Հայոց լեզվի և գրականության ծրագիր,7-րդ դասարան

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը, ինչքան խորանում ենք լեզվի մեջ, այնքան լավ ենք հասկանում այն կրող ժողովրդի բնավորությունը: Մայրենի լեզվի միջոցով երեխան հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն։

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում այն, որ.

  • լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.
  • լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.
  • լեզուն` որպես հաղորդակցման միջոց, ձևավորում է մարդու հասկացությունների-կատեգորիաների ապարատը, զարգացնում է հիշողությունն ու մտածողությունը, այսինքն՝ լեզուն ապահովում է մարդու մտավոր զարգացումը.
  • լեզվի զարգացման մակարդակը շատ բանով կախված է հասարակության՝ այդ լեզուն կրողների զարգացման մակարդակից, հասարակությունը պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.
  • լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր։

Դպրոցը մայրենիի յուրացման ընթացքն ապահովող կարևոր օղակներից է, որտեղ լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`

  • մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանմանը.
  • սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու,  շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության,  հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.
  • սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը.
  • սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն:

Ուսուցման խնդիրները

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են`

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակումը.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նումն ու զորացումը. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացումը, հանրայնացումը  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացումը.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակումը.
  • hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողությունը, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյունների զարգացումը։

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը`

  • ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողի անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.
  • ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.
  • դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակերը, պուրակները
  • քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.
  • հանրապետության մարզերի գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

Մեդիամիջավայրը`

  • անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).
  • դասարանի, դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.
  • հանդեսներ՝ պատանեկան գործող և որպես ուսումնական նախագիծ ստեղծվող ամսագրեր
  • կրթահամալիրի մեդիագրադարան 
  •  TV և ռադիո
  • Mskh.am, դպրոցի ենթակայքը, այլ ենթակայքեր, մանկավարժական ամսագիր,
  • վիրտուալ պահոցներ և ցանցեր (onedrive, googledrive, YouTube, facebook և այլն).

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

  • տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).
  • թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader  կամ համարժեք այլ).
  • աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).
  • աուդիո- տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).
  • ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի արդյունքների ներկայացման համար` Smart Notebook, MS Power Point, նման այլ.
  • էլեկտրոնային օրագրի, նշումների գրքի տարբերակներ (ինչպես MS Onenote):

Դասավանդողիդասարանի ուսումնական բլոգինդրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի, գրականության ուսուցչի  բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։

Բլոգի բովանդակությունը.

  • իրականացվող ուսումնական ծրագրերը.
  • իրականացվող ուսումնական նախագծերը.
  • ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.
  • անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն, գրականագիտություն, դասագրքեր (վերնագրեր, հղումներ, խորհուրդներ).
  • դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր (օրինակ՝ առանձին թեմաներով ինտերակտիվ դաս, խոսքային ընդհանուր սխալների ուղղում), մեթոդական հոդված, թարգմանություն.
  • ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.
  • ինքնակրթությամբ զբաղվող սովորողների լեզվաբանական, գրականագիտական հարցերի և դրանց պատասխանների բաժին[5].
  • դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝ բացատրական, արմատական, հոմանիշների, հայկազյան, ուղղագրական, թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ լեզուներով բացատրական բառաններ՝ սովորողին ցույց տալու համար, որ երբեմն բացատրական բառարաններում օտար լեզվով բառի բոլոր իմաստները չեն լինում), սովորողների բլոգներում դասընթացի էջերի հղումները և այլ տեղեկություններ։

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սովորողը ստեղծում և վարում է իր ուսումնական բլոգը: Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

  • դասավանդողի բլոգը
  • սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը
  • սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….
  • սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ…)

Ուսուցման կազմակերպումը

Ուսումնական պարապմունքի ծրագիրը ուսուցչի օրագրում տեղադրվում է մինչև պարապմունքը սկսելը: Ծրագրում նշվում են պարապմունքի ուսումնական նյութերը, դասարանում և տանը կատարվող ընդհանուր առաջադրանքները, առանձին սովորողների ուղղված առաջադրանքները:

  • Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։am սոցիալական ցանցը` կայքը` իր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է պրոյեկտորի, էլեկտրոնային գրատախտակի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո- և տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:
  • Խոսքի ուսուցումը-յուրացումը անընդհատ աշխատանք է, չի սահմանափակվում մայրենի լեզվի ընդհանուր կամ ընտրությամբ դասընթացի ուսումնական պարապմունքով: Սովորողի խոսքային աշխատանքը համացանցում (նրա հրապարակած նյութերը, կարծիքները) ուսումնական աշխատանք է: Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցի միջոցով` սովորողի-ուսուցչի էլեկտրոնային հասցե, օրացույց-օրագիր, շտեմարան (onedrive, googledrive և այլ), էլեկտրոնային նամակ, ուսուցչի-սովորողի-դասարանի բլոգ, մեդիագրադարան, կայք, սոցիալական ցանց:
  • Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը բավարարում է հետևյալ պայմաններին.
    — մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
    — համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
    — նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։
  • Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
  • Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
    — կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
    — լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
    — որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
    — մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
    Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ:

Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

  • անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
  • նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական, մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,
  • Վիքիդարանում և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների ներմուծումը,
  • Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում օտարալեզու (ռուսերեն, անգլերեն) հոդվածների թարգմանությունը,
  • հետաքրիր, ուսումնական այլ նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,
  • ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,
  • ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է  այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման, թեորեմի ապացուցման և այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):

Ուսուցման նյութը

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է կրթահամալիրի մեդիագրադարանից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Այդ թվում` գրաբար` գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն), առակներ (խրատներ) Հին Կտակարանից, Նոր Կտակարանից, երաժշտության, ծեսի՝ ծրագրով նախատեսված շարականներ:
Լեզվական նյութը:  Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրման-խմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեվական գիտելիքներ, գործնական քերականական վարժություններ` կրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, լեզվաբանական խնդիրներ:
Տեքստային աշխատանքըԳրավոր և բանավոր շարադրում` տպավորություն, նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց,  օտար լեզուներից թարգմանություն, փոխադրում:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

  • սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.
  • վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը
  • աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,
  • ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.
  • ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Ուսումնական նյութը պետք է.

  • համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ
  • լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.
  • պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակիխնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)
  • անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Գնահատումը
Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար, ուստի սովորողի լեզվական ցանկացած աշխատանքը պիտի գնահատվի, և գնահատականը (խոսքով, թե թվանշանով) պիտի փաստարկված և սովորողին հասկանալի լինի։ Դա պետք է նաև նրա համար, որ սովորողը հետո, ցանկության և հնարավորության դեպքում, կարողանա փոխել գնահատականը։ Հրապարակված շարադրությունները (փոխադրությունները, թարգմանությունները, կարծիքները), տեսա-, աուդիոնյութերը  գնահատվում են խոսքով` արձագանքով, ընդ որում արձագանքում են ընկերները, մայրենիի և այլ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, էլեկտրոնային էջի այցելուներ։
Հետազոտական-ստեղծագործական առաջադրանքների կատարումը գնահատվում է ըստ առաջադրանքի գնահատման կարգի: Այդ աշխատանքի արդյունքները կարող են հրապարակվել նաև էլեկտրոնային ամսագրերում:

Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:  Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։
Սովորողի աշխատանքը գնահատելու համար սովորողը և ուսուցիչը լրացնում են սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.

  • սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով (բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին).
  • ընթերցանության ցուցանիշներ.
  • խոսքային աշխատանքի ցուցանիշներ.
  • ուսումնական նախագծերի մասնակցության ցուցանիշներ:

Ուսումնական աշխատանքների ցուցանիշների գրանցման ամփոփաթերթը ծրագրի հավելվածն է:

Հայոց լեզվի ծրագրի բովանդակային միջուկ

Հայերեն այբուբենը։ Հնչյուն և տառ։ Բառերի դասավորությունն
այբբենական կարգով։ Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ։ Վանկ։ Գաղտնավանկ։ Էվ
(յէվ) հնչյունակապակցության վանկատումը։ Սկ, սպ. ստ. զգ. զբ, շտ
հնչյունակապակցություններով սկսվող բառերի վանկատումը։ է, о ձայնավորների.
ուղղագրությունը և ուղղախոսությունը։ Յէ երկհնչյունի և վօ հնչյունակապակցության
ուղղագրությունը և ուղղախոսությունը։ Կրկնակ բաղաձայններ։ Ր, ռ հնչյունների
գրությունը՝ արմատի կրկնությամբ կազմված բառերում։ Յէվ (էվ)
հնչյունակապակցության գրությունը հատուկ անուններում, նրանցից կազմված
բառերում և վ–ով սկսվող ոչ առաջին արմատ ունեցող բաղադրյալ բառերում։ Մ, ն
հնչյունների գրությունը բ-ից, պ-ից, փ-ից առաջ:
Բառի ձևը և իմաստը։ Բազմիմաստ բառեր։ Ուղղակի և փոխաբերական իմաստներ: Բառերի տեսակներն ըստ իմաստի և
ձևի՝ հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ։ Բառակազմություն. արմատ, ածանց,
հոդակապ։ Պարզ և բաղադրյալ բառեր։ Հարադրություններ։ Դարձվածքներ։
Ձևաբանություն։ Թեքվող և չթեքվող խոսքի մասեր: Հիմք և վերջավորություն:
Գոյական անուն։ Գոյականի թիվ. հոգնակիի կազմությունը: Հավաքական
գոյականներ։ Գոյականի հոլովումը, հոլովական ձևեր։ Որոշյալ և անորոշ առում,
անձի և իրի առումներ։ Որոշյալ հոդերի կիրառությունը:
Ածական անուն։ Ածականի կազմությունը, տեսակները, համեմատության աստիճաններ։ Թվական անուն։
Թվական անուն: Թվականի տեսակները, դրանց գոյականների, բայերի, դերանունների
գործածությունը։ Տարարմատ թվականներ։ Թվականի գրության ձևերը:
Դերանուններ: Դերանունների տեսակները և գործածությունը: Դերանունների
հոլովումը: Երրորդ դեմքի նա և ինքը (նրանք, իրենք) դերանունների գործածությունը:
Հարցական դերանունների գործածությունը երկրորդական նախադասություններում։
Հոդեր։
Բայ: Բայական վերջավորությունները։ Պարզ և ածանցավոր բայեր:
Բայահիմքեր։ Դիմավոր բայեր և դերբայներ։ Ինքնուրույն գործածություն ունեցող
դերբայների վերածումը դիմավոր բայերի և հակառակը։ Եղանակային և
ժամանակային ձևերի իմաստները, գործածությունը։ Բայի սեռը։ Ներգործական
նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակր։ Ժխտական
խոնարհում։
Մակբայ։ Տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի մակբայների
կազմությունը և գործածությունը։
Կապ: Տեսակները, կիրառությունը: Շաղկապ:
Կիրառությունը: Շաղկապներ և հարաբերական դերանուններ: Ձայնարկություններ:
Վերաբերական բառեր:

Տեքստ։ Տեքստի կազմությունը։ Նախադասությունների շարադասություն։
Պարբերություն։ Համառոտ և ընդարձակ տեքստեր։ Շարադրություն: Տպավորություն:
Նկարագրություն և բնութագրում: Լուր: Ռեպորտաժ: Ակնարկ: Հարցազրույց:
Փոխադրում: Տեքստի ընդարձակում։ Տեքստի համառոտում։ Տեքստ և հետևություն
(տեքստի ասելիք): Թարգմանություն:
Գրաբար: Գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին
գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ):
Առակներ (խրատներ) Հին Կտակարանից: Առակներ Նոր Կտակարանից:
Երաժշտության, ծեսի՝ ծրագրով նախատեսված շարականներ: Հայ եկեղեցու ծեսի
մասնակցության ուսումնական նախագծեր։
Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր, կրթահամալիրի
կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք,
ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ,
ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով
մշակվում են, բերվում վերջնական տեսքի: Հաջողված նյութերը թողարկվում են
կայքում և ենթակայքերում:

Գրականություն ծրագրի բովանդակային միջուկ
Ծրագրի հիմքում ընկած է կրթահամալիրի օրացույցը