակային ավանից այն կողմը չէր եղել։

    Ինքը՝ Աքելը, դժգոհ սաստեց.

    — Անհամ անհամի տղա…

    Քիչ հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին։

    — Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով…

    — Երկու բեռ գարի…

    — Էդ էլ չես առնի։

    — Դե գոնե գինը տային։

    — Տային էլ, որտեղի՞ց ես ձի առնում։ Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, դու տես ամբողջ գավառից քանիսն են բերելու…

    — Այ տղա, էս հո կարգին զորք ենք,— և դարբնի տղան բարձր կանչեց.

    — Սլուշա՜՚յ… Ափիցեր Աքել Շուղունցով…

    — Ա, հերիք տնազ տաս Աքել ամուն։

    — Աքել ամիս նեղանալ չի… Դե, շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել,— ասաց Իվանը և ձին ճանապարհից հանեց։

    — Թամամ հաշիվ… Աբրահամի ձին չկա՝ էն ա բաղարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին…

    — Կոստանդը հիմա քնած, ձին էլ ոսկի գարին առաջը… Վեր կկենա, յուղ ու մեղր կուտի, ձին կթամբքի և Կաթնաղբյուր մեզ կհասնի։ Նա հո քո հավասարը չի՞ — ասաց Գիլանց Մուքին։

    — Մի հաշիվ չի՞… էս գլխից հենց նրա ձին են տանելու,— ասաց Սիմոնը և տխուր նայեց Ցոլակին, որ ականջները խաղացնելով գնում էր մյուս ձիերի կողքով։

    — Ոնց չէ,— առարկեց Ւվանը,— քո Ցոլակը առաջին նոմերը կհանի, նրանը չէ… Թող Շարմաղ հոքիրն ինչքան ասես լաց լինի,— ձայնը տխուր մեղմացրեց Իվանը։

    Սիմոնը վրդովվեց։

    — Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են… նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել։ Ես ի՞նչ եմ տվել…

    — Էս է, սև ու սպիտակ էնտեղ կջոկվի,— ասաց դարբնի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրև գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ և ծովը կապել ռուսների հազար-հազար զորքի վրա…5

    Արևը բավական բարձրացել էր, երբ ձիավորները հասան Կաթնաղբյուր և Գիլանց Մուքու առաջարկով իջան հանգստանալու։ Նրանք ձիերն արձակեցին աղբյուրից ներքև ընկած արոտներում, իսկ իրենք տեղավորվեցին աղբյուրի մոտ և բաց արին ճանապարհի պաշարը։

    Այդ աղբյուրը, ուտելու պահանջը, գուցե և այն, որ ճանապարհին հոգնելու չափ խոսել էին պատերազմից, ձիերի հավաքից և օրվա չարիքներից,— այդ ամենը աղբյուրի մոտ նրանց զրույցը փոխեց խաղաղ և սովորական առօրյայի հունով։

    Կարծես հունձի ժամանակն էր և ինչպես միշտ, ծփում էին լեռան լանջերի բարձր խոտերը։

    Եվ ինչպես ամեն տարի, ահա նրանք ձիերով եկել են սարը։

    Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից և լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը։ Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել։ Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին։

    Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր, բարձրացրեց օղու առաջին թասը։

    — Բարի լույս բացվի մեզ վրա և մեզ նման չարքաշ մշակների վրա… Բարով տեսնենք մեր զավակների ազատությունը սրի բերանից։ Ողջություն լինի և արդար լիություն։ Դու մեր սրտովն անես,— և ալեհեր գլուխը դարձրեց դեպի ջինջ երկինքը, կարծես նրա անհուն խորքից, մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց։

    Սիմոնը լուռ էր։

    Նա թիկնել էր քարին, թրջում էր հացը պաղ ջրի մեջ և դանդաղ կրծում։ Երբեմն նայում էր արածող ձիերին, որոնք գլուխները չէին բարձրացնում ցողապատ խոտից։

    Գյուղի ձիերի հետ արածում էր և Ցոլակը։

    Սիմոնը մերթ աչքի տակով համեմատում էր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ և տեսնում, որ Ցոլակը նույնիսկ Գիլանց Մուքու ձիուց էլ կարճ է, մերթ հայացքը գցում էր սարալանջի կողմը։

