Շարունակում ենք բացահայտել բայ խոսքի մասը

1․Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.

ա) սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, կապալ, փռթկալ, կչկչալ
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի, գրող, սուրա, սիրելիս
գ) ողբաց, հարբած, գրբաց, դարձված, աստված, տարած, խոզարած, հորած, կորած, կասկած

2․Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.

ա) մորթին, մկկան, հուսար, կոմիսար, վարի, վայրի, տեսա, փեսա, դիր, ընտիր
բ) ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, ամուրի, ավերի, ասա, կաթսա
գ) գնաց, քնած, երբեք, անարժեք, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ, ա՛ռ, վառ
դ) կոտեմ, կուտեմ, համեմ, հանեմ, դրժեմ, դժխեմ, խոհեմ, խորհեմ, նսեմ, լսեմ

3․ Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.

ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հրավիրված, կռվելիս, լրագրող
բ) քնեած, հանգած, միգամած, խմած, համատարած, կոտորած
գ) հայահալած, չնայած, տավարած, հատած, գործած, հասարակած
դ) տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված, անկասկած

4․Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.

ա) փոքրացող, այգացող, կարճափող, շոշափող, սևաքող, շաղափող բ) անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
գ) բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող

5․Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.

ա) պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ) ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

6․Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) գտնում եմ, եկել ենք, տալիս ես, պետք է ասեմ, չենք դնում, չեմ խաղալու
բ) չեմ ասի, չարժի, գնա՛, գալիս է, չիմացար, ի սպաս եմ դնում
գ) ունես, չի տալիս, մոտեցրել է, չեմ երդվելու, չեք ասում, չգաս
դ) թույլ տալի՞ս ես, բազում էին, չէ, շունչ առա, չի պատկերացնում, կգամ
ե) չի գնա, չունեմ, չհարելիս, չքվում է, գլուխ մի տար, չեն գալիս

7․ Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) թեքենք, կոտրել ենք, գտա, չեմ մտնի, ի վիճակի չեմ, պիտի գնայի
բ) չի լալիս, կար, մի տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
գ) խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ, ներկա է

8․ Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա) չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ, կարելու եք
բ) համեղացրու, զատվել են, արշավեմ, անհատնում են, ասուլիս է, բեր գ) վեր չեմ կենում, պիտի մնամ, վրա են տալիս, մի գնեք, ասա, չկամ

9․ Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

ա) չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ) հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել

10․Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

ա) հասկացար, ասա, գտա, վերցրու, մտներ, հարցնենք բ) տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի

11․Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.

ա) եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ) հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տուր
գ) կանչեր, դնչեր, կարածի, կատարածի, մնա, ենթամնա

Անկախ դերբայներ

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝ սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։

2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

Բակունցի մասին պատմում են ժամանակակիցները, 09.04-11.04

Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին: 

Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
— Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
Մի օր ասաց.
— Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

Ռուբեն Զարյան  «Հուշապատում»

Առաջադրանքներ։

1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։

2Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։

3․ Կարդա նաև կենսագրությունը։

Եկեք ճիշտ գործածենք բայերը, 08.04.2024թ.

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

    ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

    բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
    գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

    դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
    ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

    2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

      ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
      բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
      գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
      դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

      3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

        ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
        բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
        գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
        դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
        ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

        զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
        է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

        4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

          ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
          բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

          գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
          դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
          ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
          զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
          է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
          ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
          թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
          ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
          ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
          ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

          5. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով հետևյալ բայերն այնպես, որ մի դեպքում արտահայտեն գործողության կատարման հրաման, մի դեպքում՝ պայման, մեկ այլ դեպքում՝ հարկադրանք: Կազմածդ նախադասությությունները համեմատի՛ր իրար հետ: Գալ, լալ, տալ, դառնալ, լինել, դնել, անել, սիրել, կարդալ, թռչել, թրջել, մոտենալ, մոտեցնել,հանգչել, մտնել:

          Օրինակ՝ գալ- Արի՛ մեր քաղաք, որտեղ ամեն ինչ հետաքրքիր է: (հրաման): Կգամ, եթե խոստանաս ինձ լսել:(պայման) Պիտի գա, որովհետև խոստացել է: (հարկադրանք)

          Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»

          Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որ ջրի հոսանքը սահուն լինի,— Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած իրեն են սպասում։

          Առվով ջուրը կապելիս նա ջրի հետ էլ գնում էր, մինչև ջուրը այգուն հասներ։ Արևից չորացած հողը, տեղ-տեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։

          Ջուրը ծառերի տակ կապելուց հետո Լառ-Մարգարը պառկում էր ծառի շվաքի տակ, երկար բահը կողքին, աչքերը կիսախուփ անում, ննջում, մինչև ջուրը հասներ։ Հետո վեր էր կենում, ջուրն ուրիշ առվով անում, էլի ջրի հետ գնում։

          Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությանը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,– առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

          — Լառ-Մարգարը լագլագի պես ջրերից ձեռք չի քաշում,—ասում են գյուղացիք։ Եվ ճիշտ որ, Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլի, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։

          Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։

          Գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում:

          — Լառ–Մարգար, արտս խանձվեց, ջուր հասցրու,—գանգատվում էին երբեմն։

          — Կեցիր դհա, կրակ չեղավ, սրադ ուրբաթ է, — ասում է Լառ-Մարգարը։

          Լառ-Մարգարը տեղացի չէ։ Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։

          Անցյալ գարունքին էր այդ։ Գյուղը նրան ջրվոր է վարձել։

          — Ղարիբ մարդ է, ազգ ու բարեկամ չունի, ջուրը արդար բաժին կանի։

          Երբ աոաջին անգամ առվով ջուր էր կապել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, բահը ուսին անցել առվով, գյուղում մի հանաքչի ասել էր․

          — Տեսեք հա՜, գաղթական բիձեն լառի լագլագ լինի կասես։

          Գյուղը նորեկին ավելի անուն էր դրել՝ Լառ-Մարգար։

          Քչերն էին փորձում ջրվորին խաբել, հերթից դուրս ջուր գողանալ: Վայ թե իմանար Լառ-Մարգարը. կթոնթորար, կկանչեր, բահը գետնով կտար։

          — Ծառդ պտուղ չի տար, յավրիս, գողության մի՛ վարժեցուր։

          Լառ-Մարգարի համոզումն էր այդ։ Եվ երբ բարկանար, այդ խոսքը կասեր, իսկ եթե խոսքին կասկածող էր լինում, ավելացնում էր․

          — Էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ…

          Այդ ասելիս Լառ-Մարգարը հանկարծ խեղճանում էր, ձայնը երերում էր։ Թողնում էր խոսակցին, բահն առնում և առվի հետ գնում, թեկուզ գնալն էլ միտք չունենար։

          Հեռու չէր գնում։ Նստում էր առվի մոտ, նայում ջրի հանդարտ հոսանքին, չոր ծղոտներին, որոնք գալիս էին հեռուներից և ջրի հետ գնում։ Նայում էր առվի եզերքին բուսած կանաչին, և մտքերը նորից հանդարտվում էին։* * *

          Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա,—Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

          Ջրտուքի այդ գիշերներին լուսինը շողք էր գցում առվի մեջ, ջրվորի պողպատ բահի վրա, արծաթ փայլով պսպղում էին սերկևլու տերևները, հովից հասկերը քսվում էին իրար, խշխշում։ Ամայի արտերի միջով անցնում էր Լառ-Մարգարը, ջուր տալիս ծարավ հասկերին։

          Լուսաբացին արտատերը արտը ջրած պիտի տեսնի, պիտի ժպտա և կռանա, մատներով տրորի թաց հողը, տեսնի՝ խո՞րն է ծծել ջուրը, Լառ-Մարգարը ջուրը վարար չի կապել։

          Լուսաբացին հալվում էին աստղերը ձյունի գնդերի պես, շառագունում էր արևելքը, արևի առաջին շողերը խաղում էին ամպերի հետ, ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավրի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

          Արևի առաջին շողերի հետ գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից, արտերից ու այգիներից գիշերվա խոնավությունն էր գոլորշիանում։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը, նայում արևին, որ կեսօրին, երբ արևը թեժանա, նորից խոնարհեն։

          Լառ-Մարգարը գիշերվա ջրտուքից բեզարած պառկում էր բարդիների տակ, ոտն ու ձեռը փռում, լայն ու հանգիստ։ Բարդիների մոտ հերվա չորացած գերաններ կային, փչակով գերաններ։

          Եվ երբ Լառ-Մարգարը պառկում է գերանների մոտ, բարդիների տակ, այնպես է թվում, թե ինքն էլ փչակով մի գերան է, չորացած բարդի։

          Լինում էին օրեր, երբ Լառ-Մարգարը ջուրը տալիս էր հերթի համաձայն, ինքը չէր ջրում։

          — Քեֆսըզ եմ,—կասեր և կպատվիրեր, որ հերթով ջրեն մինչև ինքը գար։

          Առվի ափնիվեր քայլում էր, մինչև մոտակա ձորակը, ուր ծիրանիներ կային։ Պառկում էր ծիրանու տակ, կամ քնում ժայռի շվաքում, կամ էլ մեջքի վրա դառնում, ոտքերը ձգում, հսկա մկրատի պես։ Կարծես մեկը խաչել էր ծիրանու տակ։

          Ծառի ճղների արանքից վեր էր նայում Լառ-Մարգարը երկնի կապույտին։ Մի ճերմակ ամպ, թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ։ Լառ-Մարգարին թվում էր, թե երկինքը մի հսկա տաշտ է, մեջը լի լեղակած ջուր և ամպը՝ լվացքի մոռացված կտոր տաշտի ջրի մեջ։ Լառ-Մարգարը նայում էր ամպի կտորին, ինչքա՜ն հանդարտ էր լողում, ձևը փոխում, մերթ պռունկը ձգում, մերթ ետ քաշում։

          Եթե բարձրանար ամպի վրա, Լառ-Մարգարը հեռու սարերի հետև պահված իրենց գյուղը կտեսներ, կտուրները եղեգով ծածկած, գյուղի մոտ բարդիները, իր ծիրանուտը, տան դռնակը, որի մոտ կարասի կտոր կար, մեջը ջուր՝ հավերի համար։

          Ամեն առավոտ կանուխ Լառ-Մարգարի կինը հավաբնի դռնակը բաց էր անում, հավերը կղկղալով վազում էին նրա հետևից մինչև կարասի կտորը, ուր պառավը հավերին կուտ էր տալիս։

          Մի հավք թռչում էր, օդի ոլորտում պտույտներ անում։ Եվ երբ Լառ-Մարգարը նայում էր ծիրանի ճղների արանքից, նրա ծերացած աչքերին այնպես էր թվում, թե հավքը լազուրի վրա միայնակ սահող ամպի կտորի հետ է խաղում։

          …Կտավատը կապույտ ծաղիկներն էր բացել, ծիրանն արդեն դեղնել էր։ Վար էր անում, արորը փափուկ հողում ամռան ցելի ակոսներ էր ծրում։ Երբ մի անգամ էլ դարձավ, աչքն ընկավ արահետին։ Մասրենու մոտ պառավը կանգնել, ձեռքով էր անում։

          — Գեղը խռովտուք կա, մարդ,—կանչում էր պառավը։

          Եզներն արձակեց, արորը հողի մեջ խրած թողեց։ Վարից բեզարած եզները երեկոյան տան իրերով բարձած սայլ էին քաշում դեպի անծանոթ հեռուները։

          Տեղահանության օրերն էին։

          Սայլը ճռնչում էր օր ու գիշեր, փոշի կար ճանապարհին, շիվար դեմքեր։ Գյուղերը խառնվել էին իրար, ճանապարհին նոր խմբեր էին միանամ քարավանին, նորեկներից հարցնում էին ետ մնացած հարազատների մասին, հարցնում էին գնալիք ճանապարհի մասին։ Եվ ոչ ոք հաստատ ոչինչ չէր ասում, մարդիկ կասկածից ավելի էին շվարում։

          — Մա՛րդ, թոնրին քարը մոռացա վրա դնել,— ասաց պառավը սայլի վրայից։

          Լառ-Մարգարը որդու մասին էր մտածում ամեն անգամ, երբ սայլին նայելիս տեսնում էր կնոջը՝ թոռանը գրկած։

          — Ամուր նստե, նայե, Թորոսիկը չմրսե…

          Թորոսիկը մերթ քնում էր տատի գրկում, մերթ զարթնում, զարմացած հարցնում.

          — Պապե՛, դհա կերթանք… Հո՜ ա՛ս ինչ երկեն գացինք, պապե…

          Եվ երբ պապից պատասխան չէր ստանում, Թորոսիկը խռովկան էր դառնում, շրթունքը կախում, նայում սայլի վրայից գլխիվայր կախած հավերին։

          Սայլը ճռնչաց շաբաթներ, փոշին ճամփի վրա անպակաս էր գիշեր-ցերեկ։ Ուրիշ ջրեր էին, ուրիշ երկրներ։ Մարգարը, ինչքան էլ խմում էր, ծարավը չէր հագենում։

          Երբ շունչ առան մի ամայի ավազուտում, ոչ սայլ կար, ոչ զույգ եզները։ Փոքրիկ կապոցներ էին մնացել, Թորոսիկի երեսն արևն այրել, մաշկահան էր արել։

