Ազգագրական փառատոնի ամփոփում

Ձմեռային Ազգագրական փառատոն 2024-ին իմ մասնակցությունը շատ կարևոր էր ինձ և իմ նախագիծն իրականացրած ճամբարականների համար: Ազգագրական փառատոնի ընթացքում Միջին դպրոցի տարբեր ջոկատների հետ իրականացրինք շատ հետաքրքիր մի նախագիծ՝ «Ծանոթանում ենք Գորիսի բարբառին», որի ընթացքում ճամբարականները նախ ծանոթացան բարբառ եզրույթին, իմացան բարբառների կարևոր դերի ու նշանակության մասին: Փորձեցինք պարզել, թե սովորողներից ովքեր են բարբառակիր, կամ ընտանիքի անդամներից կա՞ն արդյոք բարբառակիրներ: Այսպես նախագծի շուրջ հավաքվեց սովորողների մի մեծ խումբ, որոնց մեջ կային նաև արցախցի երեխաներ: Արցախցի երեխաների համար նախագիծն ավելի հեշտ էր, որի պատճառը Գորիս- Արցախ բարբառների միջև եղած նմանություններն են՝ թե՛ արտաանական, թե՛ հնչյունական, թե՛ բառապաշարային պլաններում: Նախագիծն իրականացրել ենք ,այսպես ասած, երկու փուլով. առաջին փուլում սովորողներին տրվել են համապատասխան տեսական գիտելիքներ բարբառի և գրական հայերենի տարբերությունների, հնչյունական համակարգի առանձնահատկությունների/ Գորիսի բարբառն ունի ավելի շատ ձայնավոր և բաղաձայն հնչյուններ, քան գրական հայերենը /, քերականական ձևերի, շարահյուսական յուրահատուկ կառույցների մասին: Տեսական նյութի յուրացումից հետո անցել ենք գործնական աշխատանքին, որի ընթացքում սովորողներին առաջարկված ընթերցանության նյութերից ընտրել ենք ավելի հետաքրքիր և ուսուցողական տեքստեր՝ հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, դրանք ընթերցել և փոխադրել են գրական հայերեն, կատարել են ընթերցանության ձայնագրություններ՝ նպատակ ունենալով առաջիկայում հավաքագրել լավագույն ընթերցանությունները և ստեղծել աուդիոգրքեր: Սովորողներից ոմանք կազմել են բացատրական բառարաններ իրենց ընթերցած նյութի բառապաշարից: Նախագիծը համակողմանիորեն ամբողջացրեց հայերենի բարբառներին նվիրված թեմայով կլոր սեղան- քննարկումը, որին ակտիվ մասնակցեցին սովորողները՝ ստանալով իրենց հուզող մյուս հարցերի պատասխանները: Ամփոփելով Ազգագրության ստուգատեսին մեր մասնակցությունը այս ուղղվածությամբ՝ կարող եմ ասել, որ մեծամասամբ հասել ենք մեր նպատակին՝ կարողանալով սովորողների մեջ առաջացնել հետաքրքրություն դեպի իրենց անծանոթ մի թեմա՝ Գորիսի բարբառը՝ դրանով նաև շեշտելով ազգային մշակույթի պահպանման գործում բարբառների ունեցած մեծ դերը:

Նախապես ծրագրել էինք նաև եռօրյա հայրենագիտական- ճանաչողական էքսկուրսիա դեպի Գորիս, սակայն այն մնաց անկատար եղանակային վատ պայմանների պատճառով:

Արդյունքները ստորև՝

1. Միքայել Պետրոսյան — 6.9

2. Ալիսա Փիլոյան — 8․2

3. Մայքլ Դանիելյան -7.2

4. Ալիսա Հովսեփյան — 8.8

5. Գայանե Հարությունյան- 7.3

6. Նարե Հովհաննիսյան — 8.1

7. Հարություն Ավագյան — 7.2

8. Անգելինա Եգանյան — 8.8

9. Մարիա Տեր-Ստեփանյան — 6.9

Լրացվող…

Оставьте комментарий