Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

Հոդվածը առաջին հայացքից ինձ հետաքրքրեց նրանով, որ խոսվում է ուսուցչին իշխանություն տալու և այն հաճախ չարաշահելու մասին։ Այդ իշխանությունը չչարաշահելու առաջին նախապայմանը, իմ կարծիքով, սերն է՝ սովորողի հանդեպ։ Երբ սիրով վերաբերվես քո առջև նստած երեխային, ուսուցման գործընթացը նրա համար/ նաև ուսուցչի համար/ մի տաղտկալի երևույթ չի դառնա, ինչպես հեղինակն է նշում,չի վերածվի ուժերի սպառման պատճառի։ Ինձ համար հատկանշական է նաև հոդվածագրի՝ դոգմատիկ դասագրքերի մասին տեսակետը․ միայն երեխայի հիշողության վրա հիմնվելով՝ չի կարելի կարծիք կազմել նրա կարողությունների, ընդունակությունների մասին․այս դեպքում ստվերում են մնում սովորողի ստեղծագործական, կրեատիվ մտածողությունն ու կարողությունները, որոնք պետք է խթանվեն հենց ուսուցչի կողմից։ Սովորողին պետք է հնարավորություն տալ սեփական տեսակետն ու մոտեցումները անկաշկանդ արտահայտելու, դրանք հիմնավորելու, պաշտպանելու և ի վերջո սխալվելուց չվախենալու համար։ Այս դեպքում ուսուցչին կհաջողվի նաև երեխայի մեջ սեր արթնացնել դեպի ուսումը, և այս ճանապարհով ձեռք բերված գիտելիքը հետագայում կդառնա կյանքի ցանկացած բնագավառում ճիշտ կողմնորոշվելու, իրավիճակից ելք գտնելու կարևորագույն զենք։ Դպրոցում նախ և առաջ պատրաստում են հասարակության լիարժեք անդամ, իրական կյանքում գործող,սեփական աշխարհայացք և ինքնուրույն մտածողությամբ անհատներ, իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս շատ գործնական հմտություններ փոխանցել աշակերտին ՝ զարգացնելով իր սեփականը։ Համամիտ եմ նաև հեղինակի այն տեսակետին, ըստ որի՝ դպրոցում աշակերտը չպետք է բախվի ուրիշ սերնդի սեփականից խիստ տարբեր աշխարհայացքի ու մտածողության հետ, և դրա հետևանքով ուսումնառության գործընթացը նրա համար չդառնա ծառայություն,ժամանակի անհիմն կորուստ։

Ամփոփելով ասելիքս՝ հավելեմ․ ուսուցումը պետք է լինի ստեղծագործական փոխկապակցված գործընթաց, որի ընթացքում առաջին հերթին պետք է շահի աշակերտը իր նոր ձեռքբերումներով, գիտելիքներով ու կարողություններով։ Եվ այս բարդ գործընթացի հիմնական պատասխանատուն ուսուցիչն է, որը կոչված է բարձրագույն առաքելության՝ Մարդ ձևավորելուն։

Оставьте комментарий