          Պառավի մազերի վրա ճամփի փոշին նստել էր, մազերը դեղնել, աղտոտ գույն էին ստացել։ Մարգարը տեսավ, որ աղետը կնոջ դեմքին նոր ակոսներ է ծրել։

          …Լառ-Մարգարը երբ «քեֆսըզ եմ» կասեր և ծիրանուտի տակ պառկած՝ ցերեկվա շոգին ծիրանի ճղների արանքով կնայեր երկնքի կապույտին, ամպի սպիտակ քուլային, որ ճերմակ լաթի պես մեկ սուզվում էր, մեկ էլ պռունկները հանում, թռչուններին, որոնք բարձրում պտույտներ էին անում և հազիվ երևում սև կետի չափ,— Լառ-Մարգարը մտաբերում էր հարավի ավազուտները, շարվեշար վրաններ, վրանների վրա գունավոր լաթեր, որ տարագիրները բերել էին հեռավոր գյուղերից։ Ավազուտի մեջ հատ ու կենտ ծառեր կային, որ Մարգարի աչքին մեծ ավելներ էին թվում՝ խրված ավազի մեջ։

          — Քար պիլա չկա, աս ու՞ր բերին մեզ,—գանգատվում էր Մարգարի կինը, որ ամեն իրիկուն իր տան բանալիներին նայելիս ափսոսում էր հավերին, տանը թողած իրերը։

          − Գիտենայի նե, հետս կառնեի,— ասում էր։

          Մի անգամ Մարգարը փորձեց որդու մասին խոսել, բայց պառավը փղձկաց, հեծկլտոցը կոկորդը սեղմեց, գոգնոցի ծայրով աչքերը սրբեց և պինդ, շատ պինդ գրկեց Թորոսիկին։ Մարգարն էլ խոսք չասեց որդու մասին։

          Ձմեռն անցավ, բայց և ոչ ոք չնկատեց գարնան գալը։ Ավազուտների վրա կոշտ, փշոտ բույսեր կանաչեցին, հետո չորացան։ Նրանց հետ էլ անցավ հարավի կարճատև գարունը, ավազուտները նորից լերկացան, կեծացան հրավառ արևի տակ։

          Մարդահավաք արին, վրանների աշխատող ձեռքերը հանեցին նոր շինվող ճամփի վրա բանելու։ Մարգարն էլ գնաց։ Աշխատում էին օրնիբուն, հեռուներից քար էին կրում, հող էին բերում։ Հազարավոր բահ ու բրիչ ամեն օր փորում էին, ճանապարհը սարքում։ Մյուսների հետ Մարգարն էլ էր աշխատում։ Ծանոթներ կային, շինականներ։ Խիճ էին պատրաստում, և երբ արևը պահվում էր շեղջակույտերի հետև, ծառերը երկար ստվերներ էին ձգում, վերադառնում էին վրանները, որ արևածագին նորից գնան։

          Մի իրիկուն էլ պառավն իրեն վատ զգաց, գանգատվեց սրտի ծակոցից։ Մարգարը ելավ վրանի առաջ քար փնտրելու, տաքացնելու, պառավի կրծքին դնելու։ Իրենց գյուղում այդպես էին անում։ Փնտրեց, ձեռնունայն ներս մտավ։

          — Քար պիլա չկա, մա՛րդ, աս ո՞ւր եկանք,—տնքաց պառավը։ Էլ չխոսեց։

          Եթե այդ ժամանակ այգիներից մի մարդ ձայն էր տալիս, թե՝

          — Լառ-Մարգա՛ր, ջուրը բարակեց…

          Լառ-Մարգարը հանկարծ վեր էր թռնում տեղից, բահն առնում և դեպի ջրի բանդը գնում։ Եվ ոչ ոք չգիտեր, որ Լառ-Մարգարը առվի բանդը սարքելիս մտքով ուրիշ տեղ էր, գյուղից հազարավոր վերստեր հարավ։

          Մարգարն էլի խիճ էր ջարդում, պառավն աչքի աոաջին։ Ի՞նչ լավ կլիներ, եթե ճամփի քարերից գիշերով գողանար, պառավի գերեզմանի վրա դներ։ Ավազուտը կբացվեր, շնագայլերը կքրքրեին պառավին։ Քար պիտի գնել, ծանր քար՝ ավազի շեղջակույտի վրա։

          Իր կյանքում Մարգարը երկու անգամ է ծեծ կերել․ մեկ երբ տղա էր, շան պոչից ցախավել էր կապել, մեկ էլ պառավի գերեզմանին քար դնելուց հետո։

          Էլի արևի տակ խիճ էր կոտրում, երբ երկու հոգի մոտեցան իրեն։

          − Այս ծերու՞կը,– հարցրեց մեկը, և երբ մյուսը գլխով նշան արեց,

          Մի անգամ Մարգարը փորձեց որդու մասին խոսել, բայց պառավը փղձկաց, հեծկլտոցը կոկորդը սեղմեց, գոգնոցի ծայրով աչքերը սրբեց և պինդ, շատ պինդ գրկեց Թորոսիկին։ Մարգարն էլ խոսք չասեց որդու մասին։

          Ձմեռն անցավ, բայց և ոչ ոք չնկատեց գարնան գալը։ Ավազուտների վրա կոշտ, փշոտ բույսեր կանաչեցին, հետո չորացան։ Նրանց հետ էլ անցավ հարավի կարճատև գարունը, ավազուտները նորից լերկացան, կեծացան հրավառ արևի տակ։

          Մարդահավաք արին, վրանների աշխատող ձեռքերը հանեցին նոր շինվող ճամփի վրա բանելու։ Մարգարն էլ գնաց։ Աշխատում էին օրնիբուն, հեռուներից քար էին կրում, հող էին բերում։ Հազարավոր բահ ու բրիչ ամեն օր փորում էին, ճանապարհը սարքում։ Մյուսների հետ Մարգարն էլ էր աշխատում։ Ծանոթներ կային, շինականներ։ Խիճ էին պատրաստում, և երբ արևը պահվում էր շեղջակույտերի հետև, ծառերը երկար ստվերներ էին ձգում, վերադառնում էին վրանները, որ արևածագին նորից գնան։

          Մի իրիկուն էլ պառավն իրեն վատ զգաց, գանգատվեց սրտի ծակոցից։ Մարգարը ելավ վրանի առաջ քար փնտրելու, տաքացնելու, պառավի կրծքին դնելու։ Իրենց գյուղում այդպես էին անում։ Փնտրեց, ձեռնունայն ներս մտավ։

          — Քար պիլա չկա, մա՛րդ, աս ո՞ւր եկանք,—տնքաց պառավը։ Էլ չխոսեց։

          Եթե այդ ժամանակ այգիներից մի մարդ ձայն էր տալիս, թե՝

          — Լառ-Մարգա՛ր, ջուրը բարակեց…

          Լառ-Մարգարը հանկարծ վեր էր թռնում տեղից, բահն առնում և դեպի ջրի բանդը գնում։ Եվ ոչ ոք չգիտեր, որ Լառ-Մարգարը առվի բանդը սարքելիս մտքով ուրիշ տեղ էր, գյուղից հազարավոր վերստեր հարավ։

          Մարգարն էլի խիճ էր ջարդում, պառավն աչքի աոաջին։ Ի՞նչ լավ կլիներ, եթե ճամփի քարերից գիշերով գողանար, պառավի գերեզմանի վրա դներ։ Ավազուտը կբացվեր, շնագայլերը կքրքրեին պառավին։ Քար պիտի գնել, ծանր քար՝ ավազի շեղջակույտի վրա։

          Իր կյանքում Մարգարը երկու անգամ է ծեծ կերել․ մեկ երբ տղա էր, շան պոչից ցախավել էր կապել, մեկ էլ պառավի գերեզմանին քար դնելուց հետո։

          Էլի արևի տակ խիճ էր կոտրում, երբ երկու հոգի մոտեցան իրեն։

          − Այս ծերու՞կը,– հարցրեց մեկը, և երբ մյուսը գլխով նշան արեց: Այդ երկրի համար Մարգարը Թորոսիկից և ծիրանի կորիզներից բացի ուրիշ ոչինչ չուներ ընծա տանելու:

          Նավը օրորալով ալիքներն էր ճեղքում իր սուր քթով, ալիքները հեռանում էին մի պահ, հետո մոտենում, զարկում նավին, փշրվում կոհակների։

          Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել, նայեց և իր հին տան բանալիները կամացուկ հանեց գրպանից, տրորեց բռի մեջ, նետեց ծովը։ Փոքրիկ օղակներ ելան նետած տեղից, օղակները լայնացան, հալվեցին, մի մեծ ալիք եկավ, ծածկեց բանալու ընկած տեղը: Բանալիներն արդեն սլվել, ընկել էին անդունդ։

          Լառ-Մարգարը ոչ ոքի չասեց, թե ինչու արցունքներ երևացին աչքերին, երբ առաջին անգամ գնացքի պատուհանից Արարատի ձյունոտ գագաթը տեսավ։ Այդ երկրում պիտի ծլեին ծիրանի կորիզները։

          …Եվ եթե մեկը հերթից դուրս ջուր էր գողանում, զայրանում էր Լառ-Մարգարը, խրատում.

          — Ծառդ պտուղ չի տա, յավրիս…

          Եթե իր խոսքին կասկածող էր լինում, և Լառ-Մարգարն ասում էր, թե՝

          — Էս հասակս քաշեր, նո?ր պիտի սուտ խոսիմ,—իհարկե գյուղում շատ քչերն էին իմանում, թե ինչ դառնությամբ է Լառ-Մարգարը այդ հասակը քաշել։

          Իսկ եթե մեկին մի լավություն էր ուզում անել, Լառ-Մարգարը ժպտալով ասում էր.

          — Կեցիր, ծիրաններս բոյովանան, քեզ մեկ հատ պիտի տամ։ Նայե՛, ենտոր համեղ են։ Աստեղվանքը հիչ չկա իմինիս պես ծիրանի։

          Լառ-Մարգարի փոքրիկ, ջրակալած աչքերում փայլատակում էր մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ գարնան ջրտուքին, առվի բանդը սարքելու համար դպրոցի մոտովն էր անցնում և ցեխապատի ճեղքից նայում, թե ինչպես դպրոցի բակում վազվզում են երեխաները, խաղում, կանչում, և երեխաների հետ խաղում է Թորոսիկը։

          Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ ծիրանու տունկերն են ձգվում արևի տակ… Այդ երկրի համար Մարգարը Թորոսիկից և ծիրանի կորիզներից բացի ուրիշ ոչինչ չուներ ընծա տանելու:

          Նավը օրորալով ալիքներն էր ճեղքում իր սուր քթով, ալիքները հեռանում էին մի պահ, հետո մոտենում, զարկում նավին, փշրվում կոհակների։

          Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել, նայեց և իր հին տան բանալիները կամացուկ հանեց գրպանից, տրորեց բռի մեջ, նետեց ծովը։ Փոքրիկ օղակներ ելան նետած տեղից, օղակները լայնացան, հալվեցին, մի մեծ ալիք եկավ, ծածկեց բանալու ընկած տեղը: Բանալիներն արդեն սլվել, ընկել էին անդունդ։

          Լառ-Մարգարը ոչ ոքի չասեց, թե ինչու արցունքներ երևացին աչքերին, երբ առաջին անգամ գնացքի պատուհանից Արարատի ձյունոտ գագաթը տեսավ։ Այդ երկրում պիտի ծլեին ծիրանի կորիզները։

          …Եվ եթե մեկը հերթից դուրս ջուր էր գողանում, զայրանում էր Լառ-Մարգարը, խրատում.

          — Ծառդ պտուղ չի տա, յավրիս…

          Եթե իր խոսքին կասկածող էր լինում, և Լառ-Մարգարն ասում էր, թե՝

          — Էս հասակս քաշեր, նո?ր պիտի սուտ խոսիմ,—իհարկե գյուղում շատ քչերն էին իմանում, թե ինչ դառնությամբ է Լառ-Մարգարը այդ հասակը քաշել։

          Իսկ եթե մեկին մի լավություն էր ուզում անել, Լառ-Մարգարը ժպտալով ասում էր.

          — Կեցիր, ծիրաններս բոյովանան, քեզ մեկ հատ պիտի տամ։ Նայե՛, ենտոր համեղ են։ Աստեղվանքը հիչ չկա իմինիս պես ծիրանի։

          Լառ-Մարգարի փոքրիկ, ջրակալած աչքերում փայլատակում էր մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ գարնան ջրտուքին, առվի բանդը սարքելու համար դպրոցի մոտովն էր անցնում և ցեխապատի ճեղքից նայում, թե ինչպես դպրոցի բակում վազվզում են երեխաները, խաղում, կանչում, և երեխաների հետ խաղում է Թորոսիկը։

          Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ ծիրանու տունկերն են ձգվում արևի տակ…

          Հարցեր և առաջադրանքներ:

          1. Կարդա պատմվածքը, սովորի՛ր պատմել:
          2. Ո՞վ էր Լառ- Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զբաղվում:
          3. Ինչպիսի՞ մարդ էր Լառ- Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ:
          4. Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞…
          5. Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ- Մարգարի մեջ:
          6. Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ- Մարգարը հոգում պահած:
          7. Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից:
          8. Կա՞ արդյոք Լառ- Մարգարին ուրախացնող ինչ-որ բան…
          9. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
          10. Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:
          11. Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:

          Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04

          Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

          Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

          Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

          – Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

          Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։

          Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

          Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

          – Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

          – Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

          Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

          Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

          Լսեցին, տեսան, բայց ծպտուն չհանեցին։ Վախենում էին Առաքելից. շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի»[2] հետ կապ ունի, գյուղում լրտեսություն է անում, մեծամեծ չինովնիկների աջ ձեռքն է։

          Երբ Առաքելը հեռացավ, մի ծերունի շշուկով ասաց հարևանին.

          – Առաքելը մատնիչ ա, հերն էլ էր էդպես, հորն ա քաշել։

          Երկու տան մեջ թշնամությունը հնուց կար։

          Ձորակում շինվող տունը սուր փշի պես Առաքելի աչքը մտավ։ Իր այգու ցանկապատի արանքից երբեմն նայում էր տան պատերին։ Մանասին, որ գլուխը շոր փաթաթած, վարպետին քար ու կիր էր տալիս։

          Նայում էր Առաքելը ցանկապատի ետևից և ափսոսում, որ դագանակի ծայրը Մանասի ականջատակին չկպավ։ Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր։

          Գնաց իր ծանոթ պրիստավի մոտ, նրա համար յուղ ու մեղր տարավ, պրիստավի տղի համար զատկին ճակատը ներկած գառ տարավ։

          – Մանաս, տապ արա, Առաքելը պրիստավի տունը ջրի ճամփա է շինել։

          Բայց Մանասի ջրաղացն էլի հերվա աղունն էր աղում։

          – Հենց գիտեք, թե պրիստավից էլ մեծ մարդ չկա՞, իրա գեներալի դուռը կգնամ…

          Առաքելը գնաց եկավ։ Օրանջիայի ձորակով գլուխը կախ անցավ, նոթերը կիտած։ Ոխ ուներ սրտում, աչքն էլ ուրիշ բան չէր տեսնում։

          Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորվեց նոր տան մեջ։

          Ասում են, որ հենց այդ օրերին պրիստավն իր մոտ է կանչում գյուղի մի քանի ազդեցիկ մարդկանց և մատը թափ տալով ասում.

          – Հա՜, Առաքելին որ տանուտեր չեք ընտրել այս անգամ, էլ պրծնում չկա ձեզ։

          Շատերն էլ ասում են, թե պրիստավը չի ասել, Առաքելի կողմնակից մարդիկն են այդ լուրը տարածել գյուղում։

          Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։

          Իրիկունը Մանասը դռան երկաթ կապին նայեց ու կնոջն ասաց.

          – Ա՜յ կնիկ, մեզ մի շուն ա պետք, գյուղի ծերին ենք, ճամփի բերան։

          …Ո՞վ էր՝ կանչեց, թե Առաքելը պիտի տանուտեր լինի։ Ժողովին մեկը կանչեց, հետո մի ուրիշ խումբ միացավ, վերջում որոշեցին կողմերի բաժանվել։

          – Առաքելին ուզողը դեպի պատը,– կանչեց մեկը։ Մի խումբ քաշվեց դեպի պատը, հետո մի քանի հոգի միացան, և երբ գյուղի «իշխան» մարդիկ իրար բոթելով շարժվեցին դեպի Առաքելի պատը, ժողովուրդը հետևեց նրանց, աղի վրա գնացող ոչխարի պես։

          Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։

          – Շեն կենա Առաքել քյոխվան,- ձայն տվին այս ու այն կողմից, փափախները գետնով տվողներ էլ եղան։

          Մինչև հիմա էլ գյուղում պատմում են Առաքելի մասին։

          – Յաման քյոխվա էր, ջանի կրակ էր։ Քանի՜ մարդ ա փչացել նրա ձեռքից։ Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամչու[3]։

          Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

          Եվ պատմելիս ծերերից մինն ավելացնում է.

          – Խեղճ Մանասն էլ նրա ձեռքով փչացա՜վ, տունն էլ ավերակ թողեց…

          Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։ Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին.

          – Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է…

          Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։

          Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում։

          – Մանաս, զարթուն կաց, Առաքելը հանկարծ է քեզ նեղը գցելու…

          … Երբ լուր եկավ, թե քաղաքներում գործադուլ կա, հեղափոխության է ընկել, Առաքելն ականջները խլշեց։ Նույն գիշեր Առաքելի ձիու սմբակների տակից կայծեր թռան։ Պրիստավը հուսադրեց նրան.

          – Ձեր գործին կացեք, ժողովուրդ, տարին խառն ա, չլսեմ, չիմանամ, թե լոթի–վաթի մարդիկ են գալիս, գիշերով թաքուն ժողով անում։

          Իր շվաքից խրտնեց, թե իրոք վտանգ կար գյուղում, երբ մի շաբաթ հետո Առաքելը նորից գնաց պրիստավի մոտ։

          – Պրիստավն ապրած կենա, գյուղում էլ են երևում խառնակիչ մարդիկ, մի տասը հատ ղազախ թող հետս գա, գյուղում երևան մի անգամ, ժողովուրդը զարզանդի։

          Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։ Բեղերը ոլորելիս թշերն ուռեցրեց, զուռնա փչողի պես։

          Առաքելը կազակների հետ դեռ գյուղը չհասած, բոլորն էլ գիտեին, որ գալիս են։ Այդ երեկո շատ տներում ճրագ չվառեցին, շատերը մինչև լույս աչք էլ չփակեցին։

          – Էյ, պլստուն կազակ, ինչու՞ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։ Մինաս, կինդ այդ օրը երանի լվացք չաներ և լվացքը չփռեր պատին։ Որովհետև դիմացի ցանկապատի արանքից Առաքելը կազակին մատով ցույց էր տալիս կնոջդ, որ լվացք էր փռում։ Կազակ, մոռացա՞ր միթե, որ Դունյաշայիդ երկրում ձորակներ չկան, ինչպես Օրանջիան, ցանկապատի հետև վերջին անգամ էիր պռոշներդ լիզում։

          Մինչև այժմ էլ գյուղում, երբ պատմում են Օրանջիայի մասին, մի ականատես միշտ ավելացնում է.

          – Սարքովի էր բոլորը, Առաքելը սատանի հունար ուներ…

          – Մթնում էր, դռները կապում էինք, մտնում տները։ Լակում էին ղազախները, ընկնում քուչեքը։ Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն…

          – էն տարին իմ մի երինջս տարան, որ էլ ինչ ասեմ է՜, աչքերս էլ հետը տարան…

          Այդ տարուց շատ բան են պատմում, երբ խոսք է վեր գալիս Օրանջիայի մասին։

          Մանասն այդ օրն անտառ է գնացած լինում։ Հունձը վերջացել էր, կալի ժամանակն էր։

          – Ի՜նչ էլ բերք կար էն տարին… Կտուրների վրա, պատերի տակ դեզեր էին…

          Մթնել էր, մեկ էլ Օրանջիայից մի ծկլթոց եկավ, հավարի ձայն։

          – Հենց էն ա, ականջս ծկլթոցին էր, մեկ էլ մի անգամ կրակեցին։ Կրակոցից ձորերը դընգացին։ Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում։

          Ամբողջ գյուղն էր այդ գիշերը թափվում ձորակը, բայց արդեն ուշ էր։ Խրճիթը, որի կտրին դեզեր կային, պատերի տակ թափված խուրձեր, խրճիթը վառվեց, նավթոտ փալասի պես։ Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը։

          – Է՜, ի՜նչ չարչարանք քաշեց գյուղը, քանի՜ մարդու ծեծեցին, ինչեր չարին… Մանասին տարան, ինչ ասես չարին… վիզ չառավ։ Հենց ասում էր, թե ես անմեղ եմ, ես չեմ ղազախին սպանել։ Ղազախներն էլ վկայել էին, որ Մանասն է սպանել։ Բա, էսպես բաներ…

          Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։ – Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա…

          … Հետո քամին սերմեր բերեց, և Մանասի տան ավերակների վրա ծաղկեց մասրենին։ Ամեն գարնան Օրանջիայում այնքա՜ն վարդեր են լինում, դեղին, սպիտակ։

          Հարցեր և առաջադրանքներ։

          1․Կարդա պատմվածքը և 5-6 նախադասությամբ վերաշարադրիր բովանդակությունը։

          2․ Պատմվածքից դուրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

          3․ Ի՞նչն էր Մանասի և Առաքելի կռվի պատճառը։

          4․ Ինչպիսի՞ մարդ էր Առաքելը։

          5․ Ինչպիսի՞ մարդ էր Մանասը։

          6․ Ինչպիսի՞ միջոցներով Առաքելը գյուղի քյոխվա դարձավ։

          7․ Քո կարծիքով, Առաքելը կապ ունե՞ր Մանասի ընտանիքի կործանման հետ․ ինչպե՞ս։

          8․ Ի՞նչ խորհուրդ կտայիր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրին։