Գործնական քերականություն բայից, 01. 04. 2024թ.

1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

2Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

3.Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են ե խոնարհման, որոնք՝ ա խոնարհման։

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

4. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-
քնել-
պայծառանալ-
զգալ-
զբաղվել-
զնգալ-
դադարել-
փայլել-
նրբանալ-
ծաղկել-

5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

6. Նախադասություններում գտի՛ր սխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը: 

 Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:

7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի բարձունքի  միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:

 8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:

Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:
 Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:

9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:

Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են:

 10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու  երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր: 

Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:




Կարդում ենք Ակսել Բակունց

Նախագծի նպատակը՝ 

  • ծանոթանալ Բակունցի գունագեղ աշխարհին, 
  • ընթերցել ստեղծագործությունները, 
  • բակունցյան պատկերներով ձևավորել գեղագիտական ճաշակ,
  • զարգացնել վերլուծական մտածողությունը։ 

Նախագծի խնդիրները՝ 

  • ճանաչել Բակունցին՝ որպես արձակ ստեղածագործություններում զգացմունքներ, հոգեվիճակ, բնություն պատկերող գրողի, 
  • ուսումնասիրել Բակունցի արձակի առանձնահատկությունները։ 

Մասնակիցները՝ Միջին դպրոցի 7-րդ դասարանցիներ

Ընթերցանության նյութեր

«Օրանջիա»

«Մթնաձոր»

«Լառ- Մարգարը»

«Սպիտակ ձին»

Հուշեր Բակունցի մասին

Իրականացման ընթացքը՝

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկների գրանցում, 
  • անելիքների ճշգրտում, նախագծի ամբողջացում՝ ելնելով առաջարկներից, 
  • ստեղծագործությունների ընթերցում,
  • քննարկումների կազմակերպում, 
  • գրավոր վերլուծությունների պատրաստում, հրապարակում, 
  • նախագծի ամփոփում, արդյունքների հանրայնացում։ 

    Արդյունքները

1․ Նիկողոսյան Նարինե

2․ Արղության Ինեսա

3․ Սարգսյան Տաթևիկ

4․ Օհանջանյան Մանե

5․ Ոսկանյան Աննա

6․ Ներսիսյան Մարիամ

7․ Հարությունյան Գայանե

8․ Թանաշյան Գաբրիելա

9․ Արսինե Կարապետյան

10․ Գեղամ Առաքելյան-1

11․ Գեղամ Առաքելյան-2

Գիտելիքի փոխանցում, մարտ

Կազմել և ամբողջացրել ենք Եղիշե Չարենց ընթերցողական նախագիծը, համակարգել փետրվարին լրամշակած Կարդում ենք Թումանյան նախագիծը։ Նախագծի արդյունքներից հրապարակել ենք Միջին դպրոցի ենթակայքում։

Աշխատել ենք հայոց լեզվի քերականական առաջադրանքների ընտրության և համակարգման շուրջ։ Տիկին Կարինեի հետ մեթոդական, մանկավարժական՝ սովորույթ դարձած քննարկումների ընթացքում կարծես ավելի լավ եմ սկսում ճանաչել կրթահամալիրը, սովորողնեի կարիքներն ու խնդիրները՝ հետագայում շեշտը փորձելով դնել դրանց բավարարման և լուծման վրա։

Բայի հիմքը

  1. Կազմի՛ր տրված բայերի ներկայի / առաջին/ և անցյալի / երկրորդ/ հիմքերը. գրել, կարդալ, գտնել, հասնել, թռչել, վախենալ, քարանալ, քարացնել, վախեցնել, հասցնել, սիրվել, ցատկոտել, կոտրատել:

Օրինակ՝ գրում եմ-գր- ներկայի հիմք, գրեցի-գրեց-անցյալի հիմք

2. Որոշի՛ր տրված բայերի կազմությունը, ընդգծի՛ր ածանցները. սիրել, փնտրել, խոսել, վախենալ, մտնել, փախչել, առնել, հագենալ, կիսվել, ժանգոտել, ջարդոտել, կարոտել, բզկտել, աշխատել:

Վահան Տերյան, «Մթնշաղի անուրջներ». 21.03

1.Կարդա՛ Մթնշաղի անուրջներ ժողովածուի բանաստեղծություններից, ընտրի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր բերանացի և ձայնագրի՛ր:

2. Քո ընտրած բանաստեղծությունը փորձիր վերլուծել, ինչպես հասկացել ես:

Բայի կազմությունը

228. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:
Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:

 
Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:
Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:
Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:

229. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`
 
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազել, պարել, աշխատել, ուտել, կարմրել, սովորել, խմել, շփոթել, լռել, վստահել, հագենալ, մոտենալ, մերձենալ:

230. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

231.Սխալ կազմած  պատճառական բայերն ուղի՛ր:

Քնեցնել, հաշտեցնել, լռացնել, ուտացնել, լսեցնել, ճերմակեցնել, կարմրացնել, վախացնել, աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահացնել, ծառայացնել, ապրացնել:

232. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ`

ա) զգալ- զգացնել, (զգացրի)

բ) մեծանալ – մեծացնել,(մեծացրի)

գ) հագնել- հագցնել (հագցրի)
ա) Խաղալ, դողալ, եռալ, թվալ, հավատալ:
բ) Փոքրանալ, լավանալ, վատանալ, բարեկամանալ, թշմանալ, մանրանալ, հզորանալ, բարձրանալ, քարանալ:
գ) Հասնել, թռչել, տեսնել, փախչել, փակչել, կպչել:

233. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր՝ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

234. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու
տալ  բայի օգնությամբ:

Օրինակ` 

 զանգել-զանգել տալ:
Հանձնել, պատժել, ասել, աղմկել, պատասխանել, զրուցել, հայտնել, աղալ, բանալ, տանել:

235. Տրված բայերը  հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:

Օրինակ`
լսել- լսեցնել , լսել տալ:
Իմանալ, բարկանալ, տեսնել, զգալ:

236. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:

Հասկանալ տվեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց այդ կողմերից:
Իմանալ տվեց,  որ շուտով գալու է:
Զգացրեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց, որ քաղաքից հեռու չգնան:

237. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի,Առաջաբան

Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն: Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ: Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայքով,-ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա:

Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ -ծանրանում է սրտիս, անողոք -ուտում է սիրտս:

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ: Լինում է, որ ես թերթ եմ կարդում կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու: Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի. մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ:-Այսքան կամ այսքան:-Ու մի պահ, հարցական, նայում է ինձ: Եվ, երևակայո՞ւմ եք,-հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից -աչքերի մշուշից -սահում է, ինձ է նայում -նա: Նայում է երկա՜ր-երկար: Ասում է՝ չե՞ս ճանաչում:-Մոռացե՞լ ես,-հարցնում է նա: Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս -վերադառնում եմ տուն:

Երբեմն էլ ես տեսնում եմ նրան… հորս՝ Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ… մազերում: Հորս՝ Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա -նայում է ինձ: Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա: Ապրում է, աներևույթ մեր ամեն ինչում:

Բայց ո՞վ է կամ ի՞նչ է նա -ահա ամենաէականը: Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ: Գիտեմ, որ նա -կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է -հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,-կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ կամ ցնորք:

Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է -ո՞ւր… Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից -կանչում է նա: Ո՞վ է լսում: Ով էլ որ լսում է -շա՞տ բան է հասկանում: Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը -շա՞տ բան եմ հասկացել: Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում-մտերիմ, կանչում -անվերջ: Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ-սրտով, սիրել նրան:

Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…

-Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես-նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:

Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,-մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.-«Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երևույթը -նաիրյանը -սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային… Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա… Գուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ:-Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն…»:

. . . . . . . . . . . . . . .

Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու… այո, դու — գտնես Նաիրին: Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի:

Իսկ եթե, բան է, չգտար-ների՛ր, սիրելիս, ես չեմ մեղավորը… Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն -կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ -ոչինչ: Ոչ մի «երկիր Նաիրի» -այլ միայն -մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որ հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը -և ուրիշ ոչինչ…

Ուրիշ ոչինչ:

. . . . . . . . . . . . . . .

Մնացածը -վեպում:

Ե. Չ. Մոսկվա. 1921. հոկտեմբեր

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Տեքստից հանել անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրել։

2․ Ո՞ր երկրի մասին էր խոսում հեղինակը։

3․ Ի՞նչ կարոտի մասին էր խոսում հեղինակը։

4․ Մեկնաբանիր հետևյալ տողերը։

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

5․ Ինչո՞ւ է հեղինակը ընթերցողին պատգամում հարցերի պատասխանները գտնել իր հոգում։ Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…

6․ Ի՞նչ տարբերություն կա Նաիրի երկրի և Հայաստանի միջև / ըստ ստեղծագործության/։

7․ Պատասխանի՛ր հեղինակի հարցերին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս,ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:

Խուսափենք սխալ խոսելուց

1․ Յ․ Ավետիսյան, Հայոց լեզու, Խոսքի մշակույթ գրքից կարդալ էջ 26-31-ը, բլոգում ներկայացնել՝ ինչ հասկացար։

2․ Կատարել առաջադրանքներ այս գրքից․

էջ 11-ի վարժություն 5-ը,

էջ 14-ի վարժություն 10-ը,11-ը,

էջ 17-ի վարժություն 14-ը,

էջ 25-ի վարժություն 26-ը,

էջ 28-ի վարժություն 29-ը,

էջ 31-ի վարժություն 32-ը

էջ 34-ի վարժություն 35-ը

Թումանյան

Թումանյան մեծության մասին, կարծում եմ, ինչպիսի նախագիծ էլ գրվի, միշտ ինչ- որ բան պակաս կլինի, որովհետև տիեզերական անհունության մեջ անգամ անհնար կլինի տեղավորել նման հանճարի կյանքն ու գործը: Նախագիծը ըստ էության համակողմանիորեն մշակված էր, բայց որոշակի կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, այնուամենայնիվ, կատարել եմ: Փոփոխությունները նախագծի խնդիրների մեջ եմ կատարել՝ ավելացնելով հետևյալ կետերը՝

  • Թումանյանը՝ գրականության տեսաբան և քննադատ,
  • Բանաստեղծի գեղագիտական հայացքների բացահայտում
  • Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրություն՝ որպես ազգային բանահյուսության կենդանի կրող,
  •  Թումանյանի արվեստի, լեզվի յուրահատկությունների ուսումնասիրում, ժողովրդախոսակցական հայերենի հմայքի բացահայտում նրա ստեղծագործությունների միջոցով,
  • Թումանյան գրական երևույթի և մարդու համակողմանի բացահայտում:

Նախագծի ժամանակացույցի, իրականացման ընթացքի ու աշխատանքային ուղղությունների հետ կապված ոչ մի փոփոխություն չեմ կատարել, որովհետև ըստ հաջորդականության ներկայացված էր այդ ամենի բովանդակությունը:

Միջին օղակի գործունեության մեջ ավելացրել եմ Թումանյանի կենսագրության, հայրենի բնաշխարհի՝ որպես գրողի ստեղծագործական ներշնչանքի աղբյուր, ուսումնառության, ազգային-հասարակական գործունեության, Թումանյանի՝ որպես թարգմանչի, նրա լեզվական արվեստի, Թումանյանի գրական տեսակների համակարգի՝ բանաստեղծություն, քառյակ, պոեմ, բալլադ, պատմվածք, նորավեպ, հեքիաթ, հուշագրություն ուսումնասիրությունները:

Բովանդակության մեջ ավելացրել եմ որոշ հեքիաթներ, որոնք չկային,նախնական տարբերակում պոեմներն էին ,ավելացրել եմ նաև լեգենդներն ու բալլադները , պատմվածքներից որոշ պատմվածքներ:

Եվ վերջում Թումանյանի ուսումնասիրության մասին գրականություն: