Ստեղծագործական աշխատանք, 01. 03. 24թ.

Գրել ստեղծագործական պատում հետևյալ թեմաներից որևէ մեկով՝ Ինչո՞ւ նամակ չես գրում, Լեռներ հայրենի, Ի՞նչն է ինձ ուրախացնում, Փակ դուռ, Անտառի արահետներով, Աշխատանքի բերկրանքը, Արևի երկիր Հայաստանս: Խոսքումդ հնարավորինս գործածիր դերանուններ:

Ձոն ստուգատես

Մասնակիցները՝ Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 1-ից ապրիլի 16-ը

Ընթացքը
 Մեդիաբացիկների ստեղծում՝ մայրիկների դիմանկարներով, փոքրիկ քառատողերով՝ նվիրված մայրիկներին։ Փորձել ստեղծագործել՝ գրելով չափածո կամ արձակ որևէ ստեղծագործություն, թեկուզ քառատող՝ ձոնված մայրերին: Պատրաստել տեսանյութ մայրիկների մասին, պատմել նրանց մասին, նկարագրել, բնութագրել:
Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին, նամակ՝ ուղղված մայրիկին։

Դուրս բերել մոր կերպարը հայ բանաստեղծների՝ համանուն թեմայով գրված ստեղծագործություններից, գտնել ընդհանրությունները, առանձնահատկությունները, հայ մոր դերը պատմական տարբեր ժամանակահատվածներում։

Արդյունքներ

1․ Մանե Սարգսյան

2․ Գայանե Հարությունյան

3․ Արսեն Գրիգորյան

4․ Մանե Օհանջանյան

5․ Արսինե Կարապետյան

6․ Տաթև Սարգսյան

7․ Նարինե Նիկողոսյան

8․ Ինեսա Արղության

9․ Արսեն Գրիգորյան

10․ Նարինե Նիկողոսյան

11․ Սուսաննա Գրիգորյան

12․ Մարինա Վարդապետյան

Գիտելիքի փոխանցում, փետրվար

Փետրվար ամիսը սկսել ենք ընթերցողական նախագծերի համակարգման շուրջ աշխատանքով: Տիկին Կարինեի հետ ամփոփել եմ ձմեռային ճամբարի ընթացքում իրականացրած նախագծերը, քննարկել դրանց իրականացման ընթացքում առաջացած դժվարություններն ու խնդիրները։ Պարբերաբար քննարկել ենք գործնական առաջադրանքներ կազմելու, դրանց հաջող և արդյունավետ իրականացման քայլերը։ Ամենաշաբաթյա դասալսումներից հետո ևս մեթոդական մի շարք հարցեր ենք քննարկել, համատեղ փնտրել դրանց հստակ լուծումներն ու եղանակները: Մենթորիս հետ աշխատանքը համարում եմ շատ արդյունավետ:

Անորոշ և ժխտական դերանուններ.28.02

Կարդալ և անհասկանալի հարցերը քննարկել դասարանում:

Անորոշ դերանուն

Մատնացույց է անում անորոշ առարկա կամ հատկություն՝ առանց անվանելու:

Լինում է չորս տեսակի՝

• գոյականական՝ մեկը, մեկնումեկը, ոմանք, ովևէ, ովևիցե,

• ածականական՝ ինչ–որ, ինչ–ինչ, ոմն, մի, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, որևիցե,

• թվականական՝ մի քանի,

• մակբայական՝ երբևէ, երբևիցե, ուրևէ, ուրևիցե:

    Մեկը գոյականական դերանունը կարող է հանդես գալ ածականական մի շարք դերանունների հետ կապակցված՝ ինչ–որ մեկը, ոմն մեկը, ուրիշ մեկը, որևէ մեկը, որևիցե մեկը, որոնք յուրատեսակ բաղադրյալ անորոշ դերանուններ են՝ որոշ սաստկական երանգով։

   Գոյականական ովևէ, ովևիցե դերանունները չեն հոլովվում։

   Մեկը, մեկնումեկը դերանունները ենթարկվում են ի հոլովման միայն եզակի թվով՝ մեկը, մեկի(ն), մեկից, մեկով, մեկում, մեկնումեկի(ն),մեկնումեկից և այլն:

