Թումանյան

Թումանյան մեծության մասին, կարծում եմ, ինչպիսի նախագիծ էլ գրվի, միշտ ինչ- որ բան պակաս կլինի, որովհետև տիեզերական անհունության մեջ անգամ անհնար կլինի տեղավորել նման հանճարի կյանքն ու գործը: Նախագիծը ըստ էության համակողմանիորեն մշակված էր, բայց որոշակի կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, այնուամենայնիվ, կատարել եմ: Փոփոխությունները նախագծի խնդիրների մեջ եմ կատարել՝ ավելացնելով հետևյալ կետերը՝

  • Թումանյանը՝ գրականության տեսաբան և քննադատ,
  • Բանաստեղծի գեղագիտական հայացքների բացահայտում
  • Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրություն՝ որպես ազգային բանահյուսության կենդանի կրող,
  •  Թումանյանի արվեստի, լեզվի յուրահատկությունների ուսումնասիրում, ժողովրդախոսակցական հայերենի հմայքի բացահայտում նրա ստեղծագործությունների միջոցով,
  • Թումանյան գրական երևույթի և մարդու համակողմանի բացահայտում:

Նախագծի ժամանակացույցի, իրականացման ընթացքի ու աշխատանքային ուղղությունների հետ կապված ոչ մի փոփոխություն չեմ կատարել, որովհետև ըստ հաջորդականության ներկայացված էր այդ ամենի բովանդակությունը:

Միջին օղակի գործունեության մեջ ավելացրել եմ Թումանյանի կենսագրության, հայրենի բնաշխարհի՝ որպես գրողի ստեղծագործական ներշնչանքի աղբյուր, ուսումնառության, ազգային-հասարակական գործունեության, Թումանյանի՝ որպես թարգմանչի, նրա լեզվական արվեստի, Թումանյանի գրական տեսակների համակարգի՝ բանաստեղծություն, քառյակ, պոեմ, բալլադ, պատմվածք, նորավեպ, հեքիաթ, հուշագրություն ուսումնասիրությունները:

Բովանդակության մեջ ավելացրել եմ որոշ հեքիաթներ, որոնք չկային,նախնական տարբերակում պոեմներն էին ,ավելացրել եմ նաև լեգենդներն ու բալլադները , պատմվածքներից որոշ պատմվածքներ:

Եվ վերջում Թումանյանի ուսումնասիրության մասին գրականություն:

Գիտելիքի փոխանցում, փետրվար

Փետրվար ամիսը սկսել ենք ընթերցողական նախագծերի համակարգման շուրջ աշխատանքով: Տիկին Կարինեի հետ ամփոփել եմ ձմեռային ճամբարի ընթացքում իրականացրած նախագծերը, քննարկել դրանց իրականացման ընթացքում առաջացած դժվարություններն ու խնդիրները։ Պարբերաբար քննարկել ենք գործնական առաջադրանքներ կազմելու, դրանց հաջող և արդյունավետ իրականացման քայլերը։ Ամենաշաբաթյա դասալսումներից հետո ևս մեթոդական մի շարք հարցեր ենք քննարկել, համատեղ փնտրել դրանց հստակ լուծումներն ու եղանակները: Մենթորիս հետ աշխատանքը համարում եմ շատ արդյունավետ:

«Կրթահամալիրը որպես մի հսկա լաբորատորիա» հոդվածն ընթերցելուց հետո

Հեղինակ՝ Մարիետ Սիմոնյան

Հոդվածի առաջին տողերն ընթերցելիս արդեն իսկ իմ առջև պատկերանում է հենց այն կրթահամալիրը, որտեղ ես ոտք դրեցի ընդամենը ամիսներ առաջ։ Կրթահամալիր, որտեղ, ըստ հոդվածագրի, առաջ մղող ուժը ստեղծագործ միտքն է ու գաղափարը, անհատի՝ դժվարության առաջ ցուցաբերած անկոտրում կամքն ու ոգին ,որոնք հաջողության հասնելու կարևոր գրավականներից են։ Եվ այս ստեղծարար գործունեությունը կյանքի է կոչվում բարի ու կամեցող, մարդկային բարձր արժեքների տեր մարդկանց՝ դասավանդողների միջավայրում․․․Այստեղից ինձ համար հասկանալի է դառնում մի պարզ ճշմարտություն ․կրթահամալիրում սովորողները ոչ միայն գիտելիք են ձեռք բերում այս կամ այն բնագավառից, այլև կրթվում են համակողմանիորեն՝ դառնալով մանկավարժական այս հսկա լաբորատորիայի ավանդույթների կենդանի կրողը, ինչու չէ, նաև ՝ տարածողը։

