Ձմեռային ճամբար 2024. հաշվետվություն

Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝ «Ծանոթանում ենք Գորիսի բարբառին», «Հանդիպում լեզվաբանի հետ», «Ողղախոսական շեղումները ժամանակակից մամուլում և հեռուստատեսության մեջ»: Նախագծերի մասնակիցները Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ էին, որոնք մեծ հետաքրքրությամբ, ինչու չէ, նաև բավականին դժվարություններով իրականացրին նախագծերը: Այս ուսումնական շրջանը արդյունավետ էր և՛ ինձ, և՛ նախագծերի մասնակիցների համար: Հատկապես կարևոր էր Ազգագրության ստուգատեսին նրանց մասնակցությունը՝ բարբառային նախագծով, որի ընթացքում ճամբարականները ծանոթացան Գորիսի բարբառին, ձեռք բերեցին ընթերցանության հմտություններ՝ հարստացնելով իրենց բառապաշարը բարբառային և դրանց համարժեք գրական հայերեն բառերով: Սովորողները նախագծի իրականացման ընթացքում մասնակցեցին մասնագետի հետ հանդիպմանը՝ կլոր սեղան — քննարկմանը, որը տեղի ունեցավ Ազգագրության փառատոնի շրջանակում:

Ազգագրական փառատոնի ամփոփում

Ձմեռային Ազգագրական փառատոն 2024-ին իմ մասնակցությունը շատ կարևոր էր ինձ և իմ նախագիծն իրականացրած ճամբարականների համար: Ազգագրական փառատոնի ընթացքում Միջին դպրոցի տարբեր ջոկատների հետ իրականացրինք շատ հետաքրքիր մի նախագիծ՝ «Ծանոթանում ենք Գորիսի բարբառին», որի ընթացքում ճամբարականները նախ ծանոթացան բարբառ եզրույթին, իմացան բարբառների կարևոր դերի ու նշանակության մասին: Փորձեցինք պարզել, թե սովորողներից ովքեր են բարբառակիր, կամ ընտանիքի անդամներից կա՞ն արդյոք բարբառակիրներ: Այսպես նախագծի շուրջ հավաքվեց սովորողների մի մեծ խումբ, որոնց մեջ կային նաև արցախցի երեխաներ: Արցախցի երեխաների համար նախագիծն ավելի հեշտ էր, որի պատճառը Գորիս- Արցախ բարբառների միջև եղած նմանություններն են՝ թե՛ արտաանական, թե՛ հնչյունական, թե՛ բառապաշարային պլաններում: Նախագիծն իրականացրել ենք ,այսպես ասած, երկու փուլով. առաջին փուլում սովորողներին տրվել են համապատասխան տեսական գիտելիքներ բարբառի և գրական հայերենի տարբերությունների, հնչյունական համակարգի առանձնահատկությունների/ Գորիսի բարբառն ունի ավելի շատ ձայնավոր և բաղաձայն հնչյուններ, քան գրական հայերենը /, քերականական ձևերի, շարահյուսական յուրահատուկ կառույցների մասին: Տեսական նյութի յուրացումից հետո անցել ենք գործնական աշխատանքին, որի ընթացքում սովորողներին առաջարկված ընթերցանության նյութերից ընտրել ենք ավելի հետաքրքիր և ուսուցողական տեքստեր՝ հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, դրանք ընթերցել և փոխադրել են գրական հայերեն, կատարել են ընթերցանության ձայնագրություններ՝ նպատակ ունենալով առաջիկայում հավաքագրել լավագույն ընթերցանությունները և ստեղծել աուդիոգրքեր: Սովորողներից ոմանք կազմել են բացատրական բառարաններ իրենց ընթերցած նյութի բառապաշարից: Նախագիծը համակողմանիորեն ամբողջացրեց հայերենի բարբառներին նվիրված թեմայով կլոր սեղան- քննարկումը, որին ակտիվ մասնակցեցին սովորողները՝ ստանալով իրենց հուզող մյուս հարցերի պատասխանները: Ամփոփելով Ազգագրության ստուգատեսին մեր մասնակցությունը այս ուղղվածությամբ՝ կարող եմ ասել, որ մեծամասամբ հասել ենք մեր նպատակին՝ կարողանալով սովորողների մեջ առաջացնել հետաքրքրություն դեպի իրենց անծանոթ մի թեմա՝ Գորիսի բարբառը՝ դրանով նաև շեշտելով ազգային մշակույթի պահպանման գործում բարբառների ունեցած մեծ դերը:

Նախապես ծրագրել էինք նաև եռօրյա հայրենագիտական- ճանաչողական էքսկուրսիա դեպի Գորիս, սակայն այն մնաց անկատար եղանակային վատ պայմանների պատճառով:

Արդյունքները ստորև՝

1. Միքայել Պետրոսյան — 6.9

2. Ալիսա Փիլոյան — 8․2

3. Մայքլ Դանիելյան -7.2

4. Ալիսա Հովսեփյան — 8.8

5. Գայանե Հարությունյան- 7.3

6. Նարե Հովհաննիսյան — 8.1

7. Հարություն Ավագյան — 7.2

8. Անգելինա Եգանյան — 8.8

9. Մարիա Տեր-Ստեփանյան — 6.9

Լրացվող…

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանը ինձ համար նաև աշխատանքային գործունեությանս մեկնարկն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Աշխատանքս Միջին դպրոցի 7-րդ դասարանցիների հետ էր։ Առարկայական ծրագիրը ըստ էության հասցրել ենք կատարել՝ իրականացնելով և՛ կրթահամալիրյան օրացույցով նախատեսված նախագծերը/« Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն», «Սեբաստացու օրեր,կրթահամալիրյան տոն»,«Կոմիտասյան օրեր»․․․/, և՛ այլ նախագծեր՝ «Կարդում ենք Վ․Սարոյան», «Կարդում ենք Վ․ Թոթովենց»,«Կարդում ենք Մ․ Գալշոյան», «Ամանորը՝ ստեղծագործական ներշնչանքի աղբյուր»,«Ամանորյա ընթերցողական նախագիծ», «Սովորում ենք գոյական անուն»,« Սովորում ենք ածական անուն» քերականական նախագծերը։ Առողջական խնդիրների պատճառով ստիպված եմ եղել հոկտեմբեր ամսին մեկ շաբաթ բացակայել՝ ներկայացնելով անաշխատունակության թերթիկ։ Բացակայությանս ընթացում դասաժամերս փոխարինվել են մայրենիի մասնագետներով։ Ամենօրյա մասնակցություն եմ ունեցել առավոտյան ընդհանուր պարապմունքներին /մեկ անգամ կազմել եմ նաև ծրագիրը/,մասնակցել եմ մեդիաուրբաթներին/2 անգամ բացակայել եմ ՝ըստ կարգի տեղեկացնելով դպրոցի ղեկավարին/, ուսումնական ժամերգություններին։ Դասապրոցեսին որպես թվային գործիք կիրառում եմ անհատական նոթբուք։ Կատարվել է ամենօրյա հաշվառում և ամենամսյա գնահատում սովորողների բլոգների պարբերական ստուգումից հետո։ Քերականության ուսուցման ընթացքում կիրառել եմ իմ կազմած առաջադրանքները, օգտվել եմ նաև մենթորիս կազմած աջադրանքներից, շատ եմ գործածել Ս․Մարկոսյանի 7-րդ դասարանի քերականության գիրքը։ Ամեն շաբաթ մասնակցել եմ Գրական ակումբի քննարկումներին, ընթերցել եմ Դպիրի հոդվածներից, անդրադարձել եմ դրանցից մեկին։

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանը ինձ համար նաև առաջին քայլն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ իմ աշխատանքը Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողների հետ էր: Այս տարիքային խմբի հետ աշխատելը, անկեղծ ասած, այդքան էլ հեշտ չէր, որովհետև նախորդ տարիների աշխատանքս եղել է ուսանողների հետ, և միանգամից այսպիսի կտրուկ անցումն ու փոփոխությունը գոնե ինձ համար ակնառու էր: Եղել են դժվար պահեր, երբ թուլացել եմ, բայց հաջորդ վայրկյանին կրկին ոգևորվելու ու թևեր առնելու առիթները չեն ուշացել, ու այսպես վայրիվերումներով, հուզումնառատ պահերով, անընդհատ տալով ու վերցնելով անցավ իմ առաջին ուսումնական շրջանը: Ապրելով յուրաքանչյուր սովորողի հետ/ ի՞նչ վերցրեց այդ դասաժամից, ի՞նչն էր մնայուն, ի՞նչն էր անցողիկ, ի՞նչ զգաց սովորողը՝ ինձ հետ այդ 45 րոպեն հաղորդակցվելով, ի՞նչ նոր գիտելիք տվեց այս կամ այն նախագիծը,կսպասի՞ արդյոք հաջորդ հանդիպմանը/՝ ևս մեկ անգամ հասկանում ես, որ մանկավարժությունը սոսկ աշխատանք չէ, որը կարող ես աշխատավայրում ավարտել. այն նվիրում է, որ պահանջում է մեծ ուժ ու կամք: Պետք է չհանձնվես, որքան էլ որ դժվար լինի: Փորձում ես մոտենալ սովորողին, բայց սահմանը միշտ էլ նա է գծում. որքան նա թույլ է տալիս, դու այդքան կարող ես մոտենալ նրան, և ինչքան շատ, այնքան ավելի հեշտ դու նրան կօգնես, կառաջնորդես ուսման մեջ և, ինչու չէ, նաև կյանքում: Իմ կարծիքով, դպրոցն այն վայրն է, որը պետք է տարբերվի մյուս բոլոր միջավայրերից.այստեղ սովորողն իրեն ազատ է զգում, անկաշկանդ, սիրում է լինել այստեղ, բայց միևնույն է, նա պետք է զգա դպրոցի տարբերությունը. դպրոցը սուրբ է. սովորողը պետք է գիտակցի, որ ոչ թե դրսից պետք է բերի դպրոց, այլ դպրոցից պետք է տանի, իսկ դպրոցի միջավայրը ստեղծողները առաջին հերթին մենք ենք՝ դասավանդողներս: Եվ թե ինչ կտանի աշակերտն իր հետ, մեծ հաշվով պայմանավորված է նրանով, թե ինչ կտանք մենք նրան… Այս և նման կարևոր հարցերի գիտակցումով ամեն անգամ դասարան մտնելով՝ ևս մեկ անգամ համոզվում ես, որ պետք է լինես ուժեղ, կարողանաս բավարարել աշակերտի հետաքրքրությունները՝ մաղելով դրանք, կարևորն ու անկարևորը առանձնացնելով նրա գիտակցության մեջ: Մեր նպատակը, առարկայական գիտելիք տալուց զատ, բարեկիրթ անհատ կրթելն է, վաղվա հասարակության համար լիարժեք քաղաքացի ձևավորելը, որը պետք է անել առանց նրա հոգին դեֆորմացնելու, առանց հետքեր և սպիներ թողնելու: Երևի դժվար պատահի, որ դպրոցում լավ մարդ ձևավորված սովորողը՝ անհատը, հետագայում անպիտան դառնա. հակառակը գուցե լինի, բայց դպրոցը ամբողջ կյանքի համար պետք է կրթի,վաղվա կյանքի համար, որ կրում է իր մեջ նոր ժամանակների մարտահրավերները:

Մեկ դիտարկում կցանկանայի անել․ չգիտեմ՝ որքանով նկատառումս իրատեսական կթվա, բայց կուզեի խոսել ժամանակի սղության մասին. ժամանակը միշտ քիչ է: Ինչպես գիտենք, ուսուցումը պահանջում է անհատական մոտեցում, մանավանդ Միջին դպրոցում՝ սովորողների տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, իսկ դասաժամին չես հասցնում յուրաքանչյուր սովորողի անհատական մոտեցում ցույց տալ, միաժամանակ նոր թեմայի մասին խոսել,նրանց հարցերին պատասխանել, ստուգել, քննարկել կատարված հանձնարարությունները. ինչ-որ բան կարծես մնում է կիսատ: Ճիշտ է, նամակագրությամբ ևս շարունակվում էր սովորողների հետ աշխատանքը, բայց դա ևս լիարժեք չէր լինում շատ սովորողների համար: Կարծում եմ փոքր խմբերով աշխատանքը ավելի արդյունավետ կլինի և կկարողանաս հնարավորինս ավելին հասցնել սովորողին,այն սովորողին, որին ավելի դժվար է տրվում գիտելիքը՝ պայմանավորված տարբեր գործոններով․․․

Շարունակելի․․․