,,Մուտք կրթահամալիր,, ճամբարի վերջին օրը

Ճամբարի վերջին օրվա մեկնարկը տարբեր էր նախորդ օրերից։ Առավոտյան ժամը 9֊ին Սուրբ Երրորդություն եկեղեցում էինք՝ պատարագի, որից հետո հոգևոր մեծ էներգիայով շարունակեցինք մասնախմբային աշխատանքը՝ մայրենիի լաբորատորիայի ղեկավար տիկին Մարիետ Սիմոնյանի գլխավորությամբ։ Կրկին ուսուցողական քննարկում ինձ համար։ Հաջորդիվ ներկա գտնվեցինք Մարմարյա սրահում անցկացվող »Գութան» ամենամյա փառատոնին ներկայացվելիք սեբաստացիական ինքնատիպ միջոցառմանը։

Ապա քայլեցինք դեպի Քոլեջ, որտեղ հանդիպեցինք ծրագրի ղեկավար Տաթև Բլեյանի հետ, ով, ըստ մեր նախասիրությունների, աշխատանքի բաժանում կատարեց։ Մեր խմբով Տիկին Շողիկի ուղեկցությամբ շրջեցինք ջերմոց֊լաբորատորիայում՝ հիանալով բազմազան ծաղիկներով ու բույսերով,ծանոթանալով դրանց աճեցման գաղտնիքներին ու նրբություններին։ Իսկ այգում հասցրինք ջրել և քաղհանել ծաղիկների մարգերը։ Վերջում տիկին Շողիկից ստացանք նրա ձեռքով աճեցրած պղպեղի ( ընդ որում մի քանի սորտի) սերմեր՝ սեփական այգիներում աճեցնելու համար։ Ես տպավորված էի այն սրտացավ ու նրբանկատ վերաբերմունքից, որ զգացի այնտեղ յուրաքանչյուրից ու ակամա վարակվեցի դրանով։ Ընդմիջումից հետո Մանկավարժական ակումբի շրջանակներում հանդիպումն էր տիկին Մարիետ Սիմոնյանի հետ։ Քննարկեցինք Միցիո Կակուի «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի» հոդվածը։ Հնչած կարծիքները տարատեսակ էին ու հետաքրքիր, որն ամբողջացավ տիկին Մարիետի համապարփակ մտքերով ու դիտարկումներով։

Օրվա վերջում մեզ սպասվում էր հանդիպում մի մարդու հետ, ով այս օրերին մեր տեսած ահռելի ու հսկայական աշխատանքի հեղինակն է, ստեղծողը՝ կրթահամալիրի հիմանդիր- տնօրեն տիար Բլեյանը։ Բոլորս էլ մեծ հետաքրքրությամբ էինք սպասում այդ հանդիպմանը, որի ընթացքում ստացանք մեզ հուզող ու հետաքրքրող հարցերի հակիրճ և հստակ պատասխանները։ Առաջնորդի և նախաձեռնողի դերը ստանձնելու և դրանից չվախենալու մասին տիար Բլեյանի մտքերը ես միշտ կհիշեմ ՝ որպես կյանքում առաջ գնալու կարևոր նախապայմաններից մեկը։

Ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին այս օրերին մեզ հետ բարեխղճորեն ու սիրով աշխատելու, գիտելիքով ու փորձով կիսվելու, հետաքրքիր և տպավորիչ հանդիպումների համար։

,,Մուտք կրթահամալիր,, ճամբարի երրորդ օրը

Արդեն երրորդ օրն է, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ենք, բայց այնքան շատ ինֆորմացիա ստացանք այս կարճ ժամանակում, որ անհավատալի է. օրվա մեկնարկը Մայր դպրոցում էր՝ Մարմարյա սրահում, որտեղ մասնակցեցինք մանկավարժական ընդհանուր պարապմունքին։ Այսօրվա նախագծային խմբում ընկեր Անուշը ներկայացրեց արհեստական բանականության Չաթ Ջիպիթի ծրագիրը, որն ալգորիթմի հիման վրա մշակված լեզվական մի մոդել է՝ տեքստ ստեղծող ,գեներացնող, մարդկանց հետ հավուր պատշաճի շփվող։
Այս փոքրիկ սեմինարը նպատակ ուներ աշակերտներին հնարավորինս վերահսկել` ծրագրից օգտվելու դեպքերը բացահայտելու և կանխելու համար։
Պարտեզապուրակային աշխատանքը Արևելյան դպրոց-պարտեզում այս անգամ ծաղիկների մարգերը քաղհանելով ու ջրելով անցավ․ փորձեցինք շոգի նկատմամբ զգայուն բույսերին կենդանություն տալ։ Հաջորդ հանդիպումը Լուսինե Փաշայանի հետ էր. ինչպես միշտ, հաճելի ու ուսուցողական քննարկում էր, այս անգամ ՝ ծնող -ուսուցիչ, ուսուցիչ-ուսուցիչ, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների մասին։ Առաջին անգամ հանդիպեցինք Կրթահամալիրի փոխտնօրեն պարոն Գևորգ Հակոբյանի հետ, ով ընդհանուր դրույթներով ներկայացրեց կրթահամալիրը՝ շեշտը դնելով այն մեծ սրտացավության վրա, որ պետք է ցուցաբերի այնտեղ աշխատող, ինչու չէ, նաև սովորող ցանկացած մարդ։
Հաճելի ու սպասված (բոլորս սոված էնք) ընդմիջումից հետո ճամբարային օրն ավարտեցինք Մարգարիտ Սիմոնյանի հետ՝ խոսելով նախագծային աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Ինչպե՞ս պետք է ձևակերպել նախագծային աշխատանքը, ինչպե՞ս ճիշտ պլանավորել կատարման ժամանակացույցը, ինչպե՞ս ընտրել թեմա համապատասխան թիրախային խմբի հետ աշխատելու համար՝ վերջնարդյունքին հասնելու նպատակով։ Այս և ուրիշ հարցերի պատասխանները շատ հստակ ստացանք հարգելի Մարգարիտ Սիմոնյանից, որի համար շնորհակալ ենք։

,,Մուտք կրթահամալիր,, ճամբարի երկրորդ օր

Օրը սկսեցինք Մարմարյա սրահում անցկացվող, ավանդույթ դարձած մանկավարժական ընդհանուր պարապմունքով, այս անգամ ՝ ,,Կայնի կաքավ,, երգի ելևէջների ներքո, որն ամբողջացավ Նարեկացու ,,Մեղեդի ծննդյան,, տաղի ընթերցմամբ։ Նախագծային խմբում տիկին Մարիետ Սիմոնյանի ղեկավարությամբ անցկացվեց քննարկում, հարցուպատասխան, դասավանդողների բլոգների ներկայացում,որի ընթացքում ես փորձում էի ոչ մի բան բաց չթողնել և ամեն ինչ միանգամից սովորել, որը, իհարկե, անհնար էր…

Այցելեցինք Արևմտյան դպրոց-պարտեզ, որտեղ ճամբարականների մի մասն ուղղվեց դեպի ձիավարության ուսումնական ագարակ, իսկ մյուս մասս ղբաղվեցինք միջավայրի մաքրությամբ։ Այնուհետև Մանկավարժական ակումբում տիկին Մարիետ Սիմոնյանի հետ քննարկեցինք ,,Ինչ և ինչու ենք սովորեցնում,, հոդվածը, լսեցինք միմյանց կարծիքներ։

Հաջորդ հանդիպումը Հեղինակայի մանկավարժության ղեկավար Մարգարիտ Սիմոնյանի հետ էր, ով մանրամասն ներկայացրեց՝ ինչ է նախագիծը,ինչ պահանջներ են ներկայացված դրան, ինչպես պետք է կազմել նախագիծ, ինչ տարբերություն կա նախագծի և առաջադրանքի միջև: Վերջում նրա կողմից հանձնարարվեց կարդալ նախագծին ներկայացվող պահանջները / իր բլոգում/ և կազմել նախագծային աշխատանք:

<<Մուտք կրթահամալիր>> ճամբարի առաջին օրվա մասին

Օրը սկսվեց յուրահատուկ ու խորհրդավոր հանդիսավորությամբ. կրթահամալիրի Մարմարյա սրահում ճամբարականներս մասնակցեցինք համընդհանուր աղոթքին, արտասանեցինք Չարենց և Նարեկացի։ Այնուհետև մասնագիտական խմբերի բաժանվելով՝ մասնակցեցի տիկին Մարիետ Սիմոնյանի բանասիրության ակումբին, որտեղ հետաքրքիր և ուսուցողական քննարկում էր մայրենի դասավանդողների միջև։ Մասնակիցները ներկայացրին իրենց բլոգները, ծրագրային թարմացումները՝ առաջիկա ուստարվա վերաբերյալ։

Մասնախմբային հանդիպումից հետո կրկին միացանք ճամբարականներով, և յուրաքանչյուրս, պատմելով մեր առաջին տպավորությունների մասին, քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց֊պարտեզ, որտեղ խմբերի բաժանվելով՝ ձեռնամուխ եղանք շատ հաճելի մի գործի՝ շրջակա բնության խնամքի։ Մեր խումբը ջրեց և քաղհանեց խնամքով ու սիրով փայփայած ծաղիկները. մենք դա նկատեցինք ծաղիկների վառ կանաչից ու փարթամությունից։
Հաջորդ հանդիպումը կրկին տիկին Մարիետ Սիմոնյանի հետ էր Մանկավարժական ակումբի շրջանակներում։ Տեղում ընթերցելով Բորիս Բիմ֊Բադի ,,Ինչ և ինչու ենք սովորեցնում,, մանկավարժական ինքնատիպ հոդվածի հայերեն թարգմանությունը՝ փորձեցինք վերլուծել։ Թե որքանով դա ինձ հաջողվեց, դժվարանում եմ ասել, բայց վաղուց չէի կարդացել նման նյութ, որը կստիպեր ինձ նորովի մտածել սովորեցնելու նպատակների մասին։ Հաջորդ հանդիպումը, ըստ օրակարգի, ընկեր Լուսինե Փաշայանի հետ էր, որը հակիրճ ներկայացրեց կրթահամալիրի կարգերը, որոնց իմացությունը կօգնի դասավանդողին իր աշխատանքային գործունեության ընթացքում խուսափել թերություններից՝ իմանալով իր պարտականություններն ու իրավունքները։Հագեցած ու բազմաբովանդակ օրվա ավարտը հատկանշական էր լուսանկարչական հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելով՝ շնորհիվ Սուսան Ամուջանյանի։