   Ածականական և թվականական դերանուններից գոյականաբար գործածվում են ոչ բոլորը։

   Ոմն դերանունը եզակի թվով գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում։ Նրա հոգնակին՝ ոմանք, գործածվում է միայն գոյականաբար, ենթարկվում է ց հոլովման և հոդ չի ստանում՝ ոմանք, ոմանց, ոմանցից, ոմանցով։ Ներգոյականը գործածական չէ։

   Մի քանի դերանունը հոլովվում է քանի հարցական դերանվան նման՝ միայն եզակի թվով (մի քանիսը, մի քանիսի(ն), մի քանիսից, մի քանիսով, մի քանիսում), սակայն ենթակայի պաշտոնում գործածվում է հոգնակի ստորոգյալի հետ՝ մի քանիսը եկան, մի քանիսով ճանապարհ ընկան։

   Ուրիշ, այսինչ, այնինչ դերանունները ենթարկվում են ի հոլովման՝ ուրիշի(ն), ուրիշներում, այսինչի(ն), այնինչից և այլն:

   Այլ դերանունը գոյականաբար երբեմն, իբրև հնաբանություն, գործածվում է միայն հոգնակի ուղղականում՝ այլք (այլոք ձևը սխալ կազմություն է), և սեռական–տրականում՝ այլոց:

Ժխտական դերանուն

Մատնացույց է անում ամբողջությամբ ժխտվող, լիովին բացառվող առարկա կամ հատկանիշ՝ առանց անվանելու:

Լինում է երկու տեսակի՝

• գոյականական՝ ոչ ոք, ոչ մեկը, ոչինչ,

• ածականական–թվականական՝ ոչ մի:

   Գոյականական դերանունները հոլովվում են միայն եզակի թվով և ենթարկվում են ի հոլովման՝ ոչ ոքի, ոչ մեկի(ն), ոչնչից և այլն:

   Ոչ ոք և ոչինչ դերանունները որոշիչ հոդ չեն ստանում՝ ոչ ոքի, ոչնչի:

   Ոչ մեկը դերանունը ուղղականում առանց հոդի չի գործածվում (ոչ մեկ ձևը խոսակցական–բարբառային է):

   Ոչ մեկը դերանունը ստորոգյալի հետ համաձայնում է ամեն մեկը, յուրաքանչյուրը դերանունների նման։ Օրինակ. Զարդաքանդակներից ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Ոչ մեկդ մի խոսեք։

   Ոչ մի դերանունը եզակի թվով որոշյալ և ստորոգյալ է պահանջում նույնիսկ որոշյալի բազմակի լինելու դեպքում. Ոչ մի տերև ու ծաղիկ չէր շարժվում քամուց։

   Եթե նախադասության մեջ կա ժխտական դերանուն, ապա ստորոգյալն ունենում է ժխտական խոնարհման ձև (Ոչ ոք ինձ չսպասեց): Ժխտական դերանվան առկայությամբ դրական խոնարհման ժամանակաձևով ստորոգյալը բնորոշ է արևմտահայ գրական լեզվին (Ոչ ոք ըսավ՝ սա տղին Պատռենք սիրտը տրտմագին)։

1.Ընդգծե՛ք որոշյալ 3 դերանուն.

ա) այլոց, բոլոր, այնինչի, ամենայն, ոչ ոք, յուրաքանչյուր ոք

բ) ամբողջ, մեկին, մի քանիսով, համայն, ամեն մի, ոչ մի

գ) յուրաքանչյուր, ոչնչից, ոմանց, ողջ, իրեն, ամենքը

2. Ընդգծե՛ք անորոշ 3 դերանուն.

ա) մի, որը, ուրիշ, ամենից, այնինչ, ինչով

բ) իրար, մի քանի, բոլորով, այլ, որոշ, դրանից

գ) մեկնումեկը, սրանց, իրենք, ոմանք, ոչ մեկին, ինչ–որ

3. Ընդգծե՛ք ժխտական 3 դերանուն.