Կրթահամալիրի անցած ուղին (հեղինակի խոսքով՝ կրթահամալիրը երեկ) այնքան էլ հեշտ ու հարթ չի եղել, և դա շատ բնական է, որովհետև ցանկացած նորի ստեղծումը, առավել ևս, երբ այդ նորը նաև հեղինակային է ու մնայուն, պետք է լինի դժվար․․․Եվ հենց հեղինակի նշած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին էլ հղկվել ու ամբողջացել է հեղինակային մանկավարժությունը, որի ստեղծարար գաղափարը կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն տիար Բլեյանինն էր, ով իր իրատեսական գաղափարներով կարողացավ ոգեշնչել ու իր շուրջը համախմբել այն անհատներին, ովքեր այսօր արդեն կրթահամալիրի «հնաբնակներն» են (մեջբերումը հեղինակից)։

Բլեյան դպրոցի երեկը կարողացավ իր հաստատուն խոսքն ասել մեր երկրի կրթության բարդ ու բազմաբովանդակ աշխարհում․ասվածի վառ ապացույցը կրթահամալիրի այսօրն է։ Այսօր արդեն նոր հարթության վրա է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը․ համացանցը, համակարգչային — բլոգային ուսուցումը, նախագծային ուսուցումը և այս ամենի բաց ու թափանցիկ լինելը հանրապետությունում նախադեպը չունեցող «մանկավարժական հսկա մի լաբորատորիա» է( մեջբերումը հեղինակից), որի արմատները արդեն բավականին խորն են ու տարածուն։

Կրթահամալիրի վաղվա օրը, ըստ հեղինակի, արդեն կանխորոշված է, որովհետև այն, ինչ ստեղծվել է այս տարիների տքնաջան ու համառ, ստեղծագործ ու արդիական գաղափարների իրագործման ընթացքում, դրա վառ ապացույցն է։ Հեղինակային մանկավարժությունը դեռ շատ ասելիք ունի հանրակրթության անսահման դաշտում, և այդ ասելիքին ապագայում ավելի շատ ականջալուր լինողներ կլինեն․դա է փաստում կրթահամալիրի սովորողների օրեցօր աճող թիվը, որոնք առաջնությունը տալիս են ստեղծագործ ու պրպտուն մտքին՝ դոգմաներից ու կաղապարներից զերծ՝ կյանքի ու տեխնոլոգիաների զարգացման այս սրընթաց ուղին անցնելու համար։

Ամփոփելով կարող եմ ասել, որ մանկավարժական այս հսկա լաբորատորիան ինչ- որ չափով դարձել է նաև իմը։ Ստանդարտներից ու հատուկ ձևաչափերից դուրս մեր կրթահամալիրը յուրաքանչյուրիս (ոչ միայն սովորողների) համար նաև կյանքի դպրոց է, որտեղ միտքդ ու հոգիդ շարունակ սլացքի մեջ են, պրպտումների ու որոնումների անհատնում ուղում, ամեն օր նոր բան փնտրելու և գտնելու չընդհատվող ճանապարհի վրա․․․

Հնչյունաբանություն․ հնչյունների տեսակները։11․09-13․09

1․Ընդհանուր գաղափար հնչյունի և տառի մասին,դրանց տարբերությունները։

2․Ձայնավոր և բաղաձայն հնչյունների դասակարգումը, բաղաձայնական եռաշար և երկշար համակարգերը։

Սովորողների հետ հետադարձ կապի միջոցով կներկայացնենք վերը նշված հնչյունաբանական երևույթները, դրանց գրագետ կիրառումը գրավոր և բանավոր խոսքում, ստորև ներկայացված գործնական աշխատանքների միջոցով կամրակայենք սովորածը։

 1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`

հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:

Յուրաքանչյուր, արհամարհել, ակնդետ, լուսնկա, ուղևորվել, երկաթյա, Սեբաստիա, հիացմունք:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

հնչյունները ձայնավորներ են:

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները… բաղաձայններ են:

Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները … բաղաձայններ են:

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:

  • Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

բ)  Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով:

գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով:

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով:

5. Գրի՛ր թե նախորդ վարժության մեջ առաջադրված ո՞ր պահանջին է համապատասխանում տրված բառերից յուրաքանչյուրը:

Որակ, ոզնի, երանգ, եղևնի, տերև, ճանապարհ, կաթսա, արոտ:

  • Հատ-հատ արտասանի՛ր տրված խուլ բաղաձայնները. ո՞ր շարքի հնչյունները կանվանես շնչեղ խուլ (պատասխանդ պատճառաբանի՛ր):

Բ շարքը լրացրո՛ւ:

Ա.                    Բ.

 պ                     փ

 կ                       ք

տ

ծ

ճ

  • Տրված հնչյունները բաժանի՛ր երեք շարքի և անվանի՛ր շարքերից յուրաքանչյուրը:

Բ, ծ, գ, փ, ճ, դ, պ, ձ, ջ, կ, ք, տ, թ, ց, չ:

  • Բարձրաձայն արտասանի՛ր տրված հնչյունները (ուշադրությո՛ւն դարձրու լեզվիդ, շրթունքներիդ): Փորձի՛ր բացատրել, թե այս խմբավորումն ինչի՛ հիման վրա է կատարել:

1.  Մ, բ, փ

2. Լ, ր, տ, զ, շ, թ, ձ, ծ, ց, ջ, չ:

3. Գ, կ, ք, խ

  • Հետևյալ հնչյունները տեղադրի՛ր նախորդ վարժության շարքերում:

Ն, վ, ֆ, դ, պ, ճ, ս, ժ, ղ, ո:

 

Ապագայի թեքումով դպրոց

ՄԻԽԱՅԻԼ ՊՈՍՏՆԻԿՈՎ

Մեր օրերում նույնպես կա այն խնդիրը, որի մասին նշում է հեղինակը․ ընդունվել բուհ՝ չմտածելով ձեռք բերած մասնագիտությամբ աշխատելու մասին։ Ինչո՞ւ է այս խնդիրն առկա մեր հասարակության մեջ, ի՞նչ անել դրանից խուսափելու համար: Իմ կարծիքով, այստեղ կրկին մեծ ու անփոխարինելի է ուսուցչի դերը․ լավ ուսուցիչը կարող է սեր արթնացնել իր առարկայի հանդեպ, ճիշտ գնահատել նրա ուժերն ու թույլ կողմերը՝ մասնագիտական կողմնորոշման ճիշտ ուղի հարթելով նրա համար:Դպրոցում դասավանդող ցանկացած մասնագետ պետք է հասկանա, որ գործ ունի խոցելի, փխրուն, ստեղծագործ մտքի տեր անհատների հետ, որոնց ճակատագիրը իրենց է վստահված․․․ Պետք է լինել զգույշ՝ նրանց չվնասելու համար․․․Պետք է լինել անսպառ՝ նրանց չհոգնեցնելու համար,լինել համառ՝ նրանց ուժ ու եռանդ փոխանցելու համար․․․Ի վերջո, ամեն ինչի կենդանի օրինակը հենց ուսուցիչն է։ Այս դեպքում աշակերտը, սիրելով ու հասկանալով առարկայի հետաքրքիր, հեշտ ու դժվար կողմերը, ճիշտ կկողմնորոշվի, ու բուհում սովորելը չի դառնա հոգեբանական լարվածության, սթրեսի պատճառ։ Որպեսզի դպրոցը ծառայի կյանքին,պետք է ավելի ամուր կապ ստեղծվի դպրոցի և, այսպես ասած, կյանքի միջև։Դպրոցը բաց ու ազատ պետք է լինի հասարակության համար։ Կյանքին պատրաստ մարդ կրթելու և դաստիարակելու համար կյանքին ավելի մոտ պետք է գտնվի դպրոցը, դպրոցում տարվող ուսուցումն ու դաստիարակությունը պետք է վերացական թեորիաների վրա հիմնված չլինեն, այլ իրականության հենքի վրա .կյանքը արագ տեմպերով զարգանում է,անհատը պետք է կարողանա իր կրթությամբ բավարարել կյանքի պահանջմունքները: Աշակերտները պետք է հնարավորինս շատ գործնական հմտություններ ձեռք բերեն կյանքի տարբեր բնագավառներում /պրակտիկաների կազմակերպում տարբեր արտադրամասերում, բանկերում, շինարարական, գյուղատնտեսական, ինժեներական բնագավառներում/։ Կենդանի միջավայրը, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ և ամբողջական տեղեկություն կհաղորդի տվյալ բնագավառի մասին։

Գիտելիքների այն չորս հիմնական ուղղությունները,որոնք առանձնացնում է հեղինակը, պետք է միտված լինեն դպրոցի մյուս առարկաների ավելի արդյունավետ ուսուցմանը՝/ բայց ոչ մեկը մյուսով փոխարինելուն/՝ միանշանակ տվյալ գիտակարգի առանձնահատկությունները հաշվի առնվելով։ Տնային աշխատանքը, այո, հաճախ գերծանրաբեռնում է աշակերտին և սովորելու նկատմամբ հակակրանքի պատճառ դառնում ։ Կարելի է այն փոխարինել թեմային վերաբերող սիրողական ինչ- որ աշխատանքով, որը կընտրի հենց աշակերտը։

