Մուշեղ Գալշոյան, «Էս հին ու նոր օրեր․․․», 16.11.23

-Պապի’, նոր տարին շնորհավո’ր:
-Պապի…
Քույրերիս երեխաները տղա, աղջիկ, մեծ, փոքր, լվացված-սանրված, թաց մազերով ներս են խուժում ,շրջապատում հորս:
Հայրս նստած է վառարանի մոտ, թևերը ծնկերին ծալած և իննսուն տարիների հեռվից մշուշոտ հայացքով նայում է պատուհանից դուրս: Մեր պատուհանները բացվում են դեպի հարավ, հայրս այդ մեկը հաստատ գիտի, ավելի ճիշտ գիտեր: Հիմա,այս պահին, ես վստահ չեմ, թե հայրս հիշում է որտեղ է գտնվում ինքը, որ կողմն է նայում և ովքեր են դիպչում ծնկներին, հանգչող իր աջին :
Երեխաները հերթով բռնում են հորս աջը:
-Քո նոր տարին շնորհավոր, պապ, գոռում է Արտաշը:
-Աշո’տ, -ձայն է տալիս հայրս, – դո՞ւ ես :
-Հա,պապ, -առաջ է գալիս Աշոտը,- նոր տարիդ շնորհավոր:
-Աշոտ,դու հոս ի՞նչ կանիս, գառները ո՞վ քշե:
Տարիներ առաջ, երբ կառու_ցում էինք մեր այս տունը, և հայրս պահանջեց,որ բոլոր պատուհանները բացվեն դեպի հարավ, այն ժամանակ նա իր էրգրի մասին դեռ կարգին պատմություններ էր անում տեղը-տեղին, ու նա հիշում էր նաև, որ էրգրում իրենց գառնարածը Աշոտ անունով  մի տղա էր, որ Վարդավառի էն առավոտ գառների հետ բարձրացավ դեպի Սև սար և գառների հետ էլ չվերադարձավ:
-Գառներն ո՞վ է քշե ,Աշոտ, կրկնեց հայրս:
-Պապի, ինչ գառներ, գառ չունենք: Ձմեռ է, պապ, նոր տարի է, -Աշոտը գոռաց հորս  ականջին, -նոր տարի…նոր տարի…
-Հա ,պապա,նոր տարի:
-Հայլեեե, -հայրս տմբտմբացրեց գլուխը և փորձեց ավելի հարմար նստել: -Էս հին ու նոր օրեր, -երգեցիկ, օրհնանքի պես ասաց հայրս,և Աշոտն օղու բաժակը խցկեց հորս բուռը,  -էս մամռոտ օրեր…էս ո՞ր թիվն է: -Հարցրեց հայրս:
-Յոթանասունհինգ, պապ, յոթանասունհինգ:
-Յոթանասունհինգ… Մուշեղ հո՞ս է …Մուշեղ ,աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղա’ղ է, -պատասխանեցի ես, և քույրերիս երեխաները բարձրաձայնեցին
-Խաղա’ղ է ,պապի,խաղա’ղ:
-Խաղաղ ու խաղա՞ղ է…Մեր էրգրի կողմն թվանքի ձեն չի լսվի՞:
-Հայրս առավ աթոռին հենված ձեռնափայտը, փորձեց ոտքի կանգնել և զգաց ,որ մի բան խանգարում է :
-Էս ի՞նչ է, -ցույց տվեց ամուր բռնած բաժակը:
-Բաժակը է ,պապի , մեջը արաղ է: Խմի’ր : Գինի է:
-Գինի : -Հայրս կում-կում խմեց մինչև վերջ, ապա նորից թևերը ծալեց ծնկներին և, հայացքը պատուհանից դուրս, լռեց:
Քիչ հետո հարց տվեց.
-Մուշեղ, Տոնեն էս տարի արաղ շա՞տ ուներ…
Տարիներ առաջ, երբ հայրս իր էրկրի մասին կարգին պատմություններ էր անում տեղը տեղին , առիթով հիշում էր նաև, որ իր փոքր եղբարը՝ Մուշեղը,տեսար, մի քանի ոչխար քշում-իջնում էր Մշո դաշտ, տունե ի տուն և երկու-երեք օր հետո վերադառնում մի տիկ գինի շալակած:
-Մուշեղ, -հետո ասաց հայրս, -գարնան ծովասարի արտերն ի՞նչ ցանենք: Գարի ցանե՞նք, թե՞ գլգիլ:
-ԷԷ, Օվե, -հորս համերկրացի Գրիգորը գլուխը տարավ բերեց, -Աստված քու տունը չավերի, Օվե, դու էդ ո՞ւր ես հասել: -Եվ նա մեկեն ու տաք սկսեց երգել:
-Սասնո կելներ բարակ ծուխ, Հոյ նուբար… պարեք, ճժեր, -երգի հանգվույն կանչեց քեռի Գրիգորը, -Սասնո սարեր քար ու բար, Հայ նուբար…շախով պարեք, իմ խորոտիկ ճժեր: -Խրախուսեց քեռի Գրիգորը: -Նախշուն գոգնոց աղջիկներ, Հոյ Նուբար, կանաչ վարոց Հոտաղներ, Հայ Նուբար, գարնան կելնեն Ծովասար, հայ Նուբար: Հայ Նուբար, Նուբար Նուբար…
-Օվե, -կանչեց հորս համերկրացին, էս ինչքան թոռ ունես…Պարեք, իմ նախշուն, իմ կապույտ ճժեր, պարե’ք: Դաշտով կանցներ ջուխտակ գետ, հայ Նուբար, մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ: Հայ Նուբար, Հայ Նուբար,Նուբար,Նուբար…
Մուշեղ, – չոր ձայն տվեց հայրս, – կխաղա՞ս: Հա՞:
Կխաղա’ս, կռվարար կրկնեց հայրս: -Էսօր ապրել մեռնելու օր է, դու կերգիս ու կխաղաս:
-Ի՞նչ է, Օվե, -գոռաց հորս համերկրացին, -քու ուզածն ի՞նչ է :
-Բա է՞դ խօսք էր, Մուշեղ, կռվարար պատասխանեց հայրս, -երեկ չէ մեր խուփը ջարդավ: Մենք Գալշոյ Մանուկի տղեքն էղնինք ու մեր գութան կանգնի: Հա: Մեր գութան կանգնի: Էս գիշեր բաբոն, թե սարից իջնի, ի՞նչ պատասխան կտաս:
Պապի, հորս ականջի մոտ կանչեց Աբրահամը, -ի՞նչ գութան, ի՞նչ խուփ, Նոր տարի է, նոր տարիի…
-Նոր տարի՞:
-Հա, պապ,Նո’ր, տարի:
-Հայեեե…Հեռու -հեռվից, Ծովասարի փեշի իր արտերից դարձավ ետ եկավ հայրս : -Էս հին ու նոր օրեր..էս մամռոտ օրեր…Մուշեղ հո՞ս է:
-Հա, պապի ,էստող է:
-Մուշեղ, աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղաղ է, հայրիկ:
-Խաղաղ է, պապ, բարձ_րաձայնեցին երեխաները, Խաղաղ է…
-Խաղաղ ու խաղաղ է…Դե Աստծու բարին, ձգուկ փառք տիրոջ:

1․Ի՞նչ առիթով էր հավաքվել Օվե պապի գերդաստանը։

2․Պապը ի՞նչ էր հիշում իր Էրգրից։

3․Ի՞նչն էր ամենաշատը անհանգստացնում պապին։

4․Քո կարծիքով, ինչպիսի՞ վերաբերմունք ունեին պապի նկատմամբ նրա տղաներն ու թոռները։

5․Համեմատիր Մամփրե արքային Օվե պապի հետ․ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն նրանք։

6․Ինչո՞ւ է Մ․Գալշոյանը պատմվածքն այսպես վերնագրել․մեկնաբանի՛ր։

Оставьте комментарий