ա) մի քանիսի, ոչ մի, ինչով, ոչ ոք, ոչինչ, մեկից

բ) ոչնչով, ոմանց, ինչ–ինչ, ոչ ոքի, մեկում, ոչ մեկից

4.Արտագրի՛ր` կետերի տեղը դնելով համապատասխան հոլովով ժխտական դերանունը։

Ժխորի մեջ ուշք չէր դարձնում նրա վրա, … մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ …:

Դեղին տերևն ընկավ քարին, … շշուկ չլսվեց,

Աշուն իջավ ողջ աշխարհին, … շշուկ չլսվեց: Ժրության վրա … այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և … չունենալ նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր :

Նա ահ չուներ, բացի հորից:

Ամեն ինչ մոռացել է, … չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

5. Կազմի՛ր նախադասություններ` գործածելով ոչ ոք և ոչինչ դերանունները բոլոր հոլովներով։

6. Կազմի՛ր նախադասություններ ամեն ինչ, ամեն մեկը, ամեն մի, ամեն ոք որոշյալ դերանուններով և դրանք փոխարինի՛ր համապատասխան ժխտական դերանուններով:

Դերանունների տեսակները. 26.02-28.02

1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:

Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:

Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:

Ով աշխատի, նա կուտի:

Որտեղ տանձ, պոչը հետն է:

Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:

Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:

2.Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:

Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,

Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է

Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:

Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ,

Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու

Մեծությունը միշտ չարիք է դառնում,

Երբ բաժանվում է գութը նրանից:

Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,

Որքան խենթացած խելոքների մոտ:

Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:

Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի…

Բայց ով ինձնից անունս շորթի

Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,

Իսկ ինձ իսկապես կաղքատացնի:

3.Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն

ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձերի, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած՝ առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են` ամբողջ(ը), ամեն(ը), ամեն ինչ(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), համայն, ամենայն:

1. Որոշյալ դերանունները գոյականի փոխարեն գործածվելիս հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման: Օրինակ՝ բոլորի, բոլորին, բոլորից…, ամեն ինչի, ամեն ինչից, ամեն ինչով և այլն:

• Որոշյալ դերանունները նախադասության մեջ լինում են ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում: Օրինակներ՝ Ողջը կդառնա կրակի բաժին,

Սեղան, մահճակալ, գորգ ու տեղաշոր (Ն. Զ.): Ողջը — ենթակա:

Քո խոսքը ինձ համար ամեն ինչ է: Ամեն ինչ — ստորոգյալ կազմող բառ:

Ծաղկի՛ր, հա՛մր հող հոգնած աշխարհի,

Շռայլ կանաչով ծածկիր ամեն ինչ (Մ. Մ.): Ամեն ինչ — ստորոգյալի լրացում:

2. Հարադրական կազմություն ունեցող որոշյալ դերանունների բաղադրիչները գրվում են անջատ: Դրանք են` ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք:

1. ա.Գտի´ր որոշյալ դերանունները, որոշի՛ր, թե նախադասության ինչ անդամ են դրանք:

բ.Դո՛ւրս գրիր ընդգծված գոյականները՝ նշելով դրանց ձևաբանական հատկանիշները:

Սոխակի քնքուշ հոգին բոլորը գիտեն, իսկ ամենքից շատ՝ Սիցիլիա կղզու բնակիչները, որովհետև ամեն գարնան համայն աշխարհից այստեղ լցվում են անհամար սոխակներ: Ու ամբողջ տարի լալագին ու թախծոտ երգում են այդ թռչունները (Վ. U):

Ձիավորներն սկզբում գնում էին լուռ. յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր խորասուզված: Ողջ ճանապարհին նրանք լռելյայն ձիերն էին համեմատում իրար, ու ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը (Ակ Բ.):

2.Դո՛ւրս գրիր դերանունները, որոշի՛ր դրանց տեսակը, հոլովն ու թիվը, պաշտոնը:

Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:

Նա ինքն էր իրեն կամավոր դուրս դրել այն ամենից, ինչին եռանդով ձգտում էին բոլորը:

Ամբողջ գիշեր այդ հարցը խռովել է հոգիս:

Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի:

Ողջ գիշերը հովը պարեց, ա՜խ, այնքա՜ն, այնքա՜ն թեթև:

Ամեն հոգի մի վիշտ ունի, ամեն մի ցավ` ամոքում:

Մենք մեկտեղ անցանք ճանապարհն այն ողջ, Ուր մահն էր սուլում իր դաժան հիմնը:

Ուզում էի մոռանալ ամենքին, ամեն ինչ:

Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձը տալիս ամենայն ճշտությամբ:

Յուրաքանչյուրս մեր բաժին կշտամբանքն ու ապտակներն ստացանք, բայց թե ինչի համար էինք թշնամացել, չասացինք:

3.Կազմի՛ր կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրիր նախադասություններ որոշյալ դերանունների տարբեր հոլովներով:

Հովհաննես Թումանյան, Թմկաբերդի առումը, 22․02-26․02

Կարդալ պոեմը և պատրաստվել քննարկման։
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

IՆադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

IIԷն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

IIIՈւ կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։

IVԷսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
    Թե չըլինին
    Կինն ու գինին։

VՈւ ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VIԳոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

    Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
    Ա՛յ նազանի աննըման.
    Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
    Աշխարհքի տերն անսահման…

    Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
    Սիրուններին միշտ գերի.
    Քու ճակատին թագ է վայել․
    Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VIIԴարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։
— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում։

VIIIԼուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

IXԷ՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

XԲաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XIԴահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XIIՀե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Ստեղծագործական աշխատանք․21․02

Գրի՛ր ստեղծագործական պատում՝ «Գիրքն իմ կյանքում» վերնագրով՝ գործածելով քեզ արդեն ծանոթ դերանունները։ Առաջարկի՛ր նաև քո թեման։ Կարդա և քննարկիր դասարանում քո ու ընկերներիդ գրածը։

Հովհաննես Թումանյան, «Եղջերուն». 20.02

Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը։ Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածում են, արշալուսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են գալի։

Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղը պահելու։

Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակտարն էր։

Մենք գնում էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում։ Ճամփին որսից էինք խոսում։

― Որսը բախտի պես բան է,― ասում էր Օսեփը։ ― Մին էլ տեսար երևութք էլավ ու քամի դառավ կորավ։ Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատիլ. կշփոթվի, կդողդողա, կփախցնի։ Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ, որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կեցավ։

― Հապա դուք ինչպե՞ս եք որսի ման գալիս, ուստա Օսեփ։

― Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի,― պատմում էր որսկանը։― Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ որսը ժաժ կգա, կգնա էն տեղը կպահի։ Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ՝ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին (հոտը) նրա վրա էլավ՝ պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ։ Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին։ Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել։

― Բարի րիգուն, Օվակիմ բիձա։

― Այ աստծու բարի ձեզ, դուք բարով եկաք. ա՛յ տղա էդ ինչ լավ ղոնախներ եք։ Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի․․․ Էս հենց աստոծ հասցրեց ձեզ․․․― ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն։

― Դու են ասա՝ որս ա ժաժ գալի, թե չէ, Օվակիմ բիձա,― անհամբեր հարց տվավ որսկանը։

― Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա, լոբին ուտում ու գնում։ Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ․․․ Պախրա մի՛ ասիլ, մի սար ասա։ Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի։

― Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի։

― Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել։ Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինն որոտում էր։

― Հա՜յ, հող ու ջրի աստոծ, հա՜,― աղաղակեց որսկանը։

Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը։

― Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնում եմ, որ աշխարքիս երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա։

― Ի՞նչի, Օվակիմ բիձա։

― Ինչին էլ որի՞ն էս ասում. տեսնում ես՝ դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ա՝ մի պախրա կսպանենք, կուտենք։ Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շնչավոր կենդանի ա, հրեն կեսգիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. չէ՝ էն էլ նրա սերն ու մուրազն ա․․․

― Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ,― ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը։

― Չէ՜, շատ մեղք բան ա, շա՜տ, ― գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.

― Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ։ ― Պատմի, Օվակիմ բիձա։

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։ Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․

Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միաժամանակ լուռ էինք։

― Օվակիմ բիձա, չէ որ ասում են պախրեն էլ տեր ունի,― խոսեց շալակտար Ղազարը։

― Ունի, բաս, պախրեն մեծ տեր ունի։  — Ետնա էդ դրո՞ւստ բան ա։

— Դրուստ ա, բաս։ Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

— Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են՝ որսկանությունը անիծած ա։

— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի՝ մի վիրավորված պախրա տեսավ։ Տեսավ՝ անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորած մնացել ա կողքին կանգնած, էստեղ սազն առավ ու մի խաղ ասավ։

Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով խարույկի առաջ երգում էր մութը ձորում.

Հե՜յ, պարոններ, տեսա կանանչ գարունքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատվելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկըտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Աստված սիրող՝ որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող՝ որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։* * *

Ամենքը քնեցին, ես մնացի զարթուն։ Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում։

Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել։ Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին։

Ու անքուն էի ես։

Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը։ Պարզ աշնանային գիշեր էր։ Չոր ցուրտը սեղմում էր։ Ձորերը խուլ թշշում էին։ Նրանք էլ ասես քնել էին, Օվակիմ բիձու նման փշշացնում էին խոր ու հանգիստ։

Բայց Քարվան-ղռան աստղը արդեն դուրս էր եկել․ մեր ճամփա ընկնելու ժամանակն էր։ Ես վեր կացրի իմ ընկերներին։ Նրանք շտապով հագան իրենց տրեխները, ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը․․․* * *

Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում։ Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը։ Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը։

Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ։ Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից։ Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել։ Ապա երևաց Եղջերուն՝ Լուսաստղը։ Վերկացավ վաղորդյան զեփյուռը։ Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին։ Անտառն սկսեց զարթնել։ Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ՝ հեռվից․․․

Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստից ու զմայլած դիտում էի շուրջս՝ բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը։

Հանկարծ մի ձայն․․․ չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում։ Նայում եմ էն կողմը։ Անտառը տակավին մութն է։ Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի՝ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ․․․ Բան չի երևում, բայց դարձյալ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ, մոտենում է ավելի ու ավելի․․․ Եվ, ահա, դուրս եկավ․․․

Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ։ Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը։

Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում։

Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս․․․ Շարժվեցի թե չէ՝ նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը․ վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հրացանի ձայնից անտառն որոտաց ու սկսեց ճռճռալ։ Էն եղջերուն էր փախչում։

― Հա՛յ, քո տունը չքանդվի,— ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի՝ ո՞ր կողմից կերևա փախած որսը։ Առավոտր բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանանչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը։

Վիրավորված էր եղջերուն։ Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու։ — Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է,— հայտնեց որսկան Օսեփը։* * *

Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում։ Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ վրա։ Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով։ Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճըղփալով ընկավ իր արյան մեջ՝ մի ծանր, անզոր թառանչով։

Որսկանը վրա վազեց․․․ Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի․․․ Նա բռնեց եղջերվի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը․․․ Ես կրկին ուզեցի մեջ մտնեմ․․․ դարձյալ սիրտ չարի․․․ Եվ ահա դաշույնը փայլատակեց․․․

Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում։ Ետևից մի խուլ տնքոց լսեցի․․․ ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․

Կարդա՛ պատմվածքը դասարանում, իսկ շարունակությունը ավարտի՛ն հասցրու տանը: Կատարի՛ր ստորև դրված հարցերն ու առաջադրանքները:

Հարցեր և առաջադրանքներ

1.Պատմվածքի հեղինակը ու՞մ հետ էր որսի գնացել:

2. Ո՞ր կենդանու որսն էր տարածված Եղնուտի կիրճում:

3. Տարիներ առաջ Օվակիմ բիձու գլխով ի՞նչ էր անցել:

4. Ի՞նչ համեմատություն անկացրեց Օվակիմ բիձան եղնիկի մոր և երեխայի մոր միջև:

5. Քո կարծիքով, կենդանական աշխարհը ինչո՞վ է նման / նաև տարբեր/ մարդկային աշխարհին:

6. Բնության մեջ ի՞նչ գեղեցկություններ ես տեսնում, ո՞րն է քեզ համար ամենակարևորը:

7. Ի՞նչ պատմություն էր անցել որսկան Փիրումի գլխով:

8.Ինչո՞ւ է որսկանությունն անիծված՝ ըստ մեր պատմվածքի հերոսների:

9.Կնկատեի՞ր եղջերուի գեղեցկությունը, թե՞ նրան կդիտեիր որպես որս:

10. Նկարագրիր պատմվածքի եղջերուին քո բառերով, բայց հեղինակի նկարագրությամբ ներշնչված:

11. Հեղինակն ինչո՞ւ ամաչեց խոսել իր զգացածի մասին, երբ տեսավ վիրավոր եղջերուին:

12. Նկարագրի՛ր հեղինակին և որսկան Օսեփին:

13. Ինչու՞ պատմվածքի հեղինակի համար կյանքը տգեղ թվաց, ի՞նչ հասկացար ստեղծագործության վերջին տողերից:

14.Ի՞նչ սովորեցրեց քեզ Թումանյանի «Եղջերուն» պատմվածքը:

15. Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները՝ հարստացնելով բառապաշարդ:

Դերանվան տեսակները. փոխադարձ, հարցական դերանուններ.19.02.2024 թ.

  Փոխադարձ դերանունը մատնացույց է անում փոխադարձաբար կապված և հարաբերվող առարկաներ (անձեր կամ իրեր)՝ առանց դրանք անվանելու՝ իրար, միմյանց, մեկմեկու (մեկմեկի):

  Չունի եզակի թիվ, ուղղական հոլով: Ներգոյականը գրեթե գործածական չէ։

  Հարաբերակից է գոյական անվանը (նրա համապատասխան հոլովաձևերին):

Հարցական դերանուն

  Հարցական դերանունը արտահայտում է հարցում առարկայի կամ հատկության մասին՝ առանց դա անվանելու:

  Լինում է չորս տեսակի՝

       • գոյականական՝ ո՞վ, ի՞նչ,

       • ածականական՝ ո՞ր, ինչպիսի՞, որպիսի՞,

       • թվականական՝ որքա՞ն, ինչքա՞ն, քանի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ,

       • մակբայական՝ ինչպե՞ս, որչա՞փ, ինչչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ, ինչո՞ւ:

  Կազմում է հարցական նախադասություն:

Ծանոթություն: Որպիսի՞, որչա՞փ, ինչչա՞փ դերանունները հնացած են:

  Հարցական դերանուններն արտասանվում են հարցական առոգանությամբ (հնչերանգով), որը գրավոր խոսքում արտահայտվում է հարցական նշանով։

  Հարցական հնչերանգը կարող է երբեմն փոխարինվել բացականչական հնչերանգով կամ շեշտով՝ արտահայտելով՝

     • ճարտասանական բացականչություն. Ո՛վ չի ճանաչում մեր նշանավոր զորավարին։ Ո՜ւր է քո հոր Թուր–Կեծակին։

     • «շատ» իմաստը. Որքա՜ն եմ տառապել ես նրա համար։ Ինչպե՜ս է փոխվել աշխարհը:

  Երկրորդական նախադասություններում և դրանցից առաջացած վերնագրային կառույցներում հարցական դերանունները սովորաբար լինում են առանց հարցական հնչերանգի և առոգանական նշանի. Չգիտեմ, թե ուր պիտի գնամ։ Նա չասաց, թե ինչու է եկել։ [Այն մասին, թե] Ինչ է ձևաբանությունը։

  Առոգանական նշանը դրվում է վերջին վանկի ձայնավորի վրա, եթե դա ը չէ (ե՞րբ, որքա՞ն, ո՞րը, ի՞նչը)։ Ո՞րերորդ, քանի՞երորդ դերանունների դեպքում նշանը դրվում է ոչ թե վերջածանցի, այլ արմատի վրա: Ո՞րերորդ դերանվան թեք ձևերում հարցական նշանը կարող է լինել թե՛ արմատի վրա (ո՞րերորդը, ո՞րերորդի, ո՞րերորդից, ո՞րերորդում, ո՞րերորդներին և այլն), թե՛ բառավերջում (որերո՞րդը, որերորդի՞, որերորդի՞ց, որերորդո՞ւմ, որերորդների՞ն և այլն):

Կատարել առաջադրանքները:

   1.Ընդգծե՛ք փոխադարձ 3 դերանուն.

ա) միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը

բ) ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

  2. Ընդգծե՛ք հարցական 3 դերանուն.

ա) այնպիսի, ինչպիսի՞, ո՞ր, համայն, ո՞վ, նա

բ) որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ւր, որևիցե

գ) երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞

   3.Ընդգծե՛ք հարաբերական 3 դերանուն.

ա) ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի

բ) այսինչ, ինչպես, որևէ, նրանք, որքանով, որից

գ) որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա

   4.Ընդգծե՛ք 5 դերանուն.

ա) բոլորովին, ինքը, մեկնումեկը, ինքնին, տեղնուտեղը, այլ, ոչ մի, այլևս, որքա՞ն, առմիշտ

բ) սա, ուր որ է, ինչ–ինչ, այժմ, որևիցե, փոքր–ինչ, ե՞րբ, միասին, նույնպիսի, եռաչափ

գ) ամեն մեկը, մեկտեղ, ո՞ւր, այլուր, նույնտեղ, ամենուր, մի քանի, մեջտեղ, յուրովի, ամբողջ

   5.Ընդգծե՛ք գոյականական 3 դերանուն.

ա) այդ, ես, ի՞նչ, այնինչ, ամեն ոք, սույն

բ) ոչինչ, այլ, ո՞վ, այնքան, այսպես, իրար

գ) որևէ, նա, յուրաքանչյուր ոք, ինչքա՞ն, այսինչ, մեկմեկու

   6.Ընդգծե՛ք ածականական 3 դերանուն.

ա) այդպես, այս, ոչ մեկը, ինչպիսի՞, բոլոր, դու

բ) յուրաքանչյուր, իրենք, որտե՞ղ, որոշ, սրանք, ո՞ր

գ) ոչ ոք, միևնույն, համայն, որչա՞փ, ինչ–որ, ամենքը

   7.Ընդգծե՛ք թվականական 3 դերանուն.

ա) միմյանց, մի քանի, որչա՞փ, նույն, նույնքան, այստեղ

բ) քանի՞, այսպիսի, այդքան, նույնպես, ո՞րերորդ, դա

գ) ոմանք, այսքան, այնպես, ո՞ր, որքան, քանի՞երորդ

  8. Ընդգծե՛ք մակբայական 3 դերանուն.

ա) նույնչափ, դրանք, երբևէ, այն, ո՞ւր, ամեն մի

բ) ողջ, այնտեղ, ինչպե՞ս, մեկը, նույնպիսի, երբևիցե

գ) այդտեղ, դուք, ամենայն, այսքան, ե՞րբ, ուրիշ

   9.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տղամարդը ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է (իր, իրեն) համար։

բ) Հարգելի՛ տիկին, չէի՞ք ասի՝ Ձեր անունն (ի՞նչ, ինչպե՞ս) է:

գ) Նա հասցրել էր կարդալ դպրոցի գրադարանի (բոլոր, ամբողջ) գրքերը:

դ) Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Պռոշյան, Րաֆֆի, Աղայան և (այլք, այլոք). որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ են։

ե) Հանդեսին հրավիրել էինք մի խումբ պաշտոնյաների, սակայն (ոչ մեկ, ոչ մեկը) չեկավ։

զ) Աչքերի ձևը նույնն էր, (ինչ–որ, ինչ որ) ծովափի կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ:

է) Ինքս էլ չիմացա, թե (ինչու, ինչի) պատճառ բռնեցի գիրքը, ասացի, որ չեմ կարող գալ։

ը) Երեք ընկերոջ ժամադրել էի համերգ գնալու համար, բայց ոչ մեկը (չեկան, չեկավ

թ) Կիրակի օրը ծրագրել էինք զբոսարշավի մեկնել Ամբերդ և Քարի լիճ, բայց մեր դասղեկը առաջարկեց արշավը հետաձգել մեկ ամսով՝ առանց կարգին բացատրելու, թե (ինչու, ինչի) համար։

ժ) (Ողջ, բոլոր) շրջակա փողոցները լցված են հրասայլերով։