Ներկայիս հանրակրթական ավագ դպրոցները, ըստ էության չեն ծառայում իրենց նպատակին,որը էլ ավելի է բարդացնում սովորողի վիճակը․ մի կողմից՝ մասնավոր պարապմունքներ՝ բուհ ընդունվելու համար, մյուս կողմից՝ դպրոցի պահանջները ստիպված կատարելու խնդիր։ Մասնավոր պարապմունքներից խուսափելու միջոցներից կարելի է համարել հոդվածում առաջարկվող մի կարևոր դրույթ, որն է՝ բուհը պետք է պատրաստի իր ապագա ուսանողներին նախապատրաստական դասընթացներով․ ովքեր դրանից հետո կհաղթահարեն շեմը, կդառնան ուսանող ՝ արդեն հնարավորին չափ տեղյակ իրենց մասնագիտությունից/ սա, կարծում եմ, կարևոր է, որովհետև հաճախ ուսումնառության կեսից հասկանում են, որ դա իրենցը չէ/։

Ըստ հեղինակի՝ ճշգրիտ գիտությունները դպրոցական ծրագրում այդքան տեղ չպիտի ունենան, և ավելի ճիշտ կլիներ փոխարինել դրանք արվեստի բնագավառներով: Այդ գաղափարի հետ համակարծիք չեմ. չի կարելի այս ոլորտներց մեկը փոխարինել մյուսով, քանի որ երկուսն էլ կարևոր դեր ունեն մարդու համար: Կարծում եմ, որոշակի հակասություն կա հեղինակի արտահայտած մտքերում. մի կողմից խոսում է գրագիտության մասին, մյուս կողմից էլ անկարևոր համարում այն առարկաները, որոնք ուսուցանվում են դպրոցում. այլ բան է, երբ ուսուցիչը ընդհանուր պահանջով է մոտենում բոլոր աշակերտներին, որոնք միասին բժիշկ կամ մաթեմատիկոս չեն դառնալու: Այստեղ նորից կարևորվում է անհատական մոտեցումը,որը կօգնի յուրաքանչյուր աշակերտի՝ հետագայում ճիշտ գտնելու իր տեղը կյանքում:

Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

Հոդվածը առաջին հայացքից ինձ հետաքրքրեց նրանով, որ խոսվում է ուսուցչին իշխանություն տալու և այն հաճախ չարաշահելու մասին։ Այդ իշխանությունը չչարաշահելու առաջին նախապայմանը, իմ կարծիքով, սերն է՝ սովորողի հանդեպ։ Երբ սիրով վերաբերվես քո առջև նստած երեխային, ուսուցման գործընթացը նրա համար/ նաև ուսուցչի համար/ մի տաղտկալի երևույթ չի դառնա, ինչպես հեղինակն է նշում,չի վերածվի ուժերի սպառման պատճառի։ Ինձ համար հատկանշական է նաև հոդվածագրի՝ դոգմատիկ դասագրքերի մասին տեսակետը․ միայն երեխայի հիշողության վրա հիմնվելով՝ չի կարելի կարծիք կազմել նրա կարողությունների, ընդունակությունների մասին․այս դեպքում ստվերում են մնում սովորողի ստեղծագործական, կրեատիվ մտածողությունն ու կարողությունները, որոնք պետք է խթանվեն հենց ուսուցչի կողմից։ Սովորողին պետք է հնարավորություն տալ սեփական տեսակետն ու մոտեցումները անկաշկանդ արտահայտելու, դրանք հիմնավորելու, պաշտպանելու և ի վերջո սխալվելուց չվախենալու համար։ Այս դեպքում ուսուցչին կհաջողվի նաև երեխայի մեջ սեր արթնացնել դեպի ուսումը, և այս ճանապարհով ձեռք բերված գիտելիքը հետագայում կդառնա կյանքի ցանկացած բնագավառում ճիշտ կողմնորոշվելու, իրավիճակից ելք գտնելու կարևորագույն զենք։ Դպրոցում նախ և առաջ պատրաստում են հասարակության լիարժեք անդամ, իրական կյանքում գործող,սեփական աշխարհայացք և ինքնուրույն մտածողությամբ անհատներ, իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս շատ գործնական հմտություններ փոխանցել աշակերտին ՝ զարգացնելով իր սեփականը։ Համամիտ եմ նաև հեղինակի այն տեսակետին, ըստ որի՝ դպրոցում աշակերտը չպետք է բախվի ուրիշ սերնդի սեփականից խիստ տարբեր աշխարհայացքի ու մտածողության հետ, և դրա հետևանքով ուսումնառության գործընթացը նրա համար չդառնա ծառայություն,ժամանակի անհիմն կորուստ։

Ամփոփելով ասելիքս՝ հավելեմ․ ուսուցումը պետք է լինի ստեղծագործական փոխկապակցված գործընթաց, որի ընթացքում առաջին հերթին պետք է շահի աշակերտը իր նոր ձեռքբերումներով, գիտելիքներով ու կարողություններով։ Եվ այս բարդ գործընթացի հիմնական պատասխանատուն ուսուցիչն է, որը կոչված է բարձրագույն առաքելության՝ Մարդ ձևավորելուն։