    Եվ դժվարին մտքերը խռնվում էին ուղեղում ու ելքը չէր տեսնում։ Ահա՝ նորից դռանը կչոքի դառն աղքատությունը, վիզը կծռի ուրիշին, որ իր խուրձերը տուն բերեն, որ խոտը սարից բերեն։ Ցոլակին կտանեն, և հնձած արտում խուրձերը անձրևից կսևանան…

    — Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Ցոլակի հետ… Թե չէ՝ նրանից կարճը չկա…

    — Սիմոն, հրե՜ն,— հանկարծ կանչեց դարբնի տղան և Սիմոնը ցնցվեց։

    Նա գլուխը ետ դարձրեց։

    Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։

    Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

    Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

    Գյուղացիների զրույցը դադարեց։ Բոլորը նայում էին նրա կողմը։ Նույնիսկ ձիերից մի քանիսը բարձրացրին իրենց գլուխները և հափշտակված, անասնական ահով նայեցին սպիտակ ձիուն։

    Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր:

    — Այ ձի… Հազար մանեթ գին ունի։

    — Տերն էլ պակաս փող չունի։

    — Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի— ասաց դարբնի տղան։

    — Նրա վրա ամենաքիչը գեներալ կնստի…

    — Վրան նստողն էլ գեներալ է։

    Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։

    — Դուրս գալդ մի սհաթ կա՞, Կոստանդ աղա,— շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքելը, որին շշմեցրել էր այդ տեսարանը։

    — Սհաթին չեմ նայել… Մինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ։ Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց…

    Դարբնի տղան կամաց վրա բերեց.

    — Տուր ինձ, ես կպահեմ։

    Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց, սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ և տիրոջ խոսքը մնաց կիսատ։

    Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը։ Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը։

    — Հրեղեն ձի սրան կասե՜ն…

    Քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան։6

    Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։

    Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։

    Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։

    Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները,— ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքև, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց և ահա թաց ռունգներով շնչում է թարմ արյան հոտը։

    Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։

    Երբ ձիավորները քաղաք հասան, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Փողոցները, արտերի միջնակները, նույնիսկ տների բակերը սևացել էին ձիերի հազարավոր խմբերից։

    Կային հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ։ Նրանց կապոտել էին՝ որին քարից, որին ծառից կամ գետնին խրած սեպից։ Կային և իրար կապած ձիերի խմբեր։ Մեկի առաջ խոտ էր, մյուսինը հարդ, երրորդը նեղվում էր քաղցից, շոգից և անսովոր միջավայրից։ Քաղցած ձիերը պոկոտում էին փողոցի չոր և հազար սմբակի տրորած խոտը։

    Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն անկյունից վրնջոցի ձայն էր լսվում։ Մի տեղ, ձիերի բազմության մեջ, քուռակն իր մորն էր կորցրել և բարակ վրնջոցով կանչում էր, վազվզում, մռութը մոտեցնում ուրիշ մայրերի։ Շոգից կատաղած որձաձիերը կտրատում էին կապերը և ամեհի կրքով հալածում էգերին, իրար կրծոտում և արնոտում բաշ ու ազդրերը։

    Այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայ-հրոցն ու բղավոցը։ Հայ, թուրք իրար էին խառնվել: Պետական հրամանը բոլոր գյուղերում կրկնվել էր պաշտոնական կարգադրության գորշ նմանությամբ և մարդկանց ու ձիերի այդ ահագին բազմությունր քշել քաղաք։

    Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները։

    Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի և գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով և պղնձյա ծանր մեդալներով։ Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր, որ ծովի նման ծփում էր։

    Եվ բոլորի աչքերն ուղղված էխն սեղանի շուրջ նստած չինովնիկների կողմը, որովհետև նրանք էին որոշում ձիու և ձիատիրոջ բախտը։

    Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը։ Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում։ Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում։

    Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։

    Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր: Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին և արագ հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։ Ձիատերը փորձում էր գնալ իր ձիու հետևից, սակայն բղավում էին նրա վրա և ինչպես պարտված ըմբիշ, նա մնում էր գլուխը կախ։ Բազմությունը լուռ դիտում էր այդ տեսարանը։ Ապա տանուտերը կանչում էր նրան և շշմած մարդը սթափվում էր, հավաքում այն, ինչ հանձնում էին՝ ձիու սանձը, չվանները, համետը,— և այդ իրերը շալակած անցնում էր հրապարակով դեպի բազմությունը, ձեռքում բռնած թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինը և նրա նախկին տիրոշ ազգանունը։

    Գյուղացիները երբ քաղաք իջան, ձիերը կապեցին հրապարակից հեռու։ Գիլանց Մուքին և Աքելը առաջ ընկան ամբոխի մեջ գտնելու հարևան գյուղերի մարդկանց։ Առաջին հանդիպած ծանոթին, որ նրանցից կանուխ էր եկել, իսկույն հարցրին.

    — Հը՛ շա՞տ են տանում…

    — Էլ մի ասեք, զուլում ա…

    Սիմոնը տեսավ իր վաղուցվա ճանաչ թուրքին և նրան մի կողմ քաշելով առանձին հարցրեց, թե ինչպիսի ձիերն են ազատվում, արդյոք կարճահասակ ձին է՞լ են տանում։

    — Ձիուդ ոտքը պիտի կոտրած լինի կամ խոր վերք ունենա, որ ազատվի… Թե չէ՝ բոյը հաշիվ չի…

    Սիմոնի ոտները թուլացան։

    Մինչև այդ խոսակցությունը նա դեռ աղոտ մի հույս ուներ, որ այնուամենայնիվ հույս էր։ Այժմ այդ էլ ցնդեց։ Նա հուսահատ մոտեցավ ձիուն։

    — Ցոլա՛կ,— և ձին վրնջաց այդ ծանոթ կանչից։ Կարծեց հիմա խոտ պիտի գցեին նրա առաջը։ Սիմոնը հարդով լի պարկը կոխեց նրա գլուխը։

    — Ցոլակ… Գնում ես էլի…

    Քիչ հետո Գիլանց Մուքին հոգնած վերադարձավ։ Նրա ալեհեր դեմքի վրա դառն անհուսություն կար։ Եվ հուզված, հևացող շնչով ասաց գյուղացիներին.

    — Հիմա Քարագլուխն են կանչում, հետո զիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո՝ մենք…

    Սիմոնը մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց։

    — Էդ ո՞ւր, Սիմոն,— ձայն տվավ Սաքու տղան։

    — Տանեմ գետը… Կաթնաղբյուրից ջուր չխմեց։

    Այդպես փախչում են սարսափից։ Այդպես փախում է հոտը, երբ կայծակն ահռելի որոտով խփում է մոտակա ժայռին։ Այդպես դողահար վազում է գազանը, երբ հրդեհվում է անտառը։

    Սարսափահար փախչում էր Սիմոնը, մոլորվելով քաղաքի փողոցներում, անվերջ մտրակելով ձիուն։ Կարծես նրա հետևից էին ընկել հրապարակի բոլոր զինվորները և նրանք, որոնք նստել էին դագաղի նման նեղ սեղանի շուրջը։ Ահա հասավ գետափի խուլ փողոցը։ Այնտեղ էլ ձիեր կային. Նրա նման գյուղի մարդիկ, յուրաքանչյուրն իր ձիու սանձից բռնած և ստրուկի հեզությամբ իր հերթին սպասող։

    Նրանք տեսան փախչող ձիավորին և ոմանք կարծեցին, թե ահից սարսափած ձիավորը փախչում է դեպի հեռվի լեռները, ինչպես կփախչի պարտվածը դեպի փրկության բերդը։

    Հոգնած ձին մտրակի հարվածից մի քիչ արագացնում էր քայլերը, ապա նորից գնում բեռան տակ մեծացած գյուղական ձիու ծանր քայլերով։

    Ահա ետ մնաց վերջին տունը և բացվեց կարտոֆիլի դաշտը։ Սիմոնը դանդաղեցրեց ձիու ընթացքը և շունչ քաշեց։ Նրան քաղաքի սահմանից դուրս ավելի հեշտ թվաց։ Այն հեռվի լեռներից, որոնց լանջին իրենց գյուղն էր, մի անապական զով զարկեց նրա քրտնած դեմքին։

    Սիմոնը ծռվեց դեպի աջ, գետը տանող նեղ ճանապարհով։ Ձին զգաց գետի սառնությունը և առանց մտրակի արագացրեց քայլերը։

    Գետակի հունն իջնելուց առաջ Սիմոնը երկյուղով շուրջը նայեց և տեսավ, որ ամայություն է։ Միայն ներքևը, ուռիների ստվերում, ննջում էին կովերը։ Ու երբ ծարավ ձին գլուխը կռացրեց ջրի վրա, Սիմոնը ցած թռավ, սանձն ամուր կապեց ձիու առաջին ոտքից և սկսեց հետևի ոտքերը կապոտել։

    Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ։ Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա։

    Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց։ Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը։ Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը և հաճելի գրգռից մեջքի մաշկը դողդողաց։

    Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց։ Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին։

    Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ։ Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին։

    Մի քանի րոպեից մաշկը պլոկվոց և արնոտեց քարը։ Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։

    Ձին այլևս չդիմացավ, շրջվեց կողքի վրա և մեջքը կիսով չափ թաղեց գետի մեջ։ Ցավից և անսովոր վիճակից Ցոլակը ցնցում էր ոտքերը, փռնչում ռունգներով, վիզն ու գլուխը քսում գետափին և փորձում ոտքի կանգնել։ Սիմոնն արնոտ չեչաքարը մի կողմ գցեց, ինչպես մարդասպանը դաշույնը և սարսափով նկատեց, որ գետի ջուրն անվերջ կարմրում է, երբ ալիքը զարկում է ձիու մեջքին։

    — Չլինի՞ տամար տրաքեց…

    Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։ Սիմոնն արագ արձակեց կապերը, սանձը, ինքը կիսով չափ մտավ ջուրը և գոռալով, աղերսելով, հրելով ու քաշելով մի կերպ բարձրացրեց ձիուն։ Ցոլակը դողում էր։

    Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը։ Արյունը շարունակում էր կաթկթել, բայց մի քանի տեղ արդեն լերդանում էր։

    Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ջրախոտերով ծածկեց, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը։

    Ձին հազիվ էր քայլերը փոխում։

    Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։ Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ…7

    Իսկ հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից: Փողոցներում խռնված բազմությունից ոմանք բարձրացել էին պատերի և պատուհանների վրա, որ ավելի լավ տեսնեին, թե ի՞նչ է կատարվում մեջտեղը։ Ոմանք բարձրացել էին ձիերի վրա։ Ոտքի էին և կենտրոնում սեղանի շուրջը բոլորած մարդիկ։

    Մի կապտավուն ձի՝ երկար, ծալեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց։ Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում։ Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և ետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ։

    Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

    Մարդիկ մի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց զինվորները կապել էին փշալարի ցանկապատի հետևը,— մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվաններր շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլևս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը։

    Հանկարծ բազմությունը հառաչեց, լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում։ Զինվորները վազեցին փշալարի կողմը։ Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սև ալիքները, երբ երևում է մութ անդունդը, ապա նորից կլանեց ամեն ինչ։

    Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա… Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը…

    Զինվորները ձիու սառած մարմինն իջեցրին փշալարից։ Բժիշկն արձանագրություն կազմեց և վերադարձավ սեղանի շուրջը, որպեսզի նույն գորշ տաղտկությամբ շարունակեն գործը։

    Սիմոնը յուրայիններին նույն տեղը չգտավ։ Նրան ասացին, որ արդեն իրենց գյուղացիներին կանչում են։ Եվ բազմությունը հրելով, ձին հետևից՝ հասավ հրապարակը, որի մի կողմը կանգնել էին դարբնի տղան, Գիլանց Մուքին, Աքելը և մյուսները։ Գրագիրը կարդում էր անունները։

    — Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն։ Ասացինք հրես կգա։

    Ամենից առաջ Շուղունց Ալեքին կանչեցին։ Դողդողալով նա առաջ անցավ, մի անգամ էլ ետ նայեց համագյուղացիներին, կարծես նրանց ներկայությունը հուսադրում էր նրան։

    Մոտեցան և զննեցին նրա ձիուն։ Ու մեկ էլ զինվորները վրա տվին, ձիու համետն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը։ Ձեռքը վերևից հայտնեց վճիռը։ Զինվորները քաշեցին ձին։ Աքելը հրապարակում մնաց մի րոպե, նայեց ձիու հետևից և անխոս վերադարձավ, մեջքին ձիու համետը։

    Դարբնի տղան սրախոսեց.

    — Ափիցեր Աքել Շուղունցով,— բայց ոչ ոք չծիծաղեց։ Դարբնի տղայի ժպիտն այլանդակ կծկվեց և դեմքի վրա սառեց, որպես դառնության կնիք։

    Հետո Ռուստամենց ճակատը նշան ձին տարան։ Գնաց և տերտերի ձին։ ժամհարը գլուխր կախ եկավ։

    — Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու…

    Չորրորդ հերթը Կոստանդինն էր։ Գյուղացիները զարմացան, երբ լսեցին նրա ազգանունր, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար։ Դարբնի տղան նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ։ Հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձի հետևից։ Թվաց, թե նույնիսկ չնայեցին նրա կողմը և ձեռքը վերևից նշան տվեց, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից։ Այդ այնքան արագ կատարվեց, որ գյուղացիներից շատերը չհավատացին իրենց աչքերին, թե այդ «խեղճ» գյուղացին Կոստանդ աղան է։ Նրանք մնացել էին ապշած։ Իսկ Կոստանդը կեղծ ուրախությամբ ետ տարավ ձին և անհայտացավ։

    Դարբնի տղան Սիմոնի ականջին շշնջաց.

    — Տեսա՞ր, որ ասում էի…

    Երբ մոտեցավ, վերցնել տվին ձիու համետը և մի ակնոցավոր ռուս, որ անասնաբույժ էր, քիթը վեր քաշելով կռացավ վերքի վրա։

    — Չտարան,— անցավ Սիմոնի մտքով։ Բայց մարդը բարկացավ և մատը թափ տվեց Սիմոնի վրա։ Նա հայհոյում էր։ Սիմոնը վախից դողաց, գունատվեց և նստեց համետի վրա: Զինվորները Ցոլակին տարան։ Սիմոնը տեսավ, թե ինչպես իր ձիու երկար պոչը սուր մկրատով կտրեցին։ Եվ իսկույն աչքին այնպես երևաց, ասես Ցոլակը մեծացավ և դարձավ ղազախի ձի։

    Գյուղական գրագիրը բղավեց նրա վրա։ Նա սթափվեց և բեռը շալակին վերադարձավ յուրայինների մոտ։8

    Արևն արդեն թեքվել էր, երբ գյուղացիները ճանապարհ ընկան տուն։ Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա բարձել էին մնացած ձիերի համետները։ Գյուղացիներից ոմանք իրենք էին շալակել ձիերի սանձերն ու չվանները։ Ազատված ձիերը, որոնցից երեքը ծուռոտ էին, մեկի մեջքն էր փոս ընկած, երկուսը քոս էին, իսկ Հաբեգանց ձիու երկու կողոսկրը չկար,— ազատված ձիերը հազիվ էին քայլում ծանր բեռան տակ։

    Սիմոնը գլուխը կախ գնում էր մյուսների հետ։ Դարբնի տղան էլ լուռ էր, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու։ Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը, կարծես պիտի գնային մինչև մութ երկինքը։ Մայրամուտի արևը աջ կողմից նրանց ոսկեվորել էր։ Նեղ արահետով գնում էին նրանք իրար հետևից, ինչպես կռունկի երամ և թվում էր, թե բեռների տակ կքած սև ստվերները հավիտյան պիտի բարձրանային մութ լեռը, մինչև մի խավար անդունդ հանկարծ կլաներ նրանց։

    Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։

    — Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց։

    Եվ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը, որով բռնել էր քարը։

    Բռի մեջ ստացականի կտորն էր, վրան Ցոլակի գինը և իր ազգանունը։

    Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։

    Կաթնաղբյուրից նրանք ջուր խմեցին և հացի փշրանքները թաթախեցին սառը ջրում։ Մութն ընկնում էր և ճանապարհ դեռ շատ կար։

    Սիմոնը նայեց ներքև… Ա՜յ, այստեղ արածում էր Ցոլակը, նրա ատամների արանքում երևի դեռ մնում է այս դաշտերի խոտը։ Իսկ ինքը պառկել էր այս քարի տակ և մի լույս ճառագայթ խոստանում էր զվարթ վերադարձ։ Ու ետ նայեց Սիմոնը։ Այնտեղ, ներքևը, խավար էր, խավարի մեջ քաղաքը և քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը։

    Հանկարծ Կաթնաղբյուրից ներքև, քարերի վրա, զրնգացին ծանր պայտերը։ Գյուղացիները ճանապարհից դուրս եկան և մի կողմ քաշեցին բեռնած ձիերը։

    Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ. — Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

    Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արևի շողերում և չքացավ դեպի նարնջագույն ամպերը։ Կարծես մարմարիոնե մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա։9

    Կեսգիշեր էր, երբ տուն հասան։

    Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին։ Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն։ Անկողնից վեր թռավ Շողերը։

    — Ապի՛, բա Ցոլա՞կը։

    Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ։ Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն։

    Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր, արևելյան թախծոտ մի երգ։

    Պառավը լալիս էր…

    Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

    Հարցեր և առաջադրանքներ:

    1. Ներկայացրու Շրմաղ բիբիի կերպարըհետևյալ հերթականությամբ՝ նրա արտաքինը, բնավորությունը, արարքները:
    2. Ի՞նչ լուր էր տարածվել: Ինչու՞ էին մարդիկ դա որպես բոթ ընդունում:
    3. Ի՞նչ վերաբերմունք ուներ Սիմոնը կենդանիների նկատմամբ: Ինչպե՞ս էր դա արտահայտվում:
    4. Ի՞նչ մտքեր էին համակել ձիավորներին քաղաք գնալու ճանապարհին, ինչպե՞ս փոխվեց նրանց տրամադրությունը:
    5. Ուշադիր կարդա 4-րդ մասը՝ հերոսների զրույցը,նրանց զրույցից եզրակացություն արա , թե ինչ ժամանակաշրջանի դեպքեր են ներկայացվում պատմվածքում:
    6. Ինչու՞ էր Սիմոնը Ցոլակին համեմատում այլ ձիերի հետ:
    7. Ինչպե՞ս էին քաղաքի հրապարակում կազմակերպում ձիերի ընտրությունը: Դու ի՞նչ պայմաններ կառաջարկեիր:
    8. Ի՞նչ կարծիք ունես Սիմոնի արարքի վերաբերյալ: Քննարկիր դասընկերներիդ հետ:
    9. Պատմվածքի 7-րդ մասը կարդալուց հետո գրիր քո վերջաբանը: Վերջում համեմատիր քո ու Բակունցի տարբերակները:
    10. Ներկայացրու պատմվածքի երեք ձիերին՝ սպիտակ ձիուն, Ցոլակին, կապտավուն ձիուն: Բնութագրիր նրանցից յուրաքանչյուրի դերը պատմվածքում:
    11. Ինչու՞ է պատմվածքը վերնագրված Սպիտակ ձին: Արդա՞ր է արդյոք Կոստանդ աղայի ձիուն ազատելը:

    Ձևաբայեր

    Անկատար ձևաբայ- ում-երգում, խաղում

    Վաղակատար ձևաբայ-ել- երգել, խաղացել

    Ապակատար ձևաբայ-/ել/ու, /ալ/ ու- երգելու, խաղալու

    Ժխտական ձևաբայ- ի,ա -/չի/, երգի, խաղա

    1. Կազմել հետևյալ բայերի անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական ձևաբայերը՝ աշխատել, կարդալ, մեռնել, հանգչել, վախենալ, զարմանալ, զարմացնել, մոտեցնել, փախցնել, կտրտել, հուզվել:
    2. Կազմածդ ձևաբայերը խոնարհել սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, վաղակատար ներկա , վաղակատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ ժամանակային ձևերով: Օրինակ՝ ուզում/ խաղում/ եմ, ես, է, ենք, եք, են- անկատար ներկա. ուզում էի, էիր, էր, էինք, էիք, էին- անկատար անցյալ: Ուզել / խաղացել/ եմ, ես, է, ենք, եք, են- վաղակատար ներկա. խաղացել էի, էիր, էր, էինք, էիք, էին- վաղակատար անցյալ: Ուզելու / խաղալու/ եմ, ես, է, ենք, եք, են- ապակատար ներկա. ուզելու / խաղալու/ էի, էիր, էր, էինք, էիք, էին- ապակատար անցյալ:

    Ակսել Բակունց, Մթնաձոր

    Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողվում։

    Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

    Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

    Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

    Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։

    Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։

    Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

    Պանինը որսորդ էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

    Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:

    Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

    Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

    Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

    Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։

    Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։

    Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։

    Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։

    Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսր հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։

    Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

    Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

    Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում։ Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

    Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

    Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։

    Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին. ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մ եջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։

    Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

    Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյուն ի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։

    Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։

    Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։

    Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։

    Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն էր: Ավին մինչև վերջն էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։

    Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյունի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։

    Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։

    Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:

    Ավին հիմա էլ ողջ է։

    Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։

    Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։

    Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։

    Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալծալ եղած ծիրանի պես։

    Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։

    Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անունն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։

    Ու չգիտես՝ զայրանո՞ւմ է, թե՞ ժպտում հին որսորդը…

    1. Ուշադիր կարդա՛ պատմվածքը և սովորի՛ր պատմել:
    2. Ինքնուրույն կազմիր պատմվածքի հարցերն ու առաջադրանքները / առնվազն 7 հարց/ և պատասախանիր դրանց։

    Բայի դիմավոր ձևեր

    1․ Ստուգել և քննարկել հետևյալ աշխատանքը։

    2․ Կազմել հետևյալ բայերի անկատար ներկա և անկատար անցյալ ժամանակաձևերը՝ սիրել, երգել, խաղալ, կարդալ, հանգչել, դիպչել, կորչել, գտնել, ընկնել, վախենալ, վերադառնալ, սարսափեցնել, եռացնել, ուտեցնել, թռցնել։

    Օրինակ՝ սիրում եմ, սիրում ես, սիրում է- սիրում ենք, սիրում եք, սիրում են- անկատար ներկա

    սիրում էի, սիրում էիր, սիրում էր- սիրում էինք, սիրում էիք, սիրում էին- անկատար անցյալ

    Շարունակում ենք բացահայտել բայ խոսքի մասը

    1․Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.

    ա) սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, կապալ, փռթկալ, կչկչալ
    բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի, գրող, սուրա, սիրելիս
    գ) ողբաց, հարբած, գրբաց, դարձված, աստված, տարած, խոզարած, հորած, կորած, կասկած

    2․Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.

    ա) մորթին, մկկան, հուսար, կոմիսար, վարի, վայրի, տեսա, փեսա, դիր, ընտիր
    բ) ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, ամուրի, ավերի, ասա, կաթսա
    գ) գնաց, քնած, երբեք, անարժեք, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ, ա՛ռ, վառ
    դ) կոտեմ, կուտեմ, համեմ, հանեմ, դրժեմ, դժխեմ, խոհեմ, խորհեմ, նսեմ, լսեմ

    3․ Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.

    ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հրավիրված, կռվելիս, լրագրող
    բ) քնեած, հանգած, միգամած, խմած, համատարած, կոտորած
    գ) հայահալած, չնայած, տավարած, հատած, գործած, հասարակած
    դ) տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված, անկասկած

    4․Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.

    ա) փոքրացող, այգացող, կարճափող, շոշափող, սևաքող, շաղափող բ) անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
    գ) բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող

    5․Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.

    ա) պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
    բ) ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

    6․Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.

    ա) գտնում եմ, եկել ենք, տալիս ես, պետք է ասեմ, չենք դնում, չեմ խաղալու
    բ) չեմ ասի, չարժի, գնա՛, գալիս է, չիմացար, ի սպաս եմ դնում
    գ) ունես, չի տալիս, մոտեցրել է, չեմ երդվելու, չեք ասում, չգաս
    դ) թույլ տալի՞ս ես, բազում էին, չէ, շունչ առա, չի պատկերացնում, կգամ
    ե) չի գնա, չունեմ, չհարելիս, չքվում է, գլուխ մի տար, չեն գալիս

    7․ Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.

    ա) թեքենք, կոտրել ենք, գտա, չեմ մտնի, ի վիճակի չեմ, պիտի գնայի
    բ) չի լալիս, կար, մի տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
    գ) խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ, ներկա է

    8․ Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

    ա) չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ, կարելու եք
    բ) համեղացրու, զատվել են, արշավեմ, անհատնում են, ասուլիս է, բեր գ) վեր չեմ կենում, պիտի մնամ, վրա են տալիս, մի գնեք, ասա, չկամ

    9․ Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

    ա) չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
    բ) հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել

    10․Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

    ա) հասկացար, ասա, գտա, վերցրու, մտներ, հարցնենք բ) տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի

    11․Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.

    ա) եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
    բ) հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տուր
    գ) կանչեր, դնչեր, կարածի, կատարածի, մնա, ենթամնա