Միցիո Կակուի «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի» հոդվածի շուրջ մտորումներ

Վերջին տասնամյակներում գիտատեխնիկական սրընթաց զարգացումն ու առաջընթացը թույլ է տալիս հավատալու և վստահելու հոդվածագրի՝ ապագայի դպրոցի մասին կանխատեսումներին։ Տեխնոլոգիական զարգացումները մեր օրերում շատ բան փոխեցին՝ սկսած մարդկային փոխհարաբերություններից մինչև մտածելակերպ։ Ժամանակին եթե մեզ ասեին այսօրվա իրականության մասին, մենք չէինք հավատա (և չէինք էլ հավատում), բայց այսօր ունենք կոճակի մի հպումով աշխատող հսկայական ցանցեր։ Մի բառի բացատրություն իմանալու համար պիտի ամբողջ գրադարանում փնտրեինք՝ գտնելու համար մեր ուզած բառարանը, հետո այբբենական կարգով բառահոդվածը պիտի գտնեինք ու … այսպես շարունակ։ Հիմա դա մեզնից մի քանի վայրկյան է խլում, և արդյունքում խնայում ենք մեր ամենաթանկը՝ ժամանակը, որը, սակայն, ոչ թե պիտի լինի ծուլացման ու ընդարմացման պատճառ, այլ ծառայի ինքնակրթության ու ինքնաբացահայտման կարևոր գործին։ Շատ կողմ եմ հոդվածագրի այն կարծիքին, ըստ որի՝ հիշողության վրա հենվելով՝ ծանրաբեռնվում է մարդու ուղեղը՝ տեղ չթողնելով այնտեղ ստեղծականության, կրեատիվ գաղափարների համար։ Իմ կարծիքով, այս դեպքում ավելի կակտիվանան մրցակցային հարաբերությունները․ ով ավելի շատ նոր գաղափարներ ու մտքեր կունենա՝ իրական կյանքի մարտահրավերներին դիմակայող, կյանքի նորանոր պահանջմունքները բավարարող, դրանց համար ամենալավ լուծումներն առաջարկող, նա էլ կլինի մրցակցային դաշտում ամենապահանջվածը ․արդյունքում շատերը կձգտեն լինել իրադարձությունների ու զարգացումների կիզակետում և հետ չընկնել։
Ամփոփելով մտքերս՝ ասեմ հոդվածն ընթերցելու առաջին պահերին վախ ունեցա մարդ արարածի <<անպետքության>> մտքից (որ ամեն ինչ կանեն ռոբոտները), բայց հետո, նյութը մարսելով, հասկացա, որ հենց մարդն է այս ամենի զարգացման մղիչ ուժը, գիտության նվաճողն ու նոր գաղափարների ստեղծողը. թեկուզ կատարողները թող ռոբոտները լինեն, որոնք մեխանիկական անկենդան շարժիչ ուժեր են՝ ունակ մշակված ծրագրով աշխատելու։ Իսկ մարդը…Մարդը զգայական մեծ ուժով է օժտված, որն էլ պիտի օգնի իրեն ռոբոտներից մի քայլ առաջ լինել և կյանքի ղեկը իր ձեռքում պահել…

Оставьте комментарий