Ամանորը՝ ստեղծագործական ներշնչանքի աղբյուր. նախագիծ

Նախագծի ժամանակահատվածը՝ դեկտեմբեր

Մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ խթանել սովորողների ստեղծագործական կարողությունները, զարգացնել գրավոր խոսք կառուցելու հմտությունները, ձևավորել սեփական զգացմունքներն ու մտքերը գեղարվեստորեն արտահայտելու կարողություններ, որոնողական, այս կամ այն թեմատիկ ուղղվածությամբ ստեղծագործելու կարողությունների ձևավորում դրանով իսկ ավելի սերտ ու անմիջական դարձնելով շրջապատող աշխարհի հետ կենդանի շփումն ու հաղորդակցումը:

Խնդիրները՝ տիրապետել ճիշտ և գրագետ գրավոր խոսք կառուցելու կանոններին, ծանոթանալ խոսքի պատկերավորման- արտահայտչականության միջոցներին, դրանց անսահման հնարավորություններին՝ որպես գեղեցիկ ու գրավիչ խոսքի տարրեր,խուսափել կետադրական սխալներից: Ամանորյա ավանդույթների պահպանում, տոնի խորհրդի գիտակցում:

Արդյունքները սովորողների բլոգներում:

Ստեղծագործում են՝ 

1.Սուսաննա Գրիգորյանը                                 2.Գեղամ Առաքելյանը                                  3.Նարինե Նիկողոսյանը                                 4.Տաթևիկ Սարգսյանը                                         6.Մանե Օհանջանյանը                                 7.Արմինե Ենգիբարյանը                                    8.Ալեքս Բաբայանը                                      9․Մանե Սարգսյանը                                      10․Վահան Ղուկասյանը                                   11․Արսինե Կարապետյանը                                 12․Արփի Փիրումյանը                                    13․Մհեր Մկրտչյանը                                     14․Մարիա Վաթյանը                                     15․Ալիսա Հովսեփյանը

Շարունակելի…

Դեկտեմբերյան ամանորյա նախագիծ

ժամանակահատվածը՝ դեկտեմբեր

Մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նպատակը

Սովորողների հետ ընթերցելով հայ և արտասահամանյան հեղինակների՝ Ամանորի և սուրբծննդյան թեմայով ստեղծագործություններ՝ նպատակ ենք հետապնդում
ծանոթանալ և իմանալ հին հայերի, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների ամանորյա ծեսերը, խորհուրդները, խորհրդանիշները: Ինչպես ցանկացած ընթերցողական նախագիծ, սա ևս ուղղղված է հարստացնելու սովորողների բառապաշարը, բարձրացնելու արտահայտիչ ընթերցանության ունակությունները, զարգացնելու բանավոր խոսքը:

Խնդիրները

Ծանոթանալ հայկական ամանորյա խորհրդանիշներին, Կաղանդ, Նավասարդ, Ամանոր՝ որպես հին հայկական Նոր տարի, ե՞րբ և ինչպե՞ս են տոնել հին Նոր տարին:Ծանոթանալ ավանդական խոհանոցին, սովորել ամանորյա հայկական մաղթանքներ:

Արդյունքներ

 Նախագծի իրականացման ընթացքում սովորողները ինքնուրույն / նաև իմ առաջարկով/ փնտրում և գտնում են ամանորյա թեմաներով ստեղծագործություններ, դիտում են ֆիլմեր, մուլտեր, հաղորդաշարեր և դրանց մասին ներկայացնում իրենց բլոգներում պատումների, ձայնագրությունների, գրավոր քննարկումների ձևով:

1․Մարիա Վաթյան                                      2․Նարինե Նիկողոսյան                                    3․Արսեն Գրիգորյան                                     4․Աննա Ոսկանյան                                     5․Ալիսա Հովսեփյան                                     6․Արամ Մարտիրոսյան                                    7․Մայքլ Դանիելյան                                     8․Հայկ Հայրիյան                                      9․Գայանե Հարությունյան                                 10.Նարինե Նիկողոսյան

Վանո Սիրադեղյան,Պարտուսի գերին,28․11․23

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։


Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Առաջադրանքներ:
1․Կարդա պատմվածքը և քննարկիր համադասարանցիներիդ հետ։
2.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:
3. Բնութագրիր Հենդոյին:
4. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:
5. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Կարինե Պետրոսյանի էջից

Գիտելիքի փոխանցում,նոյեմբեր

Նոյեմբեր ամսվա ընթացքում մենթորիս հետ աշխատել եմ նոյեմբերյան նախագծերի խմբագրման և ամբողջացման ուղղությամբ։ Ամենօրյա հանդիպումների և քննարկումների ընթացքում ընտրել ենք ընթերցանության և քերականական առաջադրանքների նյութերը։ Ամփոփել ենք «Սեբաստացու օրեր», «Կարդում ենք Մուշեղ Գալշոյան» և «Գոյականի ուսուցում» նախագծերը։ Այժմ աշխատում ենք դեկտեմբերյան և երկրորդ ուսումնական շրջանի նախագծերի մշակման շուրջ։ Ընթերցելով «Դպիր» մանկավարժական հանդեսի հոդվածներից մի քանիսը՝ փորձել եմ մտքերս շարադրել Մարիետ Սիմոնյանի այս հոդվածի շուրջ։ Հոդվածի վերլուծությունն այստեղ։

Առաջադրանքներ գոյականից, նոյեմբերի 27-30

1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծ աղկեփունջ, միջնապատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու  (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:    

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:

 Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:

 -Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:

 Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:

 Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:

 Երկու եղբայր ունի:

 Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:

8.   Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:

      Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:

      Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:

      Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:

      Ընկերներով հավաքվել են մեկի տանը:

      Մի պատրվակով տնից դուրս եկավ:

      Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:

9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

10.  Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`

 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ`  ն:  

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

12. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ: (Հոդ նշանակում է կապ):

13. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

14. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

Գոյականի հոլովումները,24.11.23

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո, մորաքույր, ամառ, մեղու, տղա, մարդ, վարձ, ձու, ընկեր, ուսուցիչ:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդ, թագուհի, պապ, ոսկի, քեռի:
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի, ժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օր, ցերեկ:
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տեր, կին:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն, շարժում, ձյուն, թոնրատուն, ձուկ, շուն, թերություն, կորյուն, արյուն, հանգիստ:

2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր, տիրամայր, խաղընկեր, մորեղբայր, վանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:

3. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ,  մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ,  երեկո,  խաղաղություն:

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման 

«Կարդում ենք Մուշեղ Գալշոյան» նախագծի ամփոփում,23.11.23

Բանավոր և գրավոր քննարկման հարցեր:

  1. Ըստ կարդացածդ ստեղծագործությունների՝ ներկայացրու Մ.Գալշոյան հեղինակին.կարող ես օգտվել նրա կենսագրությունից:
  2. Ասմունքիր Հ.Սահյանի՝ Գալշոյանի հիշատակին նվիրված «Այս մի բուռ քարեղեն հողում» բանաստեղծությունը և ռադիոնյութ պատրաստիր:
  3. Համառոտ ներկայացրու Մ. Գալշոյանից ընթերցած պատմվածքները:
  4. Ի՞նչ ընդհանրություններ տեսար պատմվածքների միջև:
  5. Ինչպիսի՞ն էին Գալշոյանի հերոսները:
  6. Ո՞ր ստեղծագործությունը ամենաշատը հավանեցիր և ինչու՞:
  7. Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր Գալշոյան ընթերցելիս. խորհուրդ կտա՞ս արդյոք քո ընկերներին կամ հասակակիցներին ընթերցել Գալշոյան:
  8. Երեքից չորս նախադասությամբ ներկայացրու հեղինակի պատմվածքների արդիականությունը:
  9. Ի՞նչ տվեց այս նախագիծը քեզ՝ որպես սովորող, որպես մարդ առհասարակ և որպես հայ:

Գոյականի հոլովները.ամփոփում,22․11․23

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է, ը, ն հոդերից բացի ուրիշ վերջավորություն չունի,օրինակ՝ աշխարհ/ը/, բարդի/ն/։
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է՝ ստանալով ի,ու,ան,վա,ոջ,ց վերջավորությունները, ա,ո թեքույթները,օրինակ՝ մարդ-ու, գառ-ան,գիշեր-վա, ընկեր-ոջ,Վարդանեն-ց,տուն-տան,հայր-հոր։
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան,ստանում է այն նույն վերջավորությունները,ինչը սեռական հոլովն է ստանում,բայց այն տարբերությամբ, որ սեռականը գործածվում է անորոշ առումով՝՝առանց որոշիչ ը,ն հոդերի,իսկ տրականը կարող է գործածվել նաև որոշյալ առմամբ՝ ստանալով ,ը,ն հոդերը,օրինակ՝ ընկերոջ-սեռական,ընկերոջը-տրական։
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:Այս հոլովը սեփական ձև չունի․իրանիշ գոյականների դեպքում նման է ուղղականին,անձնանիշի դեպքում՝ տրականին։
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը,ստանում է ից, ուց վերջավորությունները,որոնք ավելանում են կամ ուղղականի վրա, կամ տրականի։
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը,ստանում է ով,բ վերջավորությունները։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը՝ ստանալով ում վերջավորությունը,որը չի կարելի շփոթել -ում վերջածանցի հետ․սրանք տարբեր ձևույթներ են,նման են միայն ձևով։

***

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ- երեխա/ն/,գյուղ/ը/
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞-երեխայի, գյուղի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն-երեխային, գյուղում
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը-երեխային, գյուղը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց-երեխայից, գյուղից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ-երեխայով, գյուղով
Ներգոյական՝  անձ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով չունեն․ինչո՞ւմ/որտե՞ղ- գյուղում

Ավարտին հասցնել Առաջադրանք 1-ը, Առաջադրանք 2

  1. Որոշիրթե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
    Փողից,  ձեռքով, փշին, սրտում, աչքի:
  2. Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
    Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
    Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
    Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
    Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:
  3.  Հոլովիր հետևյալ բառերը,ընդգծիր հոլովակերտները (հոլովական վերջավորությունները